< ՂՈԻԿԱՍ 23 >

1 Անոնց ամբողջ բազմութիւնը կանգնեցաւ, տարին զայն Պիղատոսի,
Եւ նրանց ամբողջ բազմութիւնը, վեր կենալով, նրան տարաւ Պիղատոսի մօտ:
2 եւ սկսան ամբաստանել զինք ու ըսել. «Ասիկա գտանք, որ կը խոտորեցնէր մեր ազգը, կ՚արգիլէր կայսրին հարկ տալ, եւ կ՚ըսէր իր մասին թէ ինք Քրիստոսն է՝ թագաւորը»:
Եւ սկսեցին ամբաստանել նրան եւ ասել. «Գտանք սրան, որ մոլորեցնում էր մեր ազգը, արգելում էր կայսրին հարկեր տալ եւ ինքն իր մասին ասում էր, թէ՝ Քրիստոսն է, թագաւոր»:
3 Պիղատոս հարցուց անոր. «Դո՞ւն ես Հրեաներուն թագաւորը»: Ան ալ պատասխանեց անոր. «Դո՛ւն կ՚ըսես»:
Իսկ Պիղատոսը հարցրեց նրան եւ ասաց. «Հրեաների թագաւորը դո՞ւ ես»: Նա պատասխանեց նրան եւ ասաց. «Դու ասացիր»:
4 Ուստի Պիղատոս ըսաւ քահանայապետներուն եւ բազմութեան. «Ես ո՛չ մէկ յանցանք կը գտնեմ այս մարդուն վրայ»:
Պիղատոսը քահանայապետներին եւ ժողովրդին ասաց. «Այս մարդու մէջ ես որեւէ յանցանք չեմ գտնում»:
5 Բայց անոնք կը պնդէին ու կ՚ըսէին. «Կը գրգռէ ժողովուրդը, եւ կը սորվեցնէ ամբողջ Հրէաստանի մէջ՝ Գալիլեայէն սկսած մինչեւ այստեղ»:
Իսկ նրանք պնդում էին եւ ասում, թէ ըմբոստութեան է մղում ժողովրդին, քարոզում է ամբողջ Հրէաստանում՝ Գալիլիայից սկսած մինչեւ այստեղ:
6 Պիղատոս՝ լսելով Գալիլեայի մասին՝ հարցուց թէ այդ մարդը Գալիլեացի՛ է:
Իսկ Պիղատոսը, երբ լսեց Գալիլիայի մասին, հարցրեց, թէ այդ մարդը գալիլիացի՞ է:
7 Երբ գիտցաւ թէ Հերովդէսի իշխանութեան կը պատկանի՝ ղրկեց զայն Հերովդէսի, քանի որ ա՛ն ալ Երուսաղէմ էր այդ օրերը:
Եւ երբ իմացաւ, թէ Հերովդէսի իշխանութիւնից է, յանձնեց, որ նրան տանեն Հերովդէսի մօտ, որովհետեւ այդ օրերին նա էլ Երուսաղէմում էր:
8 Երբ Հերովդէս տեսաւ Յիսուսը՝ չափազանց ուրախացաւ, որովհետեւ շատո՛նց կ՚ուզէր տեսնել զայն. քանի որ շատ բաներ լսած էր անոր մասին, ու կը յուսար տեսնել նշան մը՝ կատարուած անով:
Եւ երբ Հերովդէսը տեսաւ Յիսուսին, շատ ուրախացաւ, որովհետեւ երկար ժամանակից ի վեր ցանկանում էր նրան տեսնել, քանի որ յաճախ լսում էր նրա մասին եւ ակնկալութիւն ունէր նրա ձեռքով կատարուած որեւէ նշան տեսնել:
9 Շատ խօսքերով հարցաքննեց զայն, բայց ան ոչինչ պատասխանեց անոր:
Հերովդէսը նրան հարցաքննեց շատ խօսքերով, իսկ Յիսուս նրան ոչ մի պատասխան չտուեց:
10 Քահանայապետներն ու դպիրներն ալ կեցած էին, եւ սաստիկ կ՚ամբաստանէին զինք:
Քահանայապետներն ու օրէնսգէտները վեր էին կենում եւ նրան բուռն կերպով ամբաստանում:
11 Հերովդէս ալ՝ իր զօրականներուն հետ՝ անարգեց զայն, ու ծաղրելէն ետք՝ հագցուց անոր փառահեղ տարազ մը եւ ետ ղրկեց Պիղատոսի:
Հերոդէսն էլ, իր զօրականներով հանդերձ, արհամարհեց նրան եւ ծիծաղելով նրա վրայ՝ սպիտակ զգեստներ հագցնել տուեց նրան ու վերստին յանձնեց, որ տանեն նրան Պիղատոսի մօտ:
12 Այդ օրը Պիղատոս ու Հերովդէս բարեկամ եղան իրարու հետ. որովհետեւ նախապէս թշնամութիւն կար իրենց միջեւ:
Եւ Պիղատոսն ու Հերովդէսը այդ օրերին բարեկամներ եղան, որովհետեւ առաջ իրար թշնամիներ էին:
13 Պիղատոս հաւաքեց քահանայապետները, պետերն ու ժողովուրդը,
Պիղատոսը կանչեց քահանայապետներին, իշխանաւորներին եւ ժողովրդին ու ասաց.
14 եւ ըսաւ անոնց. «Այս մարդը բերիք առջեւս՝ ժողովուրդը խոտորեցնողի մը պէս, բայց ես՝ ձեր առջեւ հարցաքննելով՝ ձեր ամբաստանութիւններէն ո՛չ մէկ յանցանք գտայ այս մարդուն վրայ,
«Այս մարդուն բերեցիք ներկայացրիք ինձ, որպէս ժողովրդին մոլորեցնողի. եւ ահաւասիկ ձեր առաջ դատաքննութիւն արեցի եւ այս մարդու մէջ չգտայ մէկն այն յանցանքներից, որոնցով դուք ամբաստանում էք նրան:
15 ո՛չ ալ Հերովդէս, որովհետեւ անոր ղրկեցի ձեզ. եւ ահա՛ մահուան արժանի ոչինչ ըրած է:
Եւ ոչ էլ՝ Հերովդէսը, որի մօտ հրամայեցի, որ Յիսուսին տանեն:
16 Ուրեմն պատժեմ զայն, ու արձակեմ»:
Արդ, նա մահուան արժանի ոչինչ չի արել, նրան գանահարել կը տամ եւ կ՚արձակեմ»
17 (Արդարեւ տօնին ատենը՝ հարկ էր որ մէկը արձակէր անոնց: )
(որովհետեւ հարկաւոր էր իւրաքանչիւր տօնի առթիւ մի բանտարկեալ արձակել նրանց համար):
18 Ամբողջ բազմութիւնը միասին աղաղակեց. «Վերցո՛ւր ասիկա, եւ Բարաբբա՛ն արձակէ մեզի»
Եւ նրանք ամբողջ բազմութեամբ աղաղակում էին եւ ասում. «Նրան վերացրո՛ւ եւ արձակի՛ր մեզ համար Բարաբբային»
19 (որ բանտը նետուած էր՝ քաղաքին մէջ եղած ապստամբութեան մը ու մարդասպանութեան համար):
(որը քաղաքում պատահած մի խռովութեան եւ սպանութեան համար բանտարկուել էր):
20 Իսկ Պիղատոս՝ ուզելով Յիսուսը արձակել՝ դարձեալ խօսեցաւ անոնց:
Պիղատոսը նորից սկսեց խօսել, որովհետեւ կամենում էր Յիսուսին արձակել:
21 Բայց անոնք կը գոչէին. «Խաչէ՛, խաչէ՛ զայն»:
Եւ նրանք կրկին աղաղակում էին ու ասում. «Խա՛չը հանիր նրան»:
22 Ինք երրորդ անգամ ըսաւ անոնց. «Բայց ի՞նչ չարիք ըրած է. ես մահուան արժանի ո՛չ մէկ պատճառ գտայ անոր վրայ. ուրեմն պատժեմ զայն եւ արձակեմ»:
Եւ նա երրորդ անգամ ասաց նրանց. «Ի՞նչ չար բան է արել սա. նրա վրայ մահուան արժանի որեւէ յանցանք չգտայ. սրան գանահարել կը տամ եւ կ՚արձակեմ»:
23 Իսկ անոնք կը պնդէին բարձրաձայն աղաղակներով ու կը պահանջէին որ խաչուի. եւ անոնց ու քահանայապետներուն ձայները յաղթեցին:
Իսկ նրանք բարձրաձայն ստիպում էին եւ ուզում, որ նրան խաչը հանի: Եւ նրանց ու քահանայապետների ձայները աւելի ուժեղանում էին:
24 Ուստի Պիղատոս վճռեց որ անոնց պահանջածը ըլլայ:
Եւ Պիղատոսը հաւանութիւն տուեց, որ նրանց պահանջը կատարուի:
25 Արձակեց անոնց՝ իրենց պահանջած մարդը, որ բանտը նետուած էր ապստամբութեան ու մարդասպանութեան համար, իսկ յանձնեց Յիսուսը անոնց կամքին:
Նա արձակեց Բարաբբային, որը խռովութեան եւ սպանութեան համար բանտ էր նետուած, եւ որին էլ հէնց ուզում էին. իսկ Յիսուսին յանձնեց նրանց կամքին:
26 Երբ կը տանէին զայն, բռնեցին Սիմոն Կիւրենացի կոչուած մէկը՝ որ արտէն կու գար, եւ դրին խաչը անոր վրայ, որպէսզի կրէ Յիսուսի ետեւէն:
Երբ նրան առան գնացին, բռնեցին Սիմոն Կիւրենացի անունով մէկին, որը հանդից էր գալիս. նրա վրայ դրեցին խաչը, որ այն բերի Յիսուսի յետեւից:
27 Ժողովուրդը կը հետեւէր անոր՝ մեծ բազմութեամբ, նաեւ կիներ՝ որոնք կը հեծեծէին ու կ՚ողբային անոր վրայ:
Եւ նրա յետեւից գնում էր ժողովրդի մի մեծ բազմութիւն եւ կանայք, որոնք կոծում էին ու ողբում նրան:
28 Յիսուս դարձաւ անոնց եւ ըսաւ. «Երուսաղէմի՛ աղջիկներ, մի՛ լաք իմ վրաս, հապա լացէ՛ք դուք ձեր վրայ ու ձեր զաւակներուն վրայ:
Յիսուս դարձաւ եւ ասաց նրանց. «Երուսաղէմի՛ դուստրեր, ինձ վրայ լաց մի՛ եղէք, այլ լա՛ց եղէք ձեր եւ ձեր որդիների վրայ,
29 Որովհետեւ ահա՛ կու գան օրերը՝ որոնց մէջ պիտի ըսեն. “Երանի՜ ամուլներուն եւ այն որովայններուն՝ որոնք չծնան, ու ծիծերուն՝ որոնք կաթ չտուին՝՝”:
որովհետեւ օրեր պիտի գան, երբ մարդիկ պիտի ասեն՝ «Երանի՜ չբեր կանանց եւ նրանց, որոնք բնաւ չծնեցին եւ չդիեցրին»:
30 Այն ատեն պիտի սկսին ըսել լեռներուն. “Ինկէ՛ք մեր վրայ”, ու բլուրներուն. “Ծածկեցէ՛ք մեզ”:
Այն ժամանակ մարդիկ պիտի սկսեն ասել լեռներին, թէ՝ ընկէ՛ք մեր վրայ, եւ բլուրներին, թէ՝ ծածկեցէ՛ք մեզ,
31 Որովհետեւ եթէ ա՛յսպէս կ՚ընեն դալար փայտին, հապա ի՞նչ պիտի ընեն չորին»:
որովհետեւ, երբ դալա՛ր փայտին այսպէս անեն, չորի՛ն ինչ կը պատահի»:
32 Երկու ուրիշներ ալ՝ չարագործներ՝ տարին անոր հետ, որպէսզի մեռցուին:
Ուրիշ երկու չարագործներ էլ բերեցին՝ նրա հետ սպանելու համար:
33 Երբ հասան Գագաթ կոչուած տեղը, հոն խաչեցին զայն եւ այդ չարագործներն ալ, մէկը աջ կողմը ու միւսը ձախ կողմը:
Երբ հասան Գագաթ կոչուած տեղը, այնտեղ նրան խաչը հանեցին. եւ չարագործներին էլ՝ մէկին աջ կողմը, միւսին ձախ կողմը՝ խաչեցին:
34 Յիսուս ըսաւ. «Հա՛յր, ներէ՛ անոնց, որովհետեւ չեն գիտեր թէ ի՛նչ կ՚ընեն»: Յետոյ անոր հանդերձները բաժնելու ատեն՝ վիճակ ձգեցին:
Եւ Յիսուս ասաց. «Հա՛յր, ների՛ր դրանց, որովհետեւ չգիտեն, թէ ինչ են անում»: Եւ նրա զգեստները բաժանելու համար վիճակ գցեցին:
35 Ժողովուրդը կայնած՝ կը դիտէր. պետերն ալ անոնց հետ կը քամահրէին զայն ու կ՚ըսէին. «Ուրիշները փրկեց, ինքզի՛նքն ալ թող փրկէ, եթէ ի՛նք է Քրիստոսը՝ Աստուծոյ ընտրեալը»:
Իսկ ժողովուրդը դիտում էր. իշխանաւորները նրանց հետ միասին ծաղրում էին նրան եւ ասում. «Ուրիշներին ազատեց, թող ինքն իրեն էլ ազատի, եթէ դա է Քրիստոսը՝ Աստծու ընտրեալ Որդին»:
36 Զինուորներն ալ կը ծաղրէին զայն. կու գային առջեւը, քացախ կը մատուցանէին անոր,
Զինուորներն էլ ծաղրում էին նրան. առաջ էին գալիս, քացախ էին մատուցում նրան եւ ասում.
37 ու կ՚ըսէին. «Եթէ դո՛ւն ես Հրեաներուն թագաւորը, փրկէ՛ դուն քեզ»:
«Եթէ դու ես հրեաների թագաւորը, փրկի՛ր ինքդ քեզ»:
38 Եւ գրութիւն մը գրուած էր անոր վրայ՝ յունարէն, լատիներէն ու եբրայերէն գիրերով. «Ա՛յս է Հրեաներուն թագաւորը»:
Եւ նրա խաչի վրայ մի գրութիւն կար՝ գրուած յունարէն, լատիներէն եւ եբրայերէն գրերով, թէ՝ սա՛ է հրեաների արքան:
39 Այդ կախուած չարագործներէն մէկը կը հայհոյէր անոր ու կ՚ըսէր. «Եթէ դո՛ւն ես Քրիստոսը, փրկէ՛ դուն քեզ, նաեւ մե՛զ»:
Իսկ կախուած չարագործներից մէկը հայհոյում էր նրան եւ ասում. «Դու չե՞ս Քրիստոսը. փրկի՛ր ինքդ քեզ եւ մեզ»:
40 Իսկ միւսը՝ յանդիմանելով զայն՝ ըսաւ. «Դուն չե՞ս վախնար Աստուծմէ, որովհետեւ նոյն դատապարտութեան մէջ ես:
Նրա ընկերը նրան սաստելով՝ պատասխան տուեց եւ ասաց. «Աստծուց չե՞ս վախենում, դու, որ նոյն պատիժն ես կրում:
41 Մենք՝ իսկապէս արդարաբար, քանի որ ահա՛ կը ստանանք մեր ըրածներուն արժանաւոր հատուցումը. բայց ասիկա անտեղի ո՛չ մէկ բան ըրաւ»:
Եւ մենք իրաւացիօրէն արժանի հատուցումն ենք ստանում այն գործերի համար, որ կատարեցինք, իսկ սա որեւէ վատ բան չի արել»:
42 Եւ ըսաւ Յիսուսի. «Տէ՛ր, յիշէ՛ զիս՝ երբ գաս քու թագաւորութեամբդ»:
Եւ ասաց Յիսուսին. «Յիշի՛ր ինձ, Տէ՛ր, երբ գաս քո թագաւորութեամբ»:
43 Յիսուս ալ ըսաւ անոր. «Ճշմա՛րտապէս կը յայտարարեմ քեզի. “Դուն ա՛յսօր ինծի հետ պիտի ըլլաս դրախտին մէջ”»:
Եւ Յիսուս նրան ասաց. «Ճշմարիտ եմ ասում քեզ, այսօր ինձ հետ դրախտում կը լինես»:
44 Գրեթէ վեցերորդ ժամն՝՝ էր, երբ խաւար եղաւ ամբողջ երկրին վրայ՝ մինչեւ ժամը ինը. արեւը խաւարեցաւ,
Եւ համարեա կէսօր էր. եւ խաւար եղաւ ամբողջ երկրի վրայ մինչեւ ժամը երեքը. արեգակը խաւարեց:
45 ու տաճարին վարագոյրը պատռեցաւ մէջտեղէն:
Եւ տաճարի վարագոյրը մէջտեղից պատռուեց:
46 Յիսուս բարձրաձայն գոչեց. «Հա՛յր, քո՛ւ ձեռքերուդ մէջ կ՚աւանդեմ իմ հոգիս»: Ու երբ ըսաւ ասիկա՝ հոգին տուաւ:
Եւ Յիսուս բարձրաձայն աղաղակեց եւ ասաց. «Հա՛յր, քո ձեռքն եմ աւանդում իմ հոգին»: Երբ այս ասաց, հոգին աւանդեց:
47 Հարիւրապետը՝ տեսնելով պատահածը՝ փառաբանեց Աստուած եւ ըսաւ. «Ի՛րապէս այս մարդը արդար էր»:
Եւ հարիւրապետը, տեսնելով ինչ որ պատահեց, փառաւորեց Աստծուն եւ ասաց. «Իսկապէս այս մարդը արդար էր»:
48 Այս տեսարանը դիտելու համար հաւաքուած ամբողջ բազմութիւնը՝ պատահածները տեսնելով՝ կը ծեծէր կուրծքը ու կը վերադառնար:
Եւ ամբողջ ժողովուրդը, որ եկել էր ու դիտում էր այս տեսարանն ու կատարուածը, ծեծում էր կուրծքը եւ վերադառնում:
49 Իր բոլոր ծանօթներն ալ հեռուն կայնած էին, նոյնպէս ալ կիները՝ որ ուղեկցեր էին իրեն Գալիլեայէն, եւ կը տեսնէին այս բաները:
Նրա բոլոր ծանօթներն էլ կանգնել էին հեռւում. եւ կանայք, որոնք Գալիլիայից նրա յետեւից էին եկել, տեսնում էին այս բաները:
50 Մարդ մը կար՝ Յովսէփ անունով, որ խորհրդական էր, բարի եւ արդար մարդ մը,
Եւ ահա Յովսէփ անունով մի մարդ կար հրեաների Արիմաթէ քաղաքից: Նա հրեաների խորհրդի անդամ էր, բարեգործ եւ արդար մի մարդ
51 (ասիկա հաւանութիւն տուած չէր անոնց ծրագիրին ու արարքին, ) Հրեաներուն Արիմաթեա քաղաքէն. ի՛նք ալ կը սպասէր Աստուծոյ թագաւորութեան:
(սա չէր միաբանել նրանց մտադրութիւններին ու գործերին): Եւ ինքն էլ էր սպասում Աստծու թագաւորութեանը:
52 Ասիկա գնաց Պիղատոսի քով եւ խնդրեց Յիսուսի մարմինը:
Սա Պիղատոսի մօտ գալով՝ ուզեց Յիսուսի մարմինը:
53 Ու խաչէն իջեցնելով զայն՝ փաթթեց կտաւով եւ դրաւ վիմափոր գերեզմանի մը մէջ, ուր բնա՛ւ մէկը դրուած չէր:
Եւ նրան խաչից իջեցնելով՝ փաթաթեց պատանքով ու դրեց վիմափոր գերեզմանի մէջ, որտեղ բնաւ ոչ ոք չէր դրուած:
54 Այդ օրը Ուրբաթ էր, ու Շաբաթը պիտի սկսէր:
Եւ օրը ուրբաթ էր, ու լուսանում էր շաբաթը:
55 Այն կիները՝ որ անոր հետ եկեր էին Գալիլեայէն՝ հետեւեցան ու տեսան գերեզմանը, եւ թէ ի՛նչպէս հոն դրուեցաւ անոր մարմինը:
Եւ Յովսէփի յետեւից գնում էին կանայք, որոնք Գալիլիայից էին եկել Յիսուսի հետ. նրանք տեսան գերեզմանը, եւ թէ ինչպէս նրա մարմինը այնտեղ դրուեց:
56 Ու վերադառնալով՝ բոյրեր եւ օծանելիքներ պատրաստեցին, ու Շաբաթ օրը հանգչեցան՝ պատուիրանին համաձայն:
Վերադարձան, խնկեր եւ իւղեր պատրաստեցին ու շաբաթ օրը, օրէնքի համաձայն, հանգիստ արեցին:

< ՂՈԻԿԱՍ 23 >