< ՂՈԻԿԱՍ 24 >

1 Մէկշաբթի օրը՝ առտուն շատ կանուխ՝ եկան գերեզմանը, ու բերին այն բոյրերը՝ որ պատրաստած էին. ուրիշ ոմանք ալ եկան անոնց հետ:
Բայց կիրակի օրը, առաւօտեան շատ վաղ, կանայք գերեզման եկան՝ բերելով իրենց պատրաստած խնկերը. նրանց հետ եւ ուրիշ կանայք:
2 Գտան քարը՝ գերեզմանէն մէկդի գլորուած,
Եւ քարը գերեզմանից գլորած գտան
3 ու ներս մտնելով՝ հոն չգտան Տէր Յիսուսի մարմինը:
ու ներս մտնելով՝ Տէր Յիսուսի մարմինը չգտան:
4 Երբ մեծ տարակոյսի մէջ էին այս մասին, ահա՛ երկու մարդիկ՝ լուսափայլ տարազով՝ հասան անոնց:
Եւ մինչ նրանք զարմացած էին այդ բանի վրայ, ահա լուսաւոր զգեստներով երկու մարդիկ հասան նրանց մօտ:
5 Քանի վախցած ըլլալով՝ խոնարհեցուցին իրենց երեսները դէպի գետին, այդ մարդիկը ըսին անոնց. «Ինչո՞ւ ողջը կը փնտռէք մեռելներուն մէջ:
Եւ երբ կանայք զարհուրեցին ու իրենց երեսը գետին խոնարհեցրին, մարդիկ ասացին. «Ինչո՞ւ ողջին մեռելների մէջ էք փնտռում:
6 Ան հոս չէ, հապա յարութիւն առաւ. յիշեցէ՛ք թէ ի՛նչպէս խօսեցաւ ձեզի, երբ դեռ Գալիլեայի մէջ էր, ըսելով.
Այստեղ չէ, այլ՝ յարեաւ: Յիշեցէ՛ք՝ ինչպէս խօսեց նա ձեզ հետ, երբ Գալիլիայում էր.
7 “Մարդու Որդին պէտք է որ մատնուի մեղաւոր մարդոց ձեռքը, խաչուի, եւ յարութիւն առնէ երրորդ օրը”»:
ասում էր, թէ պէտք է, որ մարդու Որդին մեղաւոր մարդկանց ձեռքը մատնուի, խաչուի եւ երրորդ օրը յարութիւն առնի»:
8 Այն ատեն յիշեցին անոր խօսքերը,
Եւ նրանք յիշեցին նրա խօսքերը:
9 ու վերադառնալով գերեզմանէն՝ պատմեցին այս բոլորը տասնմէկին եւ ուրիշներու:
Եւ վերադարձան ու պատմեցին այս ամէնը Տասնմէկին եւ բոլոր միւսներին:
10 Այս կիներն էին՝ Մարիամ Մագդաղենացին, Յովհաննա, Յակոբոսի մայրը՝ Մարիամ, եւ անոնց հետ ուրիշներ ալ, որոնք պատմեցին այս բաները առաքեալներուն:
Եւ Մարիամ Մագդաղենացին, Յովհաննան, Յակոբի մայր Մարիամը եւ նրանց հետ ուրիշ կանայք էին, որ այս բաները պատմեցին առաքեալներին:
11 Սակայն ասոնց առջեւ զառանցանք թուեցան անոնց խօսքերը, ու չէին հաւատար անոնց:
Բայց նրանց խօսքերը բարբաջանք թուացին աշակերտներին, եւ չէին հաւատում նրանց:
12 Բայց Պետրոս կանգնեցաւ եւ վազեց դէպի գերեզմանը. ծռելով՝ տեսաւ թէ լաթերը առանձին դրուած էին, ու գնաց՝ ինքնիրեն զարմանալով այդ պատահածին վրայ:
Սակայն Պետրոսը վեր կացաւ եւ վազեց դէպի գերեզման, նայեց ու տեսաւ, որ կտաւները միայն կային: Եւ գնաց՝ մտքում զարմացած, թէ ինչ էր եղել:
13 Եւ ահա՛ նոյն օրը աշակերտներէն երկուքը կ՚երթային Էմմաւուս անունով գիւղ մը, որ Երուսաղէմէն վաթսուն ասպարէզ հեռու էր:
Եւ ահա նոյն օրը աշակերտներից երկուսը գնում էին մի գիւղ, որի անունը Էմմաւուս էր, եւ որը Երուսաղէմից հեռու էր մօտ տասնմէկ կիլոմետր:
14 Անոնք կը խօսէին իրարու հետ այս բոլոր պատահարներուն մասին:
Եւ նրանք միմեանց հետ խօսում էին կատարուած բոլոր անցուդարձերի մասին:
15 Մինչ անոնք կը խօսակցէին ու կը վիճաբանէին, Յիսուս ինք ալ՝ մօտենալով՝ կ՚երթար անոնց հետ.
Եւ մինչ նրանք խօսում էին ու վիճում, ինքը՝ Յիսուս մօտեցաւ ու գնում էր նրանց հետ:
16 բայց անոնց աչքերը ծածկուած էին, որպէսզի չճանչնան զինք:
Բայց նրանց աչքերը բռնուած էին, որպէսզի նրան չճանաչեն:
17 Եւ ըսաւ անոնց. «Ինչի՞ մասին կը խօսակցիք՝ իրարու հետ քալելով, ու տրտում ալ էք»:
Եւ նրանց ասաց. «Այդ ի՞նչ բաներ են, որոնց համար քայլելիս վիճում էք միմեանց հետ եւ տրտմած էք»:
18 Անոնցմէ մէկը՝ որուն անունը Կղէովպաս էր, պատասխանեց անոր. «Միայն դո՞ւն ես որ՝ Երուսաղէմի մէջ պանդխտացած ըլլալով՝ չես գիտեր թէ ինչե՜ր պատահեցան հոն, այս օրերս»:
Նրանցից մէկը, որի անունը Կղէոպաս էր, ասաց նրան. «Երուսաղէմում միայն դո՛ւ ես, որ չես իմացել, թէ ինչեր կատարուեցին այնտեղ այս օրերին»:
19 Ան ալ ըսաւ անոնց. «Ի՞նչ»: Անոնք ալ ըսին անոր. «Ինչ որ կը վերաբերի Նազովրեցի Յիսուսի, որ գործով ու խօսքով եղաւ զօրաւոր մարգարէ մը՝ Աստուծոյ եւ ամբողջ ժողովուրդին առջեւ.
Եւ նրանց ասաց՝ ի՞նչ: Եւ նրանք ասացին Յիսուս Նազովրեցու մասին, որ եղաւ մարգարէ մարդ, հզօր՝ գործերով եւ խօսքերով, Աստծու եւ ամբողջ ժողովրդի առաջ,
20 ի՜նչպէս քահանայապետներն ու մեր պետերը մահուան մատնեցին զայն, եւ խաչեցին:
եւ թէ ինչպէս մեր քահանայապետները եւ իշխանաւորները նրան մատնեցին մահուան դատաստանի ու խաչը հանեցին նրան:
21 Իսկ մենք կը յուսայինք թէ ի՛նքն էր որ պիտի ազատագրէր Իսրայէլը: Բացի այս բոլորէն՝ այս երրորդ օրն է, որ այս բաները պատահեցան:
Մենք ակնկալում էինք, թէ նա է, որ փրկելու է Իսրայէլը. սակայն, այս բոլորով հանդերձ, այս երրորդ օրն է, որ այդ բաները կատարուեցին:
22 Նոյնիսկ մեր մէջէն քանի մը կիներ շշմեցուցին մեզ. անոնք առտու կանուխ գացին գերեզմանը,
Այլ նաեւ մեզ զարմացրին մեր միջից մի քանի կանայք, որոնք վաղ առաւօտեան գերեզման էին գնացել
23 ու չգտնելով անոր մարմինը՝ եկան եւ ըսին թէ հրեշտակներու տեսիլք ալ տեսան, որոնք ըսեր են թէ “ան ողջ է”:
եւ նրա մարմինը չէին գտել. նրանք եկան եւ ասացին, թէ նաեւ մի տեսիլ էլ էին տեսել հրեշտակների, որոնք ասում էին նրա մասին, թէ կենդանի է:
24 Մեզմէ ոմանք ալ գացին գերեզմանը, ու ա՛յնպէս գտան՝ ինչպէս ըսին այդ կիները. սակայն չտեսան զինք»:
Ապա մեզնից ոմանք էլ գերեզման գնացին եւ գտան այնպէս, ինչպէս կանայք ասել էին: Բայց նրան չտեսան:
25 Ան ալ ըսաւ անոնց. «Ո՛վ յիմարներ եւ դանդաղամիտներ՝ հաւատալու այն բոլոր բաներուն, որ մարգարէները խօսեցան:
Եւ նա ասաց նրանց. «Ո՛վ անմիտ եւ թուլասիրտ մարդիկ, որ դժուարանում էք հաւատալ այն ամենին, որ ասացին մարգարէները:
26 Միթէ Քրիստոս պէտք չէ՞ր այսպէս չարչարուէր, ու մտնէր իր փառքը»:
Չէ՞ որ Քրիստոս պէտք է նոյն այդ չարչարանքները կրէր եւ այնպէս մտնէր իր փառքի մէջ»:
27 Եւ սկսելով Մովսէսէն ու բոլոր Մարգարէներէն՝՝, կը մեկնէր անոնց՝ ի՛նչ որ գրուած էր իր մասին բոլոր Գիրքերուն մէջ:
Եւ սկսած Մովսէսից ու բոլոր մարգարէներից՝ մեկնում էր նրանց այն բոլորը, ինչ գրուած է իր մասին բոլոր Գրքերում:
28 Երբ մօտեցան այն գիւղին՝ ուր կ՚երթային, ինք կը ձեւացնէր թէ պիտի երթար աւելի՛ հեռաւոր տեղ մը:
Երբ մօտեցան այն գիւղին, ուր գնում էին, Յիսուս պատճառ բռնեց, թէ ինքը գնալու է աւելի հեռու տեղ:
29 Բայց ստիպեցին զինք՝ ըսելով. «Մնացի՛ր մեր քով, որովհետեւ իրիկունը մօտ է եւ օրը՝ մթնցած»: Ու մտաւ՝ մնալու անոնց հետ:
Իսկ նրանք շատ ստիպեցին նրան ու ասացին. «Մեզ մօտ գիշերիր, որովհետեւ երեկոյ է, եւ օրը տարաժամել է»: Եւ նա ներս մտաւ՝ նրանց հետ այնտեղ գիշերելու:
30 Երբ սեղան նստաւ՝՝ անոնց հետ, առաւ հացը, օրհնեց, եւ կտրելով տուաւ անոնց:
Եւ երբ նա սեղան նստեց նրանց հետ, հաց վերցնելով՝ օրհնեց, կտրեց այն եւ տուեց նրանց:
31 Այն ատեն անոնց աչքերը բացուեցան ու ճանչցան զինք, իսկ ինք աներեւոյթ եղաւ անոնցմէ:
Եւ նրանց աչքերը բացուեցին ու ճանաչեցին նրան, իսկ ինքը նրանց աչքին աներեւոյթ եղաւ:
32 Անոնք ալ ըսին իրարու. «Մեր սիրտերը չէի՞ն բորբոքեր մեր ներսը՝ երբ ինք կը խօսէր ճամբան մեզի հետ, ու Գիրքերը կը բացատրէր մեզի»:
Եւ նրանք ասացին միմեանց. «Մեր սրտերն էլ միթէ չէի՞ն ճմլւում մեր մէջ, մինչ նա ճանապարհին խօսում էր մեզ հետ. եւ ինչպէ՜ս էր մեզ բացատրում Գրքերը»:
33 Եւ կանգնեցան, նոյն ժամուն վերադարձան Երուսաղէմ, ու համախմբուած գտան տասնմէկը եւ անոնց հետ եղողները,
Ապա անմիջապէս վեր կացան ու Երուսաղէմ վերադարձան եւ հաւաքուած գտան Տասնմէկին եւ նրանց հետ եղածներին,
34 որոնք կ՚ըսէին. «Ի՛րապէս Տէրը յարութիւն առաւ ու երեւցաւ Սիմոնի»:
որոնք ասում էին, թէ՝ «Իսկապէս յարեաւ Տէրը եւ երեւաց Սիմոնին»:
35 Իրենք ալ պատմեցին ինչ որ պատահեցաւ ճամբան, եւ թէ ի՛նչպէս ինքզինք ճանչցուց իրենց՝ հացը կտրած ատեն:
Իսկ երկուսը պատմեցին այն, ինչ պատահել էր ճանապարհին, եւ թէ ինչպէ՛ս Յիսուս իրեն ճանաչել էր տուել նրանց՝ հաց կտրելու ժամանակ:
36 Մինչ անոնք այսպէս կը խօսէին, Յիսուս ինք կայնեցաւ անոնց մէջտեղ ու ըսաւ անոնց. «Խաղաղութի՜ւն ձեզի»:
Մինչ դեռեւս նրանք այս էին խօսում, Յիսուս ինքը եկաւ կանգնեց նրանց մէջ եւ ասաց. «Խաղաղութի՜ւն ձեզ, ես եմ, մի՛ վախեցէք»:
37 Բայց անոնք՝ սարսափած եւ վախցած՝ կը կարծէին թէ ոգի՛ մը կը տեսնեն:
Իսկ նրանք զարհուրած վախենում եւ կարծում էին, թէ մի ոգի են տեսնում:
38 Ըսաւ անոնց. «Ինչո՞ւ վրդոված էք, եւ ինչո՞ւ մտածումներ կը ծագին ձեր սիրտերուն մէջ:
Եւ նրանց ասաց. «Ինչո՞ւ էք խռովուած, եւ ինչո՞ւ ձեր սրտերում կասկածներ են ծագում.
39 Տեսէ՛ք ձեռքերս ու ոտքերս, որ ես ինքս եմ. շօշափեցէ՛ք զիս եւ տեսէ՛ք, որովհետեւ ոգին մարմին ու ոսկորներ չ՚ունենար, ինչպէս կը տեսնէք զիս՝ որ ունիմ»:
տեսէ՛ք իմ ձեռքերն ու ոտքերը, որովհետեւ նոյն ինքն ես եմ. շօշափեցէ՛ք ինձ եւ տեսէ՛ք, որովհետեւ ոգին մարմին եւ ոսկորներ չունի. ինչպէս տեսնում էք,
40 Ասիկա ըսելով՝ ցուցուց անոնց ձեռքերն ու ոտքերը:
ես ունեմ»:
41 Երբ իրենց ուրախութենէն՝ տակաւին չէին հաւատար եւ զարմանքի մէջ էին, ըսաւ անոնց. «Կերակուր մը ունի՞ք հոս»:
Եւ այս ասելով՝ ցոյց տուեց նրանց իր ձեռքերն ու ոտքերը:
42 Անոնք ալ կտոր մը խորոված ձուկ ու մեղրախորիսխ տուին իրեն:
Եւ մինչ դեռեւս ուրախութիւնից չէին հաւատում եւ զարմացած էին, ասաց նրանց. «Այստեղ ուտելու բան ունէ՞ք»:
43 Առաւ, կերաւ անոնց առջեւ,
Եւ նրանք տուին նրան խորոված ձկան մի կտոր եւ մեղրախորիսխ:
44 եւ ըսաւ անոնց. «Ահա՛ւասիկ այն խօսքերը՝ որ ըսի ձեզի, երբ դեռ ձեզի հետ էի. “Պէտք է որ իրագործուին բոլոր բաները՝ որոնք գրուած են իմ մասիս Մովսէսի Օրէնքին մէջ, Մարգարէներուն մէջ եւ Սաղմոսներուն մէջ”»:
Եւ նա առաւ կերաւ նրանց առաջ, իսկ մնացածները տուեց նրանց ու ասաց.
45 Այն ատեն բացաւ անոնց միտքերը՝ որպէսզի հասկնան Գիրքերը,
«Սրանք այն խօսքերն են, որ խօսեցի ձեզ հետ, մինչ ձեզ հետ էի, թէ՝ պէտք է կատարուեն այն ամէնը, որ գրուած են իմ մասին Մովսէսի օրէնքում, մարգարէների մէջ եւ սաղմոսներում»:
46 ու ըսաւ անոնց. «Ա՛յս գրուած է, եւ ա՛յսպէս պէտք էր որ Քրիստոս չարչարուէր, ու մեռելներէն յարութիւն առնէր երրորդ օրը.
Այն ժամանակ բացեց նրանց մտքերը, որ հասկանան Գրքերը:
47 եւ անոր անունով ապաշխարութիւն ու մեղքերու ներում քարոզուէր բոլոր ազգերուն մէջ՝ սկսելով Երուսաղէմէն:
Եւ ասաց նրանց. «Այսպէս պէտք է չարչարուէր Քրիստոս, յարութիւն առնէր մեռելներից երրորդ օրը,
48 Դո՛ւք էք այս բաներուն վկաները:
եւ քարոզուէր նրա անունով ապաշխարութիւն եւ մեղքերի թողութիւն բոլոր ազգերի մէջ՝ Երուսաղէմից սկսած:
49 Եւ ահա՛ ես կը ղրկեմ ձեր վրայ իմ Հօրս խոստումը. բայց դուք կեցէ՛ք Երուսաղէմ քաղաքին մէջ, մինչեւ որ բարձրէն ղրկուած զօրութիւն հագնիք»:
Եւ այս բաների վկաներ էք դուք:
50 Ու դուրս հանեց զանոնք՝ մինչեւ Բեթանիա, եւ իր ձեռքերը վերցնելով՝ օրհնեց զանոնք:
Եւ ահա ես ուղարկում եմ Ձեզ իմ Հօր խոստումը, իսկ դուք նստեցէ՛ք Երուսաղէմ քաղաքում, մինչեւ որ երկնքից զօրութեամբ զգեստաւորուէք»:
51 Մինչ կ՚օրհնէր զանոնք՝ զատուեցաւ անոնցմէ, ու վերացաւ երկինք:
Ապա նրանց տարաւ հանեց մինչեւ Բեթանիա եւ, բարձրացնելով իր ձեռքերը, օրհնեց նրանց:
52 Անոնք ալ երկրպագելով անոր՝ վերադարձան Երուսաղէմ մեծ ուրախութեամբ:
Եւ մինչ նա օրհնում էր նրանց, բաժանուեց նրանցից եւ դէպի երկինք էր վերանում:
53 Եւ ամէն ատեն տաճարին մէջ էին, ու կը գովաբանէին եւ կ՚օրհնէին Աստուած: Ամէն:
Իսկ նրանք երկրպագեցին Յիսուսին եւ մեծ ուրախութեամբ վերադաձան Երուսաղէմ: Եւ միշտ տաճարում էին, գովաբանում եւ օրհնաբանում էին Աստծուն:

< ՂՈԻԿԱՍ 24 >