< ՄԱՐԿՈՍ 1 >

1 Աստուծոյ Որդիին՝ Յիսուս Քրիստոսի աւետարանին սկիզբը:
Յիսուս Քրիստոսի՝ Աստծու Որդու Աւետարանի սկիզբը:
2 Ինչպէս Մարգարէներուն մէջ գրուած է. «Ահա՛ ես կը ղրկեմ իմ պատգամաւորս քու առջեւէդ. ան պիտի պատրաստէ ճամբադ՝ քու առջեւդ»:
Ինչպէս որ գրուած է մարգարէների գրքերում. «Ահաւասիկ ես ուղարկում եմ իմ պատգամաւորին քո առաջից, որ կը պատրաստի քո ճանապարհը քո առաջ»:
3 «Անապատին մէջ գոչողին ձայնը. “Պատրաստեցէ՛ք Տէրոջ ճամբան, շտկեցէ՛ք անոր շաւիղները”»:
Անապատում կանչողի ձայնն է. «Պատրաստեցէ՛ք Տիրոջ ճանապարհը եւ հարթեցէ՛ք նրա շաւիղները»:
4 Յովհաննէս կը մկրտէր անապատին մէջ եւ կը քարոզէր ապաշխարութեան մկրտութիւնը՝ մեղքերու ներումին համար:
Յովհաննէսը մկրտում էր անապատում եւ քարոզում ապաշխարութեան մկրտութիւն՝ մեղքերի թողութեան համար:
5 Ամբողջ Հրէաստանի երկիրը ու բոլոր Երուսաղեմացիները կ՚երթային անոր: Բոլորը կը մկրտուէին անկէ Յորդանան գետին մէջ՝ իրենց մեղքերը խոստովանելով:
Ամբողջ Հրէաստանը եւ բոլոր երուսաղէմացիները գնում էին նրա մօտ եւ մկրտւում նրանից Յորդանան գետում՝ խոստովանելով իրենց մեղքերը:
6 Յովհաննէս հագած էր ուղտի մազէ հագուստ, եւ իր մէջքը կապած էր կաշիէ գօտի. իր կերակուրը մարախ ու վայրի մեղր էր:
Եւ Յովհաննէսը հագել էր ուղտի մազից զգեստ եւ մէջքին՝ կաշուէ գօտի. եւ նրա կերակուրն էր մորեխ եւ վայրի մեղր:
7 Ան կը քարոզէր ու կ՚ըսէր. «Ինձմէ հզօրը կու գայ իմ ետեւէս: Ես արժանի չեմ ծռելու եւ անոր կօշիկներուն կապերը քակելու:
Նա քարոզում էր եւ ասում. «Իմ յետեւից կը գայ ինձնից աւելի հզօրը, որի առաջ արժանի չեմ խոնարհուելու՝ նրա կօշիկների կապերն արձակելու համար:
8 Արդարեւ ես ջուրո՛վ մկրտեցի ձեզ, բայց ան Սուրբ Հոգիո՛վ պիտի մկրտէ ձեզ»:
Ես ձեզ մկրտեցի ջրով, իսկ նա ձեզ կը մկրտի Սուրբ Հոգով»:
9 Այդ օրերը Յիսուս Գալիլեայի Նազարէթէն եկաւ, ու Յովհաննէսէ մկրտուեցաւ Յորդանանի մէջ:
Այն օրերին Յիսուս եկաւ Գալիլիայի Նազարէթ քաղաքից եւ Յովհաննէսից մկրտուեց Յորդանանում:
10 Իսկոյն ջուրէն դուրս ելլելով՝ տեսաւ երկինքը բացուած, եւ Հոգին՝ որ աղաւնիի պէս կ՚իջնէր իր վրայ.
Եւ նոյն ժամին, երբ ջրից դուրս էր գալիս, տեսաւ երկինքը՝ պատռուած, եւ Աստծու Հոգին, որպէս աղաւնի, որ իջնում էր իր վրայ:
11 ու ձայն մը եկաւ երկինքէն՝ որ կ՚ըսէր. «Դո՛ւն ես իմ սիրելի Որդիս՝ որուն հաճեցայ»:
Երկնքից մի ձայն եկաւ, որն ասում էր. «Դո՛ւ ես իմ սիրելի Որդին, որ ունես իմ ամբողջ բարեհաճութիւնը»:
12 Իսկոյն Հոգին անապատը մղեց զայն:
Եւ անմիջապէս Հոգին նրան հանեց տարաւ դէպի անապատ:
13 Քառասուն օր հոն էր՝ անապատին մէջ՝ Սատանայէն փորձուած. գազաններու հետ էր, եւ հրեշտակները կը սպասարկէին իրեն:
Եւ նա այնտեղ էր քառասուն օր՝ փորձուելով սատանայից: Եւ նա գազանների հետ էր, իսկ հրեշտակները ծառայում էին նրան:
14 Յովհաննէսի մատնուելէն ետք Յիսուս՝ Գալիլեա գալով՝ Աստուծոյ արքայութեան աւետարանը կը քարոզէր
Յովհաննէսի բանտարկուելուց յետոյ Յիսուս Գալիլիա եկաւ. քարոզում էր Աստծու Աւետարանը եւ ասում.
15 ու կ՚ըսէր. «Ժամանակը լրացած է, եւ Աստուծոյ թագաւորութիւնը մօտեցած է. ապաշխարեցէ՛ք, ու հաւատացէ՛ք աւետարանին»:
«Ժամանակը հասել է, եւ մօտեցել է Աստծու արքայութիւնը. ապաշխարեցէ՛ք եւ հաւատացէ՛ք Աւետարանին»:
16 Երբ Գալիլեայի ծովուն եզերքը կը քալէր, տեսաւ Սիմոնը եւ Սիմոնի եղբայրը՝ Անդրէասը, ծովը ուռկան նետած, որովհետեւ ձկնորս էին:
Երբ նա անցնում էր Գալիլիայի ծովեզրով, տեսաւ Սիմոնին եւ նրա եղբայր Անդրէասին, որոնք ուռկանները ծովն էին գցել, որովհետեւ ձկնորսներ էին:
17 Յիսուս ըսաւ անոնց. «Եկէ՛ք իմ ետեւէս, ու մարդո՛ց որսորդ պիտի ընեմ ձեզ»:
Եւ Յիսուս նրանց ասաց. «Իմ յետեւի՛ց եկէք, եւ ես ձեզ կը դարձնեմ մարդկանց որսորդներ»:
18 Անոնք ալ իսկոյն թողուցին իրենց ուռկանները եւ հետեւեցան անոր:
Եւ իսկոյն ուռկանները թողնելով՝ գնացին նրա հետ:
19 Անկէ քիչ մը յառաջ երթալով՝ տեսաւ Զեբեդեան Յակոբոսն ու անոր եղբայրը՝ Յովհաննէսը, որոնք նաւուն մէջ կը կարկտնէին իրենց ուռկանները:
Այստեղից մի քիչ առաջ գնալով՝ տեսաւ Զեբեդէոսի որդի Յակոբոսին եւ նրա եղբայր Յովհաննէսին. սրանց էլ տեսաւ իրենց նաւակի մէջ, մինչ ուռկաններն էին կարգի բերում:
20 Իսկոյն կանչեց զանոնք. անոնք ալ գացին անոր ետեւէն, նաւուն մէջ ձգելով իրենց հայրը՝ Զեբեդէոսը վարձկաններուն հետ:
Եւ կանչեց նրանց. եւ նրանք իսկոյն նաւակի մէջ թողնելով իրենց հօրը՝ Զեբեդէոսին, վարձկան ձկնորսների հետ միասին, գնացին նրա յետեւից:
21 Մտան Կափառնայում, եւ իսկոյն Շաբաթ օրը ժողովարանը մտնելով՝ կը սորվեցնէր:
Եւ մտան Կափառնայում: Եւ Յիսուս նոյն շաբաթ օրն իսկ ժողովարան մտնելով՝ ուսուցանում էր նրանց:
22 Անոնք կ՚ապշէին անոր ուսուցումին վրայ, որովհետեւ անոնց կը սորվեցնէր իշխանութիւն ունեցողի մը պէս, ո՛չ թէ դպիրներուն պէս:
Եւ նրանք զարմանում էին նրա քարոզութեան վրայ, որովհետեւ նրանց ուսուցանում էր իշխանութեամբ եւ ոչ՝ ինչպէս օրէնսգէտները:
23 Անոնց ժողովարանին մէջ մարդ մը կար՝ անմաքուր ոգիով: Ան աղաղակեց.
Արդ, նրանց ժողովարանում մի մարդ կար՝ պիղծ ոգուց բռնուած, որն աղաղակեց եւ ասաց.
24 «Թո՛ղ մեզ. դուն ի՞նչ ունիս մեզի հետ, Յիսո՛ւս Նազովրեցի. միթէ մեզ կորսնցնելո՞ւ եկար: Գիտեմ թէ ո՛վ ես՝ Աստուծոյ Սուրբը»:
«Թո՛յլ տուր, ի՞նչ ես ուզում մեզնից, Յիսո՛ւս Նազովրեցի. մեզ կորստեան մատնելո՞ւ եկար. գիտենք քեզ, թէ ով ես դու, Աստծու Սուրբն ես»:
25 Յիսուս զայն սաստեց՝ ըսելով. «Պապանձէ՛ ու ելի՛ր ատկէ»:
Յիսուս սաստեց նրան ու ասաց. «Ձայնդ կտրի՛ր եւ դո՛ւրս ել դրանից»:
26 Անմաքուր ոգին սաստիկ ցնցեց զայն, բարձրաձայն աղաղակեց եւ ելաւ անկէ:
Եւ պիղծ ոգին սաստիկ ցնցեց դիւահարին եւ բարձրաձայն աղաղակելով՝ դուրս ելաւ նրանից:
27 Բոլորը այլայլեցան, ա՛յնքան՝ որ կը հարցնէին իրարու. «Այս ի՞նչ է. ի՞նչ նոր ուսուցում է ասիկա, որովհետեւ անմաքուր ոգիներո՛ւն ալ կը հրամայէ իշխանութեամբ, ու կը հնազանդին իրեն»:
Եւ ամէնքը զարմացան, այնպէս որ հարցնում էին իրար եւ ասում. «Այս ի՞նչ նոր վարդապետութիւն է, որ իշխանութեամբ պիղծ ոգիներին էլ է սաստում, եւ նրանք հնազանդւում են նրան»:
28 Եւ իսկոյն իր համբաւը տարածուեցաւ Գալիլեայի ամբողջ շրջակայքը:
Եւ նրա համբաւը տարածուեց Գալիլիայի բոլոր կողմերում:
29 Իսկոյն ժողովարանէն ելլելով՝ Յակոբոսի ու Յովհաննէսի հետ մտաւ Սիմոնի եւ Անդրէասի տունը:
Եւ ժողովարանից դուրս ելնելով, անմիջապէս եկաւ Սիմոնի եւ Անդրէասի տունը՝ Յակոբոսի եւ Յովհաննէսի հետ:
30 Սիմոնի զոքանչը պառկած էր՝ տենդով հիւանդացած. իսկոյն անոր մասին ըսին իրեն:
Սիմոնի զոքանչը տաքութեան մէջ պառկած էր. իսկոյն ասացին նրա մասին Յիսուսին:
31 Յիսուս մօտեցաւ, բռնեց անոր ձեռքէն ու ոտքի հանեց զայն. իսկոյն տենդը թողուց զայն, եւ կը սպասարկէր անոնց:
Եւ նա մօտենալով՝ նրա ձեռքը բռնեց եւ նրան ոտքի կանգնեցրեց. եւ տենդը նրան թողեց. եւ նա ծառայում էր նրանց:
32 Երբ իրիկուն եղաւ, արեւին մայր մտած ատենը՝ բոլոր ախտաւորներն ու դիւահարները իրեն կը բերէին:
Երբ երեկոյ եղաւ, արեւի մայր մտնելու ժամանակ, նրա մօտ էին բերում բոլոր հիւանդներին եւ դիւահարներին:
33 Ամբողջ քաղաքը դուռը հաւաքուած էր:
Եւ ամբողջ քաղաքը հաւաքուել էր դռների առաջ:
34 Շատ հիւանդներ՝ զանազան ախտերէ բուժեց, եւ շատ դեւեր դուրս հանեց: Դեւերուն թոյլ չէր տար որ խօսին, որովհետեւ կը ճանչնային զինք:
Եւ նա տեսակ-տեսակ հիւանդութիւններից բազում հիւանդներ բժշկեց եւ բազում դեւեր հանեց. եւ թոյլ չէր տալիս դեւերին խօսել, որովհետեւ գիտէին նրան, որ Քրիստոսն է:
35 Առտուն՝ արշալոյսէն շատ առաջ՝ կանգնեցաւ, դուրս ելաւ, գնաց ամայի տեղ մը, ու հոն աղօթեց:
Եւ առաւօտեան մօտ, լոյսը բացուելուց առաջ, վեր կացաւ եւ ելաւ գնաց ամայի մի տեղ ու այնտեղ աղօթում էր:
36 Սիմոն եւ իրեն հետ եղողները հետապնդեցին զայն:
Նրա յետեւից նրան փնտռելու գնաց Սիմոնը եւ նրանք, որ նրա հետ էին:
37 Երբ գտան զայն՝ ըսին անոր. «Բոլորը կը փնտռեն քեզ»:
Եւ երբ գտան նրան, ասացին. «Ամէնքը փնտռում են քեզ»:
38 Ըսաւ անոնց. «Եկէ՛ք երթանք մերձակայ գիւղաքաղաքները, որպէսզի հոն ալ քարոզեմ, որովհետեւ եկած եմ ա՛յս նպատակով»:
Եւ նրանց ասաց. «Եկէ՛ք գնանք այլ մօտակայ գիւղաքաղաքներ եւս, որպէսզի այնտեղ էլ քարոզեմ, որովհետեւ հէնց դրա համար եմ եկել»:
39 Եւ անոնց ժողովարաններուն մէջ կը քարոզէր՝ ամբողջ Գալիլեայի մէջ, ու դեւեր կը հանէր:
Եւ ամբողջ Գալիլիայում նրանց ժողովարաններում քարոզում եւ դեւեր էր հանում:
40 Բորոտ մըն ալ եկաւ. կ՚աղաչէր, կը ծնրադրէր ու կ՚ըսէր անոր. «Եթէ ուզես՝ կրնա՛ս զիս մաքրել»:
Նրա մօտ եկաւ մի բորոտ. նա ծնկի եկած աղաչում էր եւ ասում. «Տէ՛ր, եթէ կամենաս, կարո՛ղ ես ինձ մաքրել»:
41 Յիսուս գթալով՝ երկարեց ձեռքը, դպաւ անոր եւ ըսաւ. «Կ՚ուզե՛մ, մաքրուէ՛»:
Իսկ Յիսուս գթալով՝ ձեռքը երկարեց, դիպաւ նրան եւ ասաց. «Կամենում եմ, մաքրուի՛ր»:
42 Երբ ասիկա ըսաւ անոր, իսկոյն բորոտութիւնը գնաց անկէ, ու մաքրուեցաւ:
Եւ երբ նրան այս ասաց, բորոտութիւնը նրանից իսկոյն գնաց, եւ նա մաքրուեց:
43 Իսկ ինք ազդարարեց անոր եւ իսկոյն ուղարկեց՝ ըսելով անոր.
Եւ Յիսուս իսկոյն դուրս հանեց նրան եւ խստիւ պատուիրեց.
44 «Զգուշացի՛ր որ ո՛չ մէկուն բան մը ըսես. հապա գնա՛, ցո՛յց տուր քեզ քահանային, ու մատուցանէ՛ քու մաքրուելուդ ընծան՝ որ Մովսէս պատուիրեց, իբր վկայութիւն անոնց»:
«Զգո՛յշ եղիր, ոչ ոքի բան չասես, այլ գնա՛, քեզ քահանային ցո՛յց տուր եւ մաքրուելուդ համար ընծայ տուր այն, ինչ հրամայել էր Մովսէսը՝ նրանց համար իբրեւ վկայութիւն»:
45 Բայց ան դուրս ելլելով՝ սկսաւ շատ հրապարակել եւ բանը տարածել, այնպէս որ ա՛լ ինք չէր կրնար բացայայտօրէն քաղաք մը մտնել, հապա դուրսը՝ ամայի տեղեր էր. սակայն ամէն կողմէ կու գային իրեն:
Բայց նա դուրս գնալով՝ սկսեց եռանդուն կերպով քարոզել եւ լուրը տարածել այն աստիճան, որ Յիսուս չէր կարողանում այլեւս յայտնապէս քաղաք մտնել, այլ դուրսը, ամայի տեղերում էր մնում. եւ բոլոր կողմերից ժողովուրդը նրա մօտ էր գալիս:

< ՄԱՐԿՈՍ 1 >