< ՂՈԻԿԱՍ 21 >

1 Մինչ կը նայէր, տեսաւ հարուստները՝ որ գանձանակը կը ձգէին իրենց ընծաները:
Եւ Յիսուս նայեց ու տեսաւ մեծահարուստներին, որոնք տաճարի գանձանակի մէջ իրենց նուէրներն էին գցում:
2 Տնանկ այրի մըն ալ տեսաւ, որ երկու լումայ ձգեց հոն:
Տեսաւ եւ մի աղքատ այրի կնոջ, որ երկու լումայ գցեց այնտեղ:
3 Ուստի ըսաւ. «Ճշմա՛րտապէս կը յայտարարեմ ձեզի թէ այս աղքատ այրին՝ բոլորէն աւելի ձգեց.
Եւ ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ այդ աղքատ այրին աւելի գցեց, քան բոլորը:
4 որովհետեւ անոնք իրենց առատութենէն ձգեցին Աստուծոյ ընծաներուն մէջ, բայց ասիկա ձգեց իր կարօտութենէն՝ իր ամբողջ ունեցած ապրուստը»:
Նրանք ամէնքը իրենց կուտակածներից գցեցին Աստծուն տրուած նուէրների մէջ, իսկ նա իր կարօտութեան մէջ իր ունեցած ամբողջ ապրուստը գցեց»:
5 Երբ ոմանք կ՚ըսէին տաճարին մասին թէ “զարդարուած է գեղեցիկ քարերով ու նուէրներով”,
Եւ երբ ոմանք տաճարի մասին ասում էին, թէ գեղեցիկ քարերով եւ աշտարակներով է զարդարուած, նա ասաց.
6 ըսաւ. «Ասոնք որ կը տեսնէք, օրերը պիտի գան, երբ քար քարի վրայ պիտի չմնայ. ամէնը պիտի քակուի»:
«Այդ բոլորը, որ տեսնում էք, պիտի գան օրեր, երբ այնտեղ չպիտի թողնուի քար քարի վրայ, որ չքանդուի»:
7 Հարցուցին իրեն. «Վարդապե՛տ, ե՞րբ պիտի ըլլայ ատիկա, եւ ի՞նչ է նշանը՝ թէ այդ բաները պիտի ըլլան»:
Հարցրին նրան եւ ասացին. «Վարդապե՛տ, ե՞րբ կը լինի այդ, եւ ի՞նչ կը լինի նշանը, երբ այդ պատահելու լինի»:
8 Ան ալ ըսաւ. «Զգուշացէ՛ք որ չմոլորիք. որովհետեւ շատե՜ր պիտի գան իմ անունովս՝ ըսելով. “Ե՛ս եմ Քրիստոսը, ու ժամանակը մօտեցած է”. ուրեմն մի՛ երթաք անոնց ետեւէն:
Եւ նա ասաց. «Զգո՛յշ կացէք, չխաբուէք. որովհետեւ շատերը պիտի գան իմ անունով եւ պիտի ասեն թէ՝ ես եմ Քրիստոսը, եւ թէ՝ ժամանակը մօտեցաւ. նրանց յետեւից չգնաք:
9 Բայց երբ լսէք պատերազմներու եւ խառնակութիւններու մասին՝ մի՛ սարսափիք, որովհետեւ պէտք է որ նախ այդ բաները ըլլան, բայց վախճանը իսկոյն չէ»:
Եւ երբ լսէք պատերազմների եւ խռովութիւնների մասին, չզարհուրէք. որովհետեւ պէտք է, որ նախ այդ բաները պատահեն. բայց աշխարհի վախճանը շուտով չի լինելու»:
10 Այն ատեն ըսաւ անոնց. «Ազգ ազգի դէմ պիտի ելլէ, եւ թագաւորութիւն՝ թագաւորութեան դէմ.
Այն ժամանակ ասաց նրանց. «Ազգ ազգի դէմ պիտի ելնի, եւ թագաւորութիւն՝ թագաւորութեան դէմ.
11 տեղ-տեղ մեծ երկրաշարժներ պիտի ըլլան, սովեր ու ժանտախտներ. նաեւ երկինքէն սոսկալի բաներ եւ մեծ նշաններ պիտի ըլլան:
եւ մեծ երկրաշարժներ ու տարբեր տեղերում սով ու ժանտախտ պիտի լինեն. պիտի լինեն արհաւիրքներ եւ մեծամեծ նշաններ երկնքից:
12 Բայց այս բաներէն առաջ՝ իրենց ձեռքերը պիտի բարձրացնեն ձեր վրայ ու հալածեն ձեզ. ժողովարաններու եւ բանտերու պիտի մատնեն, ու թագաւորներու եւ կառավարիչներու առջեւ պիտի տարուիք՝ իմ անունիս համար:
Բայց այս բոլորից առաջ ձեր վրայ ձեռք պիտի դնեն եւ պիտի հալածեն, ժողովարանների ու բանտերի պիտի մատնեն ձեզ եւ կուսակալների ու թագաւորների առաջ պիտի տանեն ձեզ իմ անուան համար:
13 Եւ ասիկա վկայութեան առիթի պիտի յանգի ձեզի համար:
Եւ ձեզ համար այդ պիտի լինի առիթ վկայութեան:
14 Ուրեմն որոշեցէ՛ք որ նախապէս չմտածէք՝ թէ ի՛նչպէս պիտի պաշտպանէք դուք ձեզ:
Արդ, ձեր մտքում դրէք սա. նախօրօք մի՛ մտահոգուէք պատասխան տալու համար,
15 Որովհետեւ ես ձեզի բերան ու իմաստութիւն պիտի տամ, որուն պիտի չկարենան ընդդիմախօսել կամ դիմադրել ձեր բոլոր հակառակորդները:
որովհետեւ ես ձեզ կը տամ բերան եւ իմաստութիւն, որին չեն կարողանայ հակառակել կամ պատասխան տալ ձեր բոլոր հակառակորդները:
16 Պիտի մատնուիք ծնողներէ, եղբայրներէ, ազգականներէ եւ բարեկամներէ, ու ձեզմէ ոմանք պիտի մեռցուին:
Դուք պիտի մատնուէք ե՛ւ ծնողներից, ե՛ւ եղբայրներից, ե՛ւ ազգականներից, ե՛ւ բարեկամներից, ու ձեզնից ոմանց պիտի սպանեն:
17 Բոլորին ատելի պիտի ըլլաք իմ անունիս համար.
Եւ պիտի ատուէք բոլորից իմ անուան համար:
18 բայց մա՛զ մը պիտի չկորսուի ձեր գլուխէն:
Բայց ձեր գլխից մի մազ անգամ չպիտի կորչի:
19 Ձեր համբերութեամբ պիտի տիրանաք ձեր անձերուն»:
Եւ ձեր համբերութեամբ պիտի շահէք ձեր հոգիները»:
20 «Երբ տեսնէք Երուսաղէմը՝ չորս կողմէն զօրքերով շրջապատուած, ա՛յն ատեն գիտցէք թէ մօտ է անոր աւերումը:
«Բայց երբ տեսնէք Երուսաղէմը՝ շրջապատուած զօրքերով, այն ժամանակ իմացէ՛ք, որ նրա աւերումը մօտ է:
21 Այն ատեն Հրէաստանի մէջ եղողները լեռնե՛րը թող փախչին, եւ անոր մէջ եղողները թող հեռանան, ու անոնք որ արտերն են՝ թող չմտնեն անոր մէջ.
Այն ժամանակ նրանք, որ Հրէաստանում են, թող փախչեն լեռները, եւ նրանք, որ Երուսաղէմի մէջ են, թող խոյս տան, իսկ նրանք, որ գաւառներում են, թող քաղաք չմտնեն,
22 որովհետեւ այդ օրերը՝ վրէժխնդրութեան օրեր են, որպէսզի իրագործուին բոլոր գրուածները:
որովհետեւ դրանք վրէժխնդրութեան օրեր են, որպէսզի կատարուեն բոլոր գրուածները:
23 Բայց վա՜յ այդ օրերը յղի եղողներուն եւ ծիծ տուողներուն, որովհետեւ մեծ հարկադրանք պիտի ըլլայ երկրի վրայ, ու բարկութիւն պիտի գայ այս ժողովուրդին վրայ:
Բայց այն օրերին վա՜յ է յղիներին եւ ստնտուներին, որովհետեւ մեծ տագնապ պիտի լինի երկրի վրայ եւ բարկութիւն՝ այս ժողովրդի հանդէպ:
24 Եւ սուրի բերանով պիտի իյնան, բոլոր ազգերուն մէջ գերի պիտի տարուին, ու Երուսաղէմը հեթանոսներուն ոտքի կոխան պիտի ըլլայ՝ մինչեւ որ լրանան հեթանոսներուն ժամանակները»:
Նրանք սրի պիտի քաշուեն, գերի պիտի տարուեն բոլոր հեթանոսներից. եւ Երուսաղէմը ոտքի կոխան պիտի լինի ազգերից, մինչեւ որ լրանան հեթանոսների ժամանակները»:
25 «Եւ արեւին, լուսինին ու աստղերուն վրայ նշաններ պիտի ըլլան, երկրի վրայ՝ ազգերը վարանումով պիտի կսկծին, եւ ծովն ու ալիքները պիտի գոռան:
«Եւ նշաններ պիտի լինեն արեգակի, լուսնի եւ աստղերի վրայ: Եւ երկրի վրայ պիտի լինի հեթանոսների տագնապ՝ ծովի եւ խռովութեան նման ահեղ ձայնի պատճառով,
26 Մարդոց սիրտերը պիտի նուաղին իրենց վախէն եւ երկրագունդին վրայ եկող բաներուն սպասելէն, որովհետեւ երկինքի զօրութիւնները պիտի սարսին:
աշխարհի վրայ գալիք պատահարների վախից եւ նախազգացումից մարդիկ պիտի մեռնեն, որովհետեւ երկնքի զօրութիւնները պիտի շարժուեն:
27 Այն ատեն պիտի տեսնեն մարդու Որդին ամպի մէջ եկած՝ զօրութեամբ ու մեծ փառքով:
Եւ այն ժամանակ պիտի տեսնեն մարդու Որդուն եկած՝ ամպերի վրայ, զօրութեամբ եւ մեծ փառքով:
28 Երբ այս բաները սկսին ըլլալ, ելէ՛ք եւ վերցուցէ՛ք ձեր գլուխը, որովհետեւ ձեր ազատագրութիւնը կը մօտենայ»:
Եւ երբ սկսուի այս բանը լինել, վե՛ր կացէք եւ ձեր գլուխները բարձրացրէ՛ք, որովհետեւ մօտ է ձեր փրկութիւնը»:
29 Առակ մըն ալ ըսաւ անոնց. «Տեսէ՛ք թզենին ու բոլոր ծառերը:
Եւ նրանց ասաց մի առակ. «Նայեցէ՛ք թզենուն եւ ամէն մի ծառի.
30 Երբ արդէն բողբոջին, տեսնելով դուք ձեզմէ կը գիտնաք թէ արդէն ամառը մօտ է:
երբ իրենց բողբոջը ցոյց են տալիս, տեսնում էք այն ու դրանից իմանում էք, որ մօտ է ամառը:
31 Նոյնպէս դուք՝ երբ եղած տեսնէք ասոնք, գիտցէ՛ք թէ Աստուծոյ թագաւորութիւնը մօտ է:
Նոյնպէս եւ դուք, երբ տեսնէք այս բոլորը կատարուած, իմացէ՛ք, որ Աստծու արքայութիւնը մօտ է:
32 Ճշմա՛րտապէս կը յայտարարեմ ձեզի. “Այս սերունդը պիտի չանցնի, մինչեւ որ այս բոլոր բաները ըլլան”:
Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ այս սերունդը չպիտի անցնի, մինչեւ որ այս բոլորը կատարուի:
33 Երկինքն ու երկիրը պիտի անցնին, բայց իմ խօսքերս բնա՛ւ պիտի չանցնին»:
Երկինքը եւ երկիրը կ՚անցնեն, բայց իմ խօսքերը չեն անցնի»:
34 «Ուշադի՛ր եղէք դուք ձեզի, որպէսզի ձեր սիրտերը չծանրանան կերուխումով, արբեցութեամբ եւ այս կեանքին հոգերով, ու այդ օրը անակնկալօրէն չհասնի ձեր վրայ.
«Զգո՛յշ եղէք ինքներդ ձեզնից. գուցէ ձեր սրտերը ծանրանան զեխութեամբ եւ հարբեցողութեամբ ու աշխարհիկ հոգսերով. եւ յանկարծակի հասնի ձեր վրայ այն օրը.
35 որովհետեւ վարմի մը պէս պիտի հասնի ամբողջ երկրի բոլոր բնակիչներուն վրայ:
որովհետեւ այդ օրը որոգայթի նման պիտի հասնի այն ամենքի վրայ, որոնք բնակւում են երկրագնդի ամբողջ երեսին:
36 Ուրեմն հսկեցէ՛ք եւ ամէ՛ն ատեն աղերսեցէք, որպէսզի արժանանաք զերծ մնալու այս բոլորէն՝ որոնք պիտի ըլլան, ու կայնելու մարդու Որդիին առջեւ»:
Արթո՛ւն կացէք այսուհետեւ, ամէն ժամ աղօ՛թք արէք, որպէսզի կարողանաք զերծ մնալ այն ամենից, որ լինելու է, եւ արժանի լինէք կանգնելու մարդու Որդու առաջ»:
37 Յիսուս ցերեկները կը սորվեցնէր տաճարին մէջ. իսկ գիշերները՝ դուրս կ՚ելլէր ու կը կենար Ձիթենիներու կոչուած լեռը:
Եւ ցերեկը ուսուցանում էր տաճարի մէջ, իսկ գիշերները ելնում էր, մնում այն լերան վրայ, որը կոչւում էր Ձիթենեաց:
38 Ամբողջ ժողովուրդը առտուն կանուխ կ՚երթար իրեն՝ տաճարին մէջ լսելու իր խօսքերը:
Եւ ամբողջ ժողովուրդը առաւօտները վաղ շտապում էր նրա մօտ՝ տաճարում նրան լսելու համար:

< ՂՈԻԿԱՍ 21 >