< ՂՈԻԿԱՍ 5 >

1 Երբ բազմութիւնը խռնուեցաւ անոր շուրջը՝ Աստուծոյ խօսքը լսելու համար, ինք Գեննեսարէթի ծովակին եզերքը կանգնած էր,
Եւ մինչ ժողովուրդը խռնւում էր նրա շուրջը՝ լսելու Աստծու խօսքը, նա կանգնած էր Գեննեսարէթի ծովակի ափին:
2 ու տեսաւ երկու նաւեր՝ որ ծովակին եզերքը կեցած էին, եւ ձկնորսները՝ անոնցմէ իջած՝ ուռկանները կը լուային:
Եւ տեսաւ երկու նաւակներ, որ կանգնած էին ծովակի եզերքին. եւ ձկնորսները դրանց միջից դուրս եկած՝ ուռկաններն էին լուանում:
3 Ինք մտաւ այդ նաւերէն մէկուն մէջ՝ որ Սիմոնինն էր, խնդրեց անկէ՝ որ քիչ մը ցամաքէն ծովուն մէջ տանի. ու նստելով նաւուն մէջ՝ կը սորվեցնէր բազմութիւններուն:
Նա մտաւ նաւակներից մէկի մէջ, որ Սիմոնինն էր, եւ խնդրեց նրան, որ ցամաքից փոքր-ինչ հեռացնի այն. նստեց ու նաւակի միջից ուսուցանում էր ժողովրդին:
4 Երբ դադրեցաւ խօսելէն՝ ըսաւ Սիմոնի. «Յառա՛ջ տար նաւը՝ դէպի խորունկը, եւ նետեցէ՛ք ձեր ուռկանները՝ ձուկ որսալու»:
Եւ երբ դադարեց խօսելուց, ասաց Սիմոնին. «Քշիր տա՛ր դէպի խորերը, եւ ձեր ուռկանները գցեցէ՛ք որսալու համար»:
5 Սիմոն պատասխանեց անոր. «Վարդապե՛տ, ամբողջ գիշերը աշխատեցանք ու ոչինչ որսացինք. բայց կը նետեմ ուռկանը՝ քու խօսքիդ համար»:
Սիմոնը պատասխանեց եւ նրան ասաց. «Վարդապե՛տ, ամբողջ այս գիշեր չարչարուեցինք եւ ոչինչ չբռնեցինք, բայց քո խօսքի համար ուռկանները կը գցենք»:
6 Երբ ատիկա ըրին՝ մեծ քանակութեամբ ձուկ բռնեցին, եւ իրենց ուռկանը կը պատռտէր:
Երբ այդ արեցին, մեծ քանակութեամբ ձկներ բռնեցին, այն աստիճան, որ նրանց ուռկանները պատռւում էին:
7 Նշան կ՚ընէին միւս նաւուն մէջ եղող իրենց ընկերակիցներուն, որ գան՝ օգնեն իրենց: Եկան ու երկու նաւերն ալ լեցուցին, եւ գրեթէ ընկղմելու մօտ էին:
Նրանք նշան էին անում միւս նաւակի մէջ եղող իրենց որսակիցներին, որ գան իրենց օգնեն: Եւ նրանք եկան, եւ երկու նաւակներն էլ լցուեցին սուզուելու աստիճան:
8 Երբ Սիմոն Պետրոս տեսաւ, ինկաւ Յիսուսի ծունկերուն ու ըսաւ. «Տէ՛ր, հեռացի՛ր իմ քովէս, քանի որ ես մեղաւոր մարդ մըն եմ»:
Երբ Սիմոն Պետրոսն այս տեսաւ, Յիսուսի ծնկներին ընկաւ եւ ասաց. «Ինձնից հեռո՛ւ գնա, Տէ՛ր, որովհետեւ ես մեղաւոր մարդ եմ».
9 Որովհետեւ այլայլած էր, ինչպէս նաեւ բոլոր իրեն հետ եղողները, իրենց բռնած ձուկերու առատութեան համար.
քանի որ վախը պատել էր նրան եւ բոլորին, որ նրա հետ էին, իրենց բռնած ձկների քանակի պատճառով.
10 նոյնպէս ալ Զեբեդէոսի որդիները՝ Յակոբոս եւ Յովհաննէս, որոնք Սիմոնի ընկերներն էին: Յիսուս ըսաւ Սիմոնի. «Մի՛ վախնար, ասկէ ետք մարդո՛ց որսորդ՝՝ պիտի ըլլաս»:
նոյնպէս եւ՝ Զեբեդէոսի որդիներին՝ Յակոբոսին եւ Յովհաննէսին, որոնք Սիմոնի որսակիցներն էին. եւ Յիսուս Սիմոնին ասաց. «Մի՛ վախեցիր, այսուհետեւ դու մարդկա՛նց պիտի որսաս կեանքի համար»:
11 Ու նաւերը ցամաք հանելով՝ թողուցին ամէն ինչ եւ հետեւեցան անոր:
Եւ նաւակը ցամաք հանելով՝ թողեցին ամէն ինչ ու նրան հետեւեցին:
12 Երբ ինք քաղաքի մը մէջ էր՝ ահա՛ մարդ մը, բորոտութեամբ լեցուն, տեսնելով Յիսուսը՝ ինկաւ երեսի վրայ, աղերսեց անոր եւ ըսաւ. «Տէ՛ր, եթէ ուզես՝ կրնա՛ս մաքրել զիս»:
Եւ երբ նա հասաւ քաղաքներից մէկը, բորոտութեամբ պատած մի մարդ, Յիսուսին տեսնելով, երեսի վրայ ընկած՝ աղաչեց նրան եւ ասաց. «Տէ՛ր, եթէ կամենաս, կարո՛ղ ես ինձ մաքրել»:
13 Յիսուս երկարելով իր ձեռքը՝ դպաւ անոր ու ըսաւ. «Կ՚ուզե՛մ, մաքրուէ՛». եւ իսկոյն բորոտութիւնը գնաց անկէ:
Նա մեկնեց իր ձեռքը, դիպաւ նրան եւ ասաց. «Կամենում եմ, մաքրուի՛ր»: Եւ իսկոյն բորոտութիւնը գնաց նրանից:
14 Ինք պատուիրեց անոր՝ որ ո՛չ մէկուն ըսէ, հապա՝ ըսաւ. «Գնա՛, ցո՛յց տուր քեզ քահանային, եւ Մովսէսի պատուիրածին համաձայն՝ մատուցանէ՛ քու մաքրուելուդ ընծան, իբր վկայութիւն անոնց»:
Յիսուս պատուիրեց նրան ոչ ոքի չասել, այլ՝ «Գնա՛, - ասաց, - դու քեզ ցո՛յց տուր քահանային եւ ընծայ տուր քո մաքրուելու համար, ինչպէս որ հրամայել էր Մովսէսը՝ ի վկայութիւն նրանց»:
15 Սակայն անոր համբաւը ա՛լ աւելի կը տարածուէր. ու մեծ բազմութիւններ կը համախմբուէին՝ մտիկ ընելու եւ բուժուելու իրենց հիւանդութիւններէն:
Եւ նրա համբաւը աւելի ու աւելի էր տարածւում. եւ բազում ժողովուրդ էր հաւաքւում լսելու նրան ու իրենց հիւանդութիւնից բժշկուելու:
16 Բայց ինք կը քաշուէր ամայի տեղեր ու կ՚աղօթէր:
Իսկ նա խոյս էր տալիս դէպի ամայի տեղեր եւ աղօթքի էր կանգնում:
17 Օր մը՝ ինք կը սորվեցնէր, ու Փարիսեցիներ եւ Օրէնքի վարդապետներ նստած էին, - որոնք ժողվուած էին Գալիլեայի, Հրէաստանի ու Երուսաղէմի բոլոր գիւղերէն, - եւ Տէրոջ զօրութիւնը ներկայ էր բժշկելու համար՝՝:
Մի օր ինքն ուսուցանում էր, իսկ փարիսեցիներն ու օրէնքի վարդապետները, որոնք հաւաքուել էին Գալիլիայի եւ Հրէաստանի բոլոր քաղաքներից ու Երուսաղէմից, նստած էին. եւ Տիրոջ զօրութիւնը նրա հետ էր ու նրա միջոցով բժշկում էր:
18 Եւ ահա՛ քանի մը մարդիկ բերին անդամալոյծ մարդ մը՝ մահիճով, ու կը ջանային ներս մտցնել զայն եւ դնել անոր առջեւ:
Եւ ահա մարդիկ մահիճով մի մարդ բերեցին, որ անդամալոյծ էր, եւ ուզում էին նրան ներս մտցնել ու դնել նրա առաջ:
19 Երբ բազմութեան պատճառով չկրցան ճամբայ գտնել՝ որ ներս մտցնեն զայն, ելան տանիքը, եւ կղմինտրներուն մէջէն՝ մահիճով իջեցուցին զայն մէջտեղը, Յիսուսի առջեւ:
Եւ երբ ամբոխի պատճառով նրան ներս մտցնելու միջոց չգտան, բարձրացան տանիք եւ կտուրի բացուածքից նրան վար կախեցին ու մահիճով հանդերձ իջեցրին մէջտեղ, Յիսուսի առաջ:
20 Ան ալ՝ տեսնելով անոնց հաւատքը՝ ըսաւ անոր. «Մա՛րդ, մեղքերդ ներուած են քեզի»:
Տեսնելով նրանց հաւատը՝ Յիսուս ասաց նրան. «Ո՛վ մարդ, թող քո մեղքերը քեզ ներուեն»:
21 Դպիրներն ու Փարիսեցիները սկսան մտածել՝ ըսելով. «Ո՞վ է ասիկա՝ որ հայհոյութիւններ կ՚ըսէ: Ո՞վ կրնայ մեղքերը ներել՝ բացի Աստուծմէ՝՝»:
Օրէնսգէտներն ու փարիսեցիները սկսեցին խորհել եւ ասացին. «Ո՞վ է սա, որ հայհոյանքներ է ասում. ո՞վ կարող է ներել մեղքերը, եթէ ոչ՝ Աստուած միայն»:
22 Երբ Յիսուս ըմբռնեց անոնց մտածումները՝ պատասխանեց անոնց. «Ի՞նչ կը մտածէք ձեր սիրտերուն մէջ:
Յիսուս, գիտենալով նրանց մտածումները, պատասխանեց նրանց եւ ասաց. «Ի՞նչ էք մտմտում ձեր սրտերում.
23 Ո՞րը աւելի դիւրին է, “մեղքերդ ներուած են քեզի” ըսե՞լը, թէ՝ “ոտքի՛ ելիր ու քալէ՛” ըսելը:
ո՞րն է աւելի հեշտ, ասել՝ քեզ ներուած լինեն քո մեղքե՞րը, թէ՞ ասել՝ վե՛ր կաց եւ քայլի՛ր:
24 Բայց որպէսզի գիտնաք թէ մարդու Որդին իշխանութիւն ունի՝ երկրի վրայ մեղքերը ներելու, (ըսաւ անդամալոյծին, ) քեզի՛ կ՚ըսեմ. “Ոտքի՛ ելիր, ա՛ռ մահիճդ ու գնա՛ տունդ”»:
Բայց որպէսզի իմանաք, թէ մարդու Որդին իշխանութիւն ունի երկրի վրայ մեղքերը ներելու (ասաց անդամալոյծին)՝ քե՛զ եմ ասում, վե՛ր կաց, վերցրո՛ւ քո մահիճը եւ գնա՛ քո տունը»:
25 Ան ալ անմի՛ջապէս կանգնեցաւ անոնց առջեւ, վրան առաւ ինչ բանի վրայ որ պառկած էր, եւ գնաց իր տունը՝ փառաբանելով Աստուած:
Եւ իսկոյն բոլորի առաջ վեր կենալով՝ իր վրայ առաւ այն, ինչի վրայ ինքը պառկել էր, գնաց իր տունը եւ փառաւորում էր Աստծուն:
26 Բոլորը՝ հիացումով համակուած՝ փառաբանեցին Աստուած, ու վախով համակուած՝ կ՚ըսէին. «Այսօր արտակարգ բաներ տեսանք»:
Բոլորին զարմանք պատեց, եւ փառաւորում էին Աստծուն: Ահով լցուեցին եւ ասում էին. «Այսօր արտասովոր բաներ տեսանք»:
27 Ատկէ ետք՝ մեկնեցաւ, եւ տեսաւ մաքսաւոր մը՝ որուն անունը Ղեւի էր. ան նստած էր մաքս ընդունելու տեղը: Ըսաւ անոր. «Հետեւէ՛ ինծի»:
Դրանից յետոյ, դուրս ելաւ այնտեղից եւ տեսաւ մի մաքսաւորի, որի անունը Ղեւի էր, եւ որը մաքսատանը նստած՝ գործի վրայ էր: Յիսուս նրան ասաց. «Իմ յետեւից արի՛»:
28 Ան ալ ձգեց ամէն ինչ, կանգնեցաւ եւ անոր հետեւեցաւ:
Եւ նա թողնելով ամէն ինչ, վեր կացաւ գնաց նրա յետեւից:
29 Ղեւի մեծ կոչունք մը սարքեց իր տան մէջ. ու մեծ բազմութիւն կար մաքսաւորներու եւ ուրիշներու, որ անոնց հետ սեղան նստած՝՝ էին:
Եւ Ղեւին իր տան մէջ նրան մեծ ընդունելութիւն տուեց, եւ մեծ թուով մաքսաւորներ եւ ուրիշներ նրանց հետ սեղան էին նստել:
30 Անոնց դպիրներն ու Փարիսեցիները կը տրտնջէին անոր աշակերտներուն դէմ՝ ըսելով. «Ինչո՞ւ կ՚ուտէք ու կը խմէք մաքսաւորներու եւ մեղաւորներու հետ»:
Փարիսեցիները եւ օրէնսգէտները տրտնջում էին Յիսուսի դէմ իր աշակերտների մօտ ու ասում. «Ինչո՞ւ էք մաքսաւորների եւ մեղաւորների հետ ուտում եւ խմում»:
31 Յիսուս պատասխանեց անոնց. «Ո՛չ թէ առողջներուն բժիշկ պէտք է, հապա՝ հիւանդներուն:
Յիսուս պատասխանեց նրանց եւ ասաց. «Առողջներին բժիշկներ պէտք չեն, այլ՝ հիւանդներին:
32 Ես եկայ ո՛չ թէ արդարները կանչելու, հապա մեղաւորները՝ ապաշխարութեան»:
Ես չեմ եկել արդարներին կանչելու, այլ՝ մեղաւորներին՝ ապաշխարութեան»:
33 Անոնք ալ ըսին. «Ինչո՞ւ Յովհաննէսի աշակերտները յաճախ ծոմ կը պահեն եւ աղերսանք կը մատուցանեն, նմանապէս Փարիսեցիներուն աշակերտները, բայց քուկիններդ կ՚ուտեն ու կը խմեն»:
Եւ նրանցից ոմանք ասացին նրան. «Ինչո՞ւ Յովհաննէսի, ինչպէս եւ փարիսեցիների աշակերտները ծոմ են պահում յաճախ եւ աղօթք անում, իսկ քո աշակերտները ուտում են ու խմում»:
34 Ան ալ ըսաւ անոնց. «Կրնա՞ք ծոմ պահել տալ հարսնեւորներուն՝ մինչ փեսան իրենց հետ է:
Եւ նա ասաց նրանց. «Միթէ կարո՞ղ էք հարսանքաւորներին հրամայել, որ ծոմ պահեն, որքան ժամանակ որ փեսան նրանց հետ է:
35 Բայց օրերը պիտի գան՝ երբ փեսան պիտի վերցուի իրենցմէ. ապա ա՛յդ օրերը ծոմ պիտի պահեն»:
Կը գան օրեր, երբ որ փեսան նրանցից կը վերցուի, ապա այդ օրերին ծոմ կը պահեն»:
36 Առակ մըն ալ ըսաւ անոնց. «Ո՛չ մէկը կը ձգէ նոր լաթի կտոր մը հին հանդերձի վրայ: Այլապէս՝ այդ նորը պատռուածք ալ կ՚ընէ, ու հինցածին հետ չի յարմարիր այդ նոր լաթէն եղած կտորը:
Եւ նրանց մի առակ էլ ասաց. «Ոչ ոք հնացած ձորձի վրայ նոր զգեստից կտոր չի դնի, ապա թէ ոչ՝ ե՛ւ նորը կը պատռուի, ե՛ւ նոր զգեստից վերցրած կտորը չի յարմարուի հնի հետ:
37 Նաեւ ո՛չ մէկը կը դնէ նոր գինին հին տիկերու մէջ: Այլապէս՝ նոր գինին կը պատռէ տիկերը. ինք կը թափի, ու տիկերը կը կորսուին:
Եւ ոչ ոք նոր գինին հին տիկերի մէջ չի լցնի, ապա թէ ոչ՝ նոր գինին հին տիկերը կը պայթեցնի. գինին կը թափուի, եւ տիկերը կը փչանան:
38 Հապա նոր գինին դրուելու է նո՛ր տիկերու մէջ, որպէսզի երկուքն ալ պահուին:
Այլ՝ նոր գինին նոր տիկերի մէջ պէտք է լցուի, եւ երկուսն էլ կը պահուեն:
39 Եւ ո՛չ մէկը հին գինին խմելէն ետք՝ իսկոյն կ՚ուզէ նորը, քանի որ կ՚ըսէ. “Հինը աւելի ախորժահամ է”»:
Եւ ոչ ոք, երբ հինը խմի, նորը կ՚ուզենայ, որովհետեւ կ՚ասի, թէ՝ հինը աւելի լաւն է»:

< ՂՈԻԿԱՍ 5 >