< ՂՈԻԿԱՍ 4 >

1 Յիսուս՝ Սուրբ Հոգիով լեցուած՝ վերադարձաւ Յորդանանէն, ու Հոգիէն տարուեցաւ անապատը,
Եւ Յիսուս Սուրբ Հոգով լի վերադարձաւ Յորդանանից. եւ Հոգով անապատ առաջնորդուեց
2 ուր քառասուն օր փորձուեցաւ Չարախօսէն: Այդ օրերը ոչինչ կերաւ. եւ այդ օրերուն լրանալէն ետք՝ անօթեցաւ:
ու քառասուն օր փորձուեց սատանայից: Չկերաւ եւ չխմեց այն օրերին. եւ երբ քառասուն օրերը լրացան, քաղց զգաց:
3 Եւ Չարախօսը ըսաւ անոր. «Եթէ Աստուծոյ Որդին ես, ըսէ՛ այդ քարին՝ որ հաց ըլլայ»:
Եւ սատանան նրան ասաց. «Եթէ Աստծու Որդի ես, այդ քարին ասա՛, որ հաց լինի»:
4 Յիսուս պատասխանեց անոր. «Գրուած է. “Միայն հացով չէ որ մարդը պիտի ապրի, հապա՝ Աստուծոյ ամէն խօսքով”»:
Յիսուս նրան պատասխանեց եւ ասաց. «Գրուած է. «Միայն հացով չէ, որ կ՚ապրի մարդ, այլ՝ Աստծու ամէն խօսքով»:
5 Չարախօսը՝ հանելով զայն բարձր լեռ մը՝ ցուցուց անոր երկրագունդին բոլոր թագաւորութիւնները վայրկեանի մը մէջ,
Եւ սատանան տանելով նրան մի բարձր լեռ, մի վայրկեանում նրան ցոյց տուեց աշխարհի բոլոր թագաւորութիւնները:
6 ու Չարախօսը ըսաւ անոր. «Այս ամբողջ իշխանութիւնը եւ անոնց փառքը պիտի տամ քեզի. որովհետեւ ինծի յանձնուած է, ու որո՛ւն որ ուզեմ՝ կու տամ զայն:
Եւ սատանան նրան ասաց. «Քեզ կը տամ այս ամբողջ իշխանութիւնը եւ սրանց փառքը, որովհետեւ ինձ է տրուած, եւ ում որ կամենամ, կը տամ այն:
7 Ուրեմն եթէ դուն իմ առջեւս իյնալով երկրպագես, բոլորը քուկդ պիտի ըլլան»:
Արդ, եթէ դու իմ առաջ ընկած երկրպագես, բոլորը քոնը կը լինի»:
8 Յիսուս պատասխանեց անոր. «Գրուած է. “Տէրո՛ջ՝ քու Աստուծո՛յդ երկրպագէ, եւ միայն զի՛նք պաշտէ”»:
Յիսուս պատասխանեց նրան եւ ասաց. «Գրուած է. «Քո Տէր Աստծո՛ւն պիտի երկրպագես եւ նրա՛ն միայն պիտի պաշտես»:
9 Ապա տարաւ զայն Երուսաղէմ, կայնեցուց տաճարին աշտարակին վրայ, եւ ըսաւ անոր. «Եթէ դուն Աստուծոյ Որդին ես, վա՛ր նետէ քեզ ասկէ.
Եւ տարաւ նրան Երուսաղէմ, կանգնեցրեց տաճարի աշտարակի վրայ ու ասաց նրան. «Եթէ Աստծու Որդի ես, քեզ այստեղից ցա՛ծ գցիր,
10 որովհետեւ գրուած է. “Իր հրեշտակներուն պիտի հրահանգէ քեզի համար՝ որ պահեն քեզ,
որովհետեւ գրուած է. «Իր հրեշտակներին պատուիրուած է քո մասին, որ քեզ պահեն.
11 եւ իրենց ձեռքերուն վրայ պիտի կրեն քեզ, որպէսզի քարի՛ մը չզարնես ոտքդ”»:
եւ իրենց ձեռքերի վրայ կը բռնեն քեզ, որ քո ոտքը երբեք քարին չխփես»:
12 Յիսուս պատասխանեց անոր. «Ըսուած է. “Մի՛ փորձեր Տէրը՝ քու Աստուածդ”»:
Յիսուս պատասխանեց նրան եւ ասաց. «Ասուած է. «Քո Տէր Աստծուն պիտի չփորձես»:
13 Երբ Չարախօսը լմնցուց ամբողջ փորձութիւնը, ատեն մը հեռացաւ անկէ:
Եւ սատանան կատարած լինելով բոլոր փորձութիւնները՝ նրանից միառժամանակ հեռու մնաց:
14 Յիսուս Հոգիին զօրութեամբ վերադարձաւ Գալիլեա, եւ անոր համբաւը տարածուեցաւ այդ գաւառին ամբողջ շրջակայքը:
Եւ Յիսուս Հոգու զօրութեամբ վերադարձաւ Գալիլիա, ու գաւառի բոլոր կողմերում նրա համբաւը տարածուեց:
15 Ինք կը սորվեցնէր անոնց ժողովարաններուն մէջ, ու կը փառաւորուէր բոլորէն:
Եւ նա ուսուցանում էր նրանց ժողովարաններում՝ փառաւորուելով բոլորից:
16 Երբ եկաւ Նազարէթ, ուր ինք մեծցած էր, իր սովորութեան համաձայն Շաբաթ օրը մտաւ ժողովարանը, ու կանգնեցաւ որ կարդայ:
Եւ եկաւ Նազարէթ, ուր նա սնուել մեծացել էր. եւ ըստ իր սովորութեան՝ շաբաթ օրը ժողովարան մտաւ:
17 Տուին անոր Եսայի մարգարէին գիրքը: Երբ բացաւ գիրքը, գտաւ այն տեղը՝ ուր գրուած էր.
Եւ նրան տուին Եսայի մարգարէի գիրքը. եւ նա վեր կացաւ ընթերցելու. եւ երբ գիրքը բացեց, գտաւ այն տեղը, ուր գրուած էր.
18 «Տէրոջ Հոգին իմ վրաս է. որովհետեւ օծեց զիս աղքատներուն աւետարանելու, ղրկեց զիս կոտրած սիրտ ունեցողները բժշկելու,
«Տիրոջ Հոգին իմ վրայ է, դրա համար իսկ օծեց ինձ, ինձ ուղարկեց աղքատներին աւետարանելու, սրտով բեկեալներին բժշկելու,
19 գերիներուն՝ ազատ արձակում եւ կոյրերուն տեսողութիւն յայտարարելու, հարստահարութիւն կրողները ազատ արձակելու, Տէրոջ բարեհաճութեան տարին յայտարարելու»:
գերիներին ազատում քարոզելու եւ կոյրերին՝ տեսողութիւն, կեղեքուածներին ազատ արձակելու, Տիրոջը ընդունելի տարին հռչակելու»:
20 Յետոյ գոցեց գիրքը, տուաւ սպասաւորին, ու նստաւ: Բոլոր ժողովարանը եղողները իրենց աչքերը սեւեռած էին անոր վրայ:
Եւ փակելով գիրքը՝ տուեց պաշտօնեային ու նստեց. եւ ժողովարանում գտնուողների բոլորի աչքերը նրա վրայ էին սեւեռուած:
21 Ուստի սկսաւ ըսել անոնց. «Այսօր այս գրուածը իրագործուեցաւ, ու ձեր ականջները լսեցին»:
Սկսեց ասել նրանց. «Այսօր այս գրուածքները կատարուեցին, երբ լսում էիք ձեր ականջներով»:
22 Բոլորը կը վկայէին անոր մասին, կը զարմանային անոր բերանէն ելած շնորհալի խօսքերուն վրայ, եւ կ՚ըսէին. «Ասիկա Յովսէփի որդին չէ՞»:
Եւ բոլորը վկայում էին ու զարմանում նրա բերանից ելած շնորհալի խօսքերի վրայ ու ասում. «Սա Յովսէփի որդին չէ՞»:
23 Ինք ալ ըսաւ անոնց. «Իրաւ դուք ինծի պիտի ըսէք սա՛ առածը. “Բժի՛շկ, դուն քե՛զ բուժէ: Ո՜րչափ բաներ լսեցինք՝ որ Կափառնայումի մէջ կատարուեցան. հո՛ս ալ ըրէ՝ քո՛ւ բնագաւառիդ մէջ”»:
Եւ նա ասաց նրանց. «Անշուշտ, ինձ այս առածը կ՚ասէք. «Բժի՛շկ, բժշկի՛ր ինքդ քեզ»: Այն ամէնը, ինչ արել ես Կափառնայումում, որչափ որ լսեցինք, արա՛ եւ այստեղ, քո գաւառում»:
24 Եւ շարունակեց. «Ճշմա՛րտապէս կը յայտարարեմ ձեզի. “Ո՛չ մէկ մարգարէ ընդունելի է իր բնագաւառին մէջ”:
Եւ նա ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ մարգարէն ընդունելի չէ իր քաղաքում:
25 Ճշմա՛րտապէս կը յայտարարեմ ձեզի. “Շատ այրիներ կային Իսրայէլի մէջ՝ Եղիայի օրերը, երբ երկինք գոցուեցաւ երեք տարի ու վեց ամիս, եւ մեծ սով եղաւ ամբողջ երկրին մէջ.
Արդարեւ, ասում եմ ձեզ, որ Եղիայի օրով Իսրայէլում բազում այրիներ կային, երբ երկինքը փակուեց երեք տարի ու վեց ամիս, եւ ամբողջ երկրի վրայ մեծ սով եղաւ:
26 բայց Եղիա անոնցմէ ո՛չ մէկուն ղրկուեցաւ, հապա միայն Սիդոնացիներուն Սարեփթա քաղաքը բնակող այրի կնոջ մը:
Սակայն նրանցից ոչ մէկի մօտ Եղիան չուղարկուեց, այլ միայն՝ մի այրի կնոջ՝ սիդոնացիների Սարեփթա քաղաքում:
27 Նաեւ շատ բորոտներ կային Իսրայէլի մէջ՝ Եղիսէ մարգարէին ատենը, եւ անոնցմէ ո՛չ մէկը մաքրուեցաւ, հապա միայն՝ Նէեման Ասորին”»:
Նաեւ՝ Իսրայէլում Եղիսէ մարգարէի օրով բազում բորոտներ կային, եւ սակայն նրանցից ոչ մէկը չմաքրուեց, այլ միայն՝ Նէեման ասորին»:
28 Ժողովարանին մէջ բոլորն ալ զայրոյթով լեցուեցան՝ երբ լսեցին այս խօսքերը.
Երբ այս լսեցին, ժողովարանում բոլորը լցուեցին բարկութեամբ.
29 ուստի կանգնելով՝ դուրս հանեցին զայն քաղաքէն, եւ տարին զայն մինչեւ այն լերան ցցուած ծայրը՝ որուն վրայ իրենց քաղաքը կառուցանուած էր, որպէսզի բարձր տեղէն վար նետեն զայն:
եւ վեր կենալով՝ նրան քաղաքից դուրս հանեցին ու տարան մինչեւ դարաւանդը այն լերան, որի վրայ շինուած էր իրենց քաղաքը, որպէսզի նրան գահավէժ անեն:
30 Բայց ինք՝ անոնց մէջէն անցնելով՝ գնաց:
Իսկ նա, անցնելով նրանց միջով, գնաց:
31 Ապա իջաւ Գալիլեայի Կափառնայում քաղաքը, ու Շաբաթ օրերը կը սորվեցնէր անոնց:
Եւ իջաւ Գալիլիայի Կափառնայում քաղաքը ու շաբաթ օրերը ուսուցանում էր նրանց:
32 Կ՚ապշէին անոր ուսուցումին վրայ, որովհետեւ իշխանութեամբ էր անոր խօսքը:
Նրա ուսուցման վրայ զարմանում էին, որովհետեւ նրա խօսքը լի էր հեղինակութեամբ:
33 Ժողովարանին մէջ մարդ մը կար՝ որ անմաքուր դեւի ոգի ունէր, եւ բարձրաձայն աղաղակեց.
Եւ ժողովարանում մի մարդ կար, որին բռնել էր մի պիղծ դեւի չար ոգին. սա բարձր ձայնով աղաղակեց եւ ասաց.
34 «Թո՛ղ մեզ. դուն ի՞նչ ունիս մեզի հետ, Յիսո՛ւս Նազովրեցի. միթէ մեզ կորսնցնելո՞ւ եկար: Գիտեմ թէ ո՛վ ես՝ Աստուծոյ Սուրբը»:
«Թո՛ղ տուր մեզ, Յիսո՛ւս Նազովրեցի, ի՞նչ ես ուզում մեզնից. մեզ կորստեան մատնելո՞ւ եկար. գիտենք, թէ ով ես, Աստծու Սուրբն ես դու»:
35 Յիսուս սաստեց զայն՝ ըսելով. «Պապանձէ՛ ու ելի՛ր ատկէ»: Դեւը գետին զարկաւ զայն՝ բոլորին մէջտեղ, ելաւ անկէ եւ չվնասեց անոր:
Յիսուս սաստեց նրան եւ ասաց. «Պապանձուի՛ր եւ դո՛ւրս ելիր դրանից»: Դեւը մէջտեղում գետին զարկեց նրան եւ դուրս ելաւ նրանից ու որեւէ վնաս չտուեց նրան:
36 Բոլորը այլայլած՝ իրարու հետ խօսակցելով կ՚ըսէին. «Այս ի՜նչ խօսք է, որ իշխանութեամբ եւ զօրութեամբ կը հրամայէ անմաքուր ոգիներուն, ու կ՚ելլեն»:
Եւ բոլորին զարմանք պատեց. իրար հետ խօսում էին ու ասում. «Ի՜նչ խօսք է այս, որ իշխանութեամբ եւ զօրութեամբ սաստում է պիղծ ոգիներին, եւ դրանք դուրս են գալիս»:
37 Եւ անոր համբաւը տարածուեցաւ շրջակայքին բոլորը տեղերը:
Եւ նրա հռչակը տարածւում էր գաւառի շրջակայքի բոլոր տեղերում:
38 Ելլելով ժողովարանէն՝ մտաւ Սիմոնի տունը:
Եւ նա ժողովարանից դուրս գալով՝ մտաւ Սիմոնի տունը:
39 Սիմոնի զոքանչը կը տուայտէր սաստիկ տենդով, ու թախանձեցին իրեն՝ անոր համար:
Սիմոնի զոքանչը բարձր ջերմութեան մէջ տառապում էր: Նրա համար Յիսուսին աղաչեցին:
40 Յիսուս կայնելով անոր քով՝ սաստեց տենդը, որ թողուց զայն: Ան ալ անմի՛ջապէս կանգնեցաւ, եւ անոնց կը սպասարկէր:
Նա կանգնեց նրա մօտ, սաստեց ջերմին, եւ ջերմը թողեց նրան: Հիւանդը անմիջապէս ոտքի ելաւ եւ սպասարկում էր նրանց:
41 Արեւին մայր մտած ատենը՝ բոլոր անոնք, որ զանազան ախտերով հիւանդներ ունէին, իրեն բերին զանոնք. ինք ալ անոնցմէ իւրաքանչիւրին վրայ ձեռք դնելով՝ բուժեց զանոնք:
Եւ երբ արեւը մայր էր մտնում, բոլոր նրանք, որոնք պէսպէս ցաւերով հիւանդներ ունէին, նրա մօտ էին բերում նրանց. եւ նա նրանցից իւրաքանչիւրի վրայ ձեռք էր դնում ու նրանց բժշկում:
42 Շատերէն դեւե՛ր ալ դուրս կ՚ելլէին՝ աղաղակելով. «Դո՛ւն ես Քրիստոսը, Աստուծոյ Որդին»: Բայց ինք կը սաստէր ու չէր թոյլատրեր անոնց՝ որ խօսին, որովհետեւ գիտէին թէ ինք Քրիստոսն է:
Շատերի միջից դեւեր էլ էին ելնում, աղաղակում եւ ասում. «Դո՛ւ ես Աստծու Որդին»: Եւ նա սաստում էր ու թոյլ չէր տալիս նրանց խօսել. որովհետեւ գիտէին, թէ նա Քրիստոսն է:
43 Երբ ցերեկ եղաւ, մեկնեցաւ ու գնաց ամայի տեղ մը. եւ բազմութիւնները կը փնտռէին զայն: Եկան անոր քով, ու կը բռնէին՝ որ չհեռանայ իրենցմէ:
Եւ երբ օրը լուսացաւ, նա ելաւ գնաց մի ամայի տեղ, իսկ ժողովուրդը փնտռում էր նրան. եկան մինչեւ նրա մօտ եւ չէին թողնում նրան, որ հեռանայ իրենցից:
44 Բայց ան ըսաւ իրենց. «Պէտք է որ ուրի՛շ քաղաքներու ալ աւետեմ Աստուծոյ թագաւորութիւնը, քանի որ ղրկուած եմ ա՛յս նպատակով»: Եւ կը քարոզէր Գալիլեայի ժողովարաններուն մէջ:
Եւ նա նրանց ասաց. «Աստծու արքայութիւնը ես ուրիշ քաղաքների էլ պիտի աւետարանեմ, որովհետեւ դրա համար իսկ ուղարկուեցի»: Եւ նա քարոզում էր գալիլիացիների ժողովարաններում:

< ՂՈԻԿԱՍ 4 >