< ՂՈԻԿԱՍ 9 >

1 Իր տասներկու աշակերտները հաւաքելով՝ զօրութիւն ու իշխանութիւն տուաւ անոնց բոլոր դեւերուն վրայ, եւ ախտերը բժշկելու:
Եւ նա կանչելով տասներկու առաքեալներին՝ նրանց զօրութիւն եւ իշխանութիւն տուեց բոլոր դեւերի վրայ, նաեւ՝ բժշկելու հիւանդութիւնները:
2 Ու ղրկեց զանոնք՝ որ քարոզեն Աստուծոյ թագաւորութիւնը եւ բժշկեն հիւանդները:
Եւ ուղարկեց նրանց քարոզելու Աստուծոյ արքայութիւնը եւ բժշկելու ախտերով վարակուածներին:
3 Ըսաւ անոնց. «Ճամբորդութեան համար ոչի՛նչ առէք, ո՛չ գաւազան եւ ո՛չ պարկ, ո՛չ հաց եւ ո՛չ դրամ. ո՛չ ալ կրկին բաճկոն ունեցէք՝՝:
Եւ ասաց նրանց. «Ճանապարհի համար ոչինչ մի՛ վերցրէք. ո՛չ գաւազան եւ ո՛չ մախաղ, ո՛չ հաց եւ ո՛չ արծաթ դրամ. երկու հագուստ մի՛ ունեցէք.
4 Որո՛ւ տուն որ մտնէք՝ հո՛ն մնացէք, ապա անկէ մեկնեցէք:
որ տունն էլ մտնէք, այնտե՛ղ գիշերեցէք եւ ապա այնտեղից գնացէ՛ք:
5 Իսկ անոնք որ չեն ընդունիր ձեզ, երբ դուրս ելլէք այդ քաղաքէն՝ թօթուեցէ՛ք ձեր ոտքերուն փոշին անգամ, իբր վկայութիւն անոնց դէմ»:
Եւ նրանք, որ ձեզ չեն ընդունի, որպէս վկայութիւն նրանց դէմ՝ ձեր ոտքերի փոշին թօթափեցէ՛ք, երբ այդ քաղաքից դուրս ելնէք»:
6 Անոնք ալ մեկնեցան եւ գիւղէ գիւղ կը շրջէին, ամէնուրեք աւետարանելով ու բուժելով:
Եւ նրանք ելան եւ շրջում էին քաղաքներում ու գիւղերում, աւետարանում էին եւ բժշկում ամէն տեղ:
7 Հերովդէս չորրորդապետը՝ անոր բոլոր կատարածներուն մասին լսելով՝ տարակոյսի մէջ էր, որովհետեւ ոմանք ըսած էին.
Հերովդէս չորրորդապետը լսեց այս բոլոր գործերը եւ զարմանում էր ոմանց ասածի վրայ,
8 «Յովհաննէս մեռելներէն յարութիւն առաւ», եւ ոմանք. «Եղիա յայտնուեցաւ», իսկ ուրիշներ ալ. «Նախկին մարգարէներէն մէկը յարութիւն առաւ»:
թէ՝ Յովհաննէսը մեռելներից յարութիւն է առել, իսկ ոմանց ասածի վրայ, թէ՝ Եղիան յայտնուեց, եւ ուրիշների՝ թէ՝ նախկին մարգարէներից մէկը յարութիւն է առել:
9 Հերովդէս ըսաւ. «Յովհաննէսը ե՛ս գլխատեցի, իսկ ո՞վ պիտի ըլլայ ասիկա՝ որուն մասին այսպիսի բաներ կը լսեմ»: Ու կը ջանար տեսնել զայն:
Հերովդէսն ասաց. «Յովհաննէսին ես գլխատեցի, իսկ սա ո՞վ է, որի մասին այսպիսի բաներ եմ լսում»: Եւ ուզում էր նրան տեսնել:
10 Առաքեալները վերադարձան, ու պատմեցին անոր՝ ինչ որ ըրին. եւ առնելով զանոնք՝ մէկդի քաշուեցաւ ամայի տեղ մը, քաղաքի մը քով՝ որուն անունը Բեթսայիդա էր:
Առաքեալները վերադարձան եւ Յիսուսին պատմեցին այն ամէնը, ինչ որ արեցին. եւ նա նրանց հետն առնելով՝ քաշուեց առանձնացաւ ամայի մի տեղ, մօտակայքը մի քաղաքի, որ Բեթսայիդա էր կոչւում:
11 Երբ բազմութիւնները գիտցան՝ անոր հետեւեցան: Ինք ալ զանոնք ընդունելով՝ կը խօսէր անոնց Աստուծոյ թագաւորութեան մասին, եւ կը բժշկէր անո՛նք՝ որ բուժումի պէտք ունէին:
Եւ երբ ժողովուրդը իմացաւ, գնաց նրա յետեւից. եւ նա ընդունելով նրանց՝ խօսում էր նրանց հետ Աստծու արքայութեան մասին. եւ որոնք որ բժշկուելու կարիք ունէին, բժշկում էր նրանց:
12 Երբ օրը սկսաւ մթննալ՝ տասներկուքը մօտեցան եւ ըսին անոր. «Արձակէ՛ բազմութիւնը, որպէսզի երթան շրջակայ գիւղերն ու արտերը, իջեւանին եւ ուտելիք գտնեն, որովհետեւ հոս ամայի տեղ մըն ենք»:
Եւ օրն սկսեց տարաժամել: Տասներկուսը մօտեցան եւ նրան ասացին. «Արձակի՛ր այս ժողովրդին, որպէսզի գնան շրջակայ գիւղերը եւ ագարակները, հանգստանան եւ կերակուր գտնեն, որովհետեւ այստեղ ամայի վայրում ենք»:
13 Ըսաւ անոնց. «Դո՛ւք անոնց կերակուր տուէք»: Անոնք ալ ըսին. «Մենք հինգ նկանակէն ու երկու ձուկէն աւելի բան չունինք, եթէ չերթանք այդ ամբողջ ժողովուրդին համար կերակուր չգնենք»:
Նա ասաց նրանց. «Դո՛ւք տուէք նրանց ուտելու բան»: Եւ նրանք ասացին. «Մենք հինգ նկանակից եւ երկու ձկից աւելին չունենք, եթէ չգնանք եւ այս ժողովրդի համար բաւարար ուտելիք չգնենք».
14 (Արդարեւ հինգ հազարի չափ այր մարդիկ կային: ) Ըսաւ իր աշակերտներուն. «Նստեցուցէ՛ք ատոնք՝ յիսունական շարքերով»:
որովհետեւ շուրջ հինգ հազար մարդ կար: Նա աշակերտներին ասաց. «Նստեցրէ՛ք դրանց խումբ-խումբ, յիսուն-յիսուն»:
15 Այդպէս ըրին, ու բոլորն ալ նստեցուցին:
Եւ այդպէս արեցին ու ամենքին նստեցրին:
16 Ինք ալ առաւ այդ հինգ նկանակներն ու երկու ձուկերը, դէպի երկինք նայելով՝ օրհնեց զանոնք, կտրեց ու տուաւ աշակերտներուն, որպէսզի հրամցնեն բազմութեան:
Եւ նա վերցնելով հինգ նկանակը եւ երկու ձուկը՝ նայեց դէպի երկինք, օրհնեց, կտրեց եւ աշակերտներին տուեց, որպէսզի ժողովրդի առաջ դնեն:
17 Կերան, բոլորն ալ կշտացան, եւ վերցնելով աւելցած բեկորները՝ տասներկու կողով լեցուցին:
Ամէնքը կերան եւ յագեցան. իսկ կտորտանքները վերցրին՝ տասներկու սակառ լիքը:
18 Երբ ինք առանձին կ՚աղօթէր, աշակերտները իրեն հետ էին, եւ հարցուց անոնց. «Բազմութիւնները ինծի համար ի՞նչ կ՚ըսեն, ո՞վ եմ»:
Եւ երբ նա առանձին աղօթքի էր կանգնել, նրա հետ էին նաեւ իր աշակերտները: Նրանց հարցրեց եւ ասաց. «Ժողովուրդը իմ մասին ի՞նչ է ասում. ո՞վ եմ»:
19 Անոնք ալ պատասխանեցին. «Ոմանք՝ Յովհաննէս Մկրտիչը, ուրիշներ՝ Եղիան, ուրիշներ ալ՝ նախկին մարգարէներէն մէկը, որ յարութիւն առած է»:
Եւ նրանք պատասխանեցին եւ ասացին. «Յովհաննէս Մկրտիչը. եւ ոմանք, թէ՝ Եղիան, իսկ ուրիշներ, թէ՝ նախնիներից մի մարգարէ յարութիւն է առել»:
20 Ինք ըսաւ անոնց. «Իսկ դո՛ւք ի՞նչ կ՚ըսէք, ո՞վ եմ»: Պետրոս պատասխանեց. «Աստուծոյ Քրիստո՛սը»:
Ասաց նրանց. «Դո՛ւք իմ մասին ի՞նչ էք ասում. ո՞վ եմ»: Պետրոսը պատասխանեց եւ ասաց. «Աստծու Քրիստոսը»:
21 Յիսուս ազդարարեց անոնց, ու պատուիրեց որ ո՛չ մէկուն ըսեն այս բանը:
Նա սաստեց նրանց եւ պատուիրեց ոչ ոքի չասել այդ:
22 Եւ ըսաւ. «Պէտք է որ մարդու Որդին շատ չարչարանքներ կրէ, մերժուի երէցներէն, քահանայապետներէն եւ դպիրներէն, սպաննուի ու յարութիւն առնէ երրորդ օրը»:
Ապա ասաց. «Մարդու Որդին պէտք է շատ չարչարուի եւ անարգուի քահանայապետներից եւ ծերերից ու օրէնսգէտներից. եւ սպանուի ու երրորդ օրը յարութիւն առնի»:
23 Եւ կ՚ըսէր բոլորին. «Եթէ մէկը ուզէ գալ իմ ետեւէս՝ թող ուրանայ ինքզինք, ամէն օր վերցնէ իր խաչը ու հետեւի ինծի.
Եւ ամենքին ասում էր. «Եթէ մէկը կամենում է իմ յետեւից գալ, թող ուրանայ իր անձը եւ իր խաչը մշտապէս վերցնի եւ գայ իմ յետեւից.
24 որովհետեւ ո՛վ որ ուզէ փրկել իր անձը՝ պիտի կորսնցնէ զայն, իսկ ո՛վ որ կորսնցնէ իր անձը՝ ինծի համար, պիտի փրկէ զայն:
որովհետեւ, ով որ կամենայ իր անձը փրկել, այն պիտի կորցնի, իսկ ով որ իր անձը ինձ համար կորցնի, այն պիտի փրկի:
25 Քանի որ մարդ ի՞նչ օգուտ կ՚ունենայ, եթէ շահի ամբողջ աշխարհը բայց կորսնցնէ ինքզինք, կամ տուժէ:
Ի՞նչ օգուտ է մարդուն, եթէ աշխարհը շահի, բայց իր անձը կորցնի ու տուժի.
26 Որովհետեւ ո՛վ որ ամօթ սեպէ զիս եւ իմ խօսքերս դաւանիլը, մարդու Որդին ալ ամօթ պիտի սեպէ զայն դաւանիլը՝ երբ գայ իր ու Հօր եւ սուրբ հրեշտակներուն փառքով:
որովհետեւ, ով որ ինձ եւ իմ խօսքերը ամօթ կը համարի, նրան մարդու Որդին էլ ամօթահար պիտի անի, երբ գայ իր եւ Հօր եւ սուրբ հրեշտակների փառքով:
27 Բայց ճշմա՛րտապէս կը յայտարարեմ ձեզի. “Հոս կայնողներէն կան ոմանք՝ որ մահ պիտի չհամտեսեն, մինչեւ որ տեսնեն Աստուծոյ թագաւորութիւնը”»:
Բայց, արդարեւ, ասում եմ ձեզ, թէ այստեղ գտնուողների մէջ կան ոմանք, որոնք մահ չպիտի ճաշակեն, մինչեւ որ չտեսնեն Աստծու արքայութիւնը»:
28 Այս խօսքերէն գրեթէ ութ օր ետք՝ առնելով Պետրոսը, Յովհաննէսն ու Յակոբոսը՝ լեռը ելաւ աղօթելու:
Եւ այս խօսքերից մօտ ութ օր յետոյ, իր հետ վերցնելով Պետրոսին, Յակոբոսին եւ Յովհաննէսին, նա լեռ ելաւ աղօթքի կանգնելու:
29 Մինչ կ՚աղօթէր, իր երեսին տեսքը փոխուեցաւ, եւ իր պատմուճանը ճերմակ ու փայլուն եղաւ:
Եւ երբ աղօթքի էր կանգնած, նրա երեսի տեսքը այլակերպուեց, նրա զգեստը փոխուեց եւ փայլուն-սպիտակ դարձաւ:
30 Եւ ահա՛ երկու մարդիկ կը խօսակցէին իրեն հետ. անոնք֊ Մովսէսն ու Եղիան,
Եւ ահա երկու մարդիկ խօսում էին նրա հետ: Նրանք Մովսէսն ու Եղիան էին,
31 փառքով երեւցած, եւ կը խօսէին անոր այս կեանքէն մեկնումին մասին, որ պիտի իրագործուէր Երուսաղէմի մէջ:
որոնք փառքով երեւալով՝ խօսում էին նրա վախճանի մասին, որ տեղի պիտի ունենար Երուսաղէմում:
32 Պետրոս ու անոր հետ եղողները քունով ծանրացած էին. երբ արթնցան, տեսան անոր փառքը եւ այդ երկու մարդիկը՝ որ անոր քով կեցած էին:
Իսկ Պետրոսը եւ նրա հետ գտնուողները քնի ծանրութեան տակ՝ արթնացան ու տեսան նրա փառքը եւ երկու մարդկանց, որոնք նրա մօտ կանգնած էին:
33 Երբ անոնք զատուեցան անոր քովէն, Պետրոս ըսաւ Յիսուսի. «Վարդապե՛տ, լաւ է որ կենանք հոս եւ շինենք երեք վրան, մէկը՝ քեզի, մէկը՝ Մովսէսի ու մէկը՝ Եղիայի». որովհետեւ չէր գիտեր թէ ի՛նչ կը խօսէր:
Եւ երբ դրանք նրանից հեռանում էին, Պետրոսը Յիսուսին ասաց. «Վարդապե՛տ, լաւ է, որ մենք այստեղ ենք. երեք տաղաւար շինենք, մէկը՝ քեզ, մէկը՝ Մովսէսի եւ մէկը՝ Եղիայի համար»: Եւ չէր իմանում, թէ ինչ էր խօսում:
34 Մինչ այսպէս կը խօսէր, ամպ մը եկաւ եւ հովանի եղաւ անոնց վրայ. ու երբ անոնք ամպին տակ մտան՝ վախցան:
Եւ երբ այս ասում էր, մի ամպ եկաւ ու նրանց վրայ հովանի եղաւ. եւ երբ նրանք ամպի տակ ընկան, վախեցան:
35 Ձայն մը եկաւ ամպէն՝ ըսելով. «Ա՛յս է իմ սիրելի Որդիս, անո՛ր մտիկ ըրէք»:
Ամպից մի ձայն եկաւ, որ ասում էր. «Դա՛ է իմ ընտրեալ Որդին, լսեցէ՛ք դրան»:
36 Երբ լսեցին այդ ձայնը՝ Յիսուս մինակ մնաց: Իրենք ալ լուռ կեցան, եւ այդ օրերը ո՛չ մէկուն բան մը պատմեցին իրենց տեսածներէն:
Եւ մինչ խօսքի ձայնը դեռ գալիս էր, Յիսուս միայնակ գտնուեց. եւ նրանք լսեցին ու այդ օրերին ոչ ոքի չպատմեցին իրենց տեսածներից եւ ոչ մի բան:
37 Հետեւեալ օրը, երբ անոնք լեռնէն վար իջան, մեծ բազմութիւն մը դիմաւորեց զայն:
Յաջորդ օրը, երբ նրանք իջնում էին լեռնից, Յիսուսին ընդառաջ գնաց մի մեծ բազմութիւն:
38 Բազմութենէն մարդ մը գոչեց. «Վարդապե՛տ, կ՚աղերսե՜մ քեզի, նայէ՛ որդիիս, քանի որ իմ մէկ հատիկս է:
Եւ ահա ժողովրդի միջից մի մարդ աղաղակեց եւ ասաց. «Վարդապե՛տ, աղաչում եմ քեզ, նայի՛ր իմ որդուն, որովհետեւ իմ մէկ հատիկն է.
39 Ահա՛ ոգի մը կը բռնէ զինք, ինք ալ յանկարծ կ՚աղաղակէ. ոգին զինք ցնցելով կը փրփրցնէ, ու հազիւ կը հեռանայ իրմէ՝ ջախջախելով զինք:
ահա չար ոգին դէսուդէն է զարնւում նրա մէջ եւ յանկարծ գոչում է. եւ նրան սաստիկ ցնցում է, թաւալեցնում, փրփրեցնում եւ, խորտակելով նրան, հազիւ է հեռանում նրանից:
40 Աղերսեցի քու աշակերտներուդ՝ որ դուրս հանեն զայն, բայց չկրցան»:
Ես քո աշակերտներին աղաչեցի, որ հանեն չար ոգուն, բայց նրանք չկարողացան»:
41 Յիսուս պատասխանեց. «Ո՛վ անհաւատ ու խոտորեալ սերունդ, մինչեւ ե՞րբ ձեզի հետ պիտի ըլլամ եւ ձեզի հանդուրժեմ: Հո՛ս բեր որդիդ»:
Յիսուս պատասխանեց եւ ասաց. «Ո՛վ անհաւատ եւ մոլորուած սերունդ, մինչեւ ե՞րբ ձեզ հետ պիտի լինեմ եւ ձեզ հանդուրժեմ. բե՛ր այստեղ քո որդուն»:
42 Երբ կը մօտենար, դեւը գետին զարկաւ զայն ու սաստիկ ցնցեց:
Եւ մինչդեռ նա մօտենում էր, դեւը գետին խփեց նրան ու ցնցեց:
43 Իսկ Յիսուս սաստեց անմաքուր ոգին, բժշկեց պատանին եւ տուաւ զայն իր հօր:
Յիսուս սաստեց պիղծ ոգուն, բժշկեց մանկանը եւ տուեց նրան նրա հօրը:
44 Բոլորը կ՚ապշէին Աստուծոյ մեծամեծ գործերուն վրայ: Մինչ բոլորն ալ կը սքանչանային Յիսուսի բոլոր ըրածներուն վրայ, ան ըսաւ իր աշակերտներուն. «Դուք այս խօսքերը ձեր մի՛տքը պահեցէք՝՝, որովհետեւ մարդու Որդին պիտի մատնուի մարդոց ձեռքը»:
Եւ ամէնքը զարմանում էին Աստծու մեծագործութիւնների վրայ: Եւ մինչդեռ բոլորը զարմանում էին այն ամենի վրայ, որ նա կատարում էր, նա իր աշակերտներին ասաց. «Ձեր ականջների մէջ պահեցէ՛ք դուք այս խօսքերը. որ մարդու Որդին մատնուելու է մարդկանց ձեռքը»:
45 Բայց անոնք չէին հասկնար այս խօսքը, եւ անոնցմէ ծածկուած էր՝ որպէսզի չըմբռնեն. ու կը վախնային հարցնել իրեն այդ խօսքին մասին:
Սակայն նրանք չէին ըմբռնում այս խօսքը, եւ դա ծածկուած էր նրանցից, որ չիմանան. եւ վախենում էին այդ խօսքի մասին հարց տալ նրան:
46 Մտածում մըն ալ ծագեցաւ անոնց մէջ, թէ արդեօք ո՛վ է մեծագոյնը իրենց մէջ:
Աշակերտների մէջ մի վէճ առաջ եկաւ, թէ արդեօք իրենցից ո՛վ է մեծ:
47 Յիսուս ըմբռնելով անոնց սիրտին մտածումը՝ առաւ մանուկ մը, կայնեցուց զայն իր քով,
Երբ Յիսուս իմացաւ նրանց սրտի խորհուրդները, վերցրեց մի մանուկ, կանգնեցրեց նրանց մէջ իր մօտ
48 ու ըսաւ անոնց. «Ո՛վ որ կ՚ընդունի այս մանուկը իմ անունովս՝ զի՛ս կ՚ընդունի, եւ ո՛վ որ զիս կ՚ընդունի՝ զիս ղրկո՛ղը կ՚ընդունի. որովհետեւ ա՛ն որ ամենէն պզտիկն է ձեր բոլորին մէջ, անիկա՛ պիտի ըլլայ մեծը»:
եւ ասաց նրանց. «Ով որ այս մանկանը ընդունի իմ անունով, ինձ է ընդունում. իսկ ով որ ինձ ընդունի, ընդունում է ինձ ուղարկողին. որովհետեւ, ով որ ձեր մէջ փոքրագոյնն է, նա՛ է մեծ»:
49 Յովհաննէս ըսաւ. «Վարդապե՛տ, մէկը տեսանք որ դեւեր կը հանէր քու անունովդ, եւ արգիլեցինք զայն՝ քանի որ մեզի չի հետեւիր»:
Յովհաննէսը պատասխանեց եւ ասաց. «Վարդապե՛տ, տեսանք մէկին, որ քո անունով դեւեր էր հանում, եւ արգելեցինք նրան, որովհետեւ մեզ հետ չի շրջում»:
50 Յիսուս ըսաւ անոր. «Մի՛ արգիլէք, որովհետեւ ա՛ն որ մեզի հակառակ չէ, մեր՝՝ կողմէն է»:
Յիսուս ասաց նրանց. «Մի՛ արգելէք նրան, որովհետեւ, ով որ ձեր թշնամին չէ, ձեր կողմն է»:
51 Երբ իր աշխարհէն վերանալու ժամանակը հասաւ՝՝, հաստատապէս որոշեց՝՝ Երուսաղէմ երթալ:
Եւ երբ աշխարհից նրա վերանալու օրերը լրանում էին, հաստատապէս որոշեց գնալ Երուսաղէմ:
52 Եւ իր առջեւէն ղրկեց պատգամաւորներ, որոնք երբ գացին՝ մտան Սամարացիներուն մէկ գիւղը, որպէսզի պատրաստութիւն տեսնեն իրեն համար:
Եւ իրենից առաջ պատգամաւորներ ուղարկեց, որոնք, երբ գնացին, մտան սամարացիների մի գիւղ՝ նրա համար պատրաստութիւն տեսնելու:
53 Բայց չընդունեցին զայն, որովհետեւ անոր երեսը դէպի Երուսաղէմ ուղղուած էր:
Բայց սրանք չընդունեցին նրան, որովհետեւ նա ուղեւորւում էր դէպի Երուսաղէմ:
54 Երբ իր աշակերտները՝ Յակոբոս ու Յովհաննէս՝ տեսան ասիկա, ըսին անոր. «Տէ՛ր, կ՚ուզե՞ս որ ըսենք, որպէսզի երկինքէն կրակ իջնէ եւ սպառէ զանոնք, ինչպէս Եղիա ալ ըրաւ»:
Երբ նրա աշակերտները՝ Յակոբոսը եւ Յովհաննէսը, այդ տեսան, ասացին. «Տէ՛ր, կամենո՞ւմ ես, որ ասենք, եւ երկնքից կրակ իջնի ու բնաջինջ անի նրանց»:
55 Դարձաւ ու յանդիմանեց զանոնք՝ ըսելով. «Չէք գիտեր թէ ի՛նչ հոգիի տէր էք.
Նա դարձաւ սաստեց նրանց եւ ասաց. «Չգիտէք ի՛նչ հոգուց էք դուք.
56 որովհետեւ մարդու Որդին եկաւ ո՛չ թէ մարդոց անձերը կորսնցնելու, հապա՝ փրկելու՝՝»: Եւ ուրիշ գիւղ մը գացին:
որովհետեւ մարդու Որդին չեկաւ մարդկանց հոգիները կորստեան մատնելու, այլ՝ փրկելու»: Եւ մի ուրիշ գիւղ գնացին:
57 Երբ անոնք ճամբան կ՚երթային, մէկը ըսաւ անոր. «Տէ՛ր, պիտի հետեւիմ քեզի՝ ո՛ւր որ երթաս»:
Եւ մինչդեռ նրանք գնում էին, ճանապարհի վրայ մէկը նրան ասաց. «Կը գամ քո յետեւից, ինչ տեղ էլ գնաս»:
58 Յիսուս ըսաւ անոր. «Աղուէսները որջեր ունին, ու երկինքի թռչունները՝ բոյներ, բայց մարդու Որդին տե՛ղ մը չունի՝ ուր հանգչեցնէ իր գլուխը»:
Յիսուս նրան ասաց. «Աղուէսները որջեր ունեն, եւ երկնքի թռչունները՝ հանգստանալու տեղ, բայց մարդու Որդին գլուխը դնելու տեղ չունի»:
59 Ուրիշի մըն ալ ըսաւ. «Հետեւէ՛ ինծի»: Իսկ ան ըսաւ. «Տէ՛ր, արտօնէ՛ ինծի, որ նախ երթամ՝ թաղեմ հայրս»:
Մի ուրիշի էլ ասաց. «Արի՛ իմ յետեւից»: Եւ սա ասաց. «Տէ՛ր, հրաման տուր ինձ՝ գնալ նախ թաղել իմ հօրը»:
60 Յիսուս ըսաւ անոր. «Թո՛ղ մեռելներուն՝ թաղել իրենց մեռելները, իսկ դուն գնա՛ ու քարոզէ՛ Աստուծոյ թագաւորութիւնը»:
Յիսուս նրան ասաց. «Թող որ մեռածնե՛րը թաղեն իրենց մեռելներին, իսկ դու գնա՛ քարոզիր Աստծու արքայութիւնը»:
61 Ուրիշ մըն ալ ըսաւ. «Տէ՛ր, պիտի հետեւիմ քեզի. բայց արտօնէ՛ որ նախ հրաժեշտ առնեմ տանս մէջ եղողներէն»:
Մէկ ուրիշն էլ ասաց. «Քո յետեւից կը գամ, Տէ՛ր, բայց նախ թո՛յլ տուր ինձ, որ հրաժեշտ տամ իմ տանը»:
62 Յիսուս ըսաւ անոր. «Ո՛չ մէկը՝ որ կը դնէ ձեռքը մաճին վրայ ու ետեւ կը նայի՝ յարմար է Աստուծոյ թագաւորութեան»:
Յիսուս նրան ասաց. «Ո՛չ ոք իր ձեռքը մաճի վրայ կը դնի եւ ապա յետ կը նայի, եթէ յարմար է Աստծու արքայութեանը»:

< ՂՈԻԿԱՍ 9 >