< ՂՈԻԿԱՍ 20 >

1 Այդ օրերէն մէկը, երբ տաճարին մէջ կը սորվեցնէր ժողովուրդին եւ կ՚աւետարանէր, քահանայապետներն ու դպիրները վրայ հասան՝ երէցներուն հետ,
Եւ այն օրերից մէկում, մինչ տաճարում ուսուցանում էր ժողովրդին եւ աւետարանում, վրայ հասան քահանայապետներն ու օրէնսգէտները՝ ծերերով հանդերձ,
2 եւ խօսեցան անոր՝ ըսելով. «Ըսէ՛ մեզի, ի՞նչ իշխանութեամբ կ՚ընես այդ բաները, կամ ո՞վ է այդ իշխանութիւնը քեզի տուողը»:
եւ ասացին նրան. «Ասա՛ մեզ, ի՞նչ իշխանութեամբ ես դու անում այդ, կամ ո՞վ է, որ քեզ տուեց այդ իշխանութիւնը»:
3 Ան ալ պատասխանեց անոնց. «Ես ալ ձեզի՛ հարցնեմ բան մը, եւ ըսէ՛ք ինծի.
Յիսուս պատասխան տուեց նրանց եւ ասաց. «Ես էլ ձեզ մի բան հարցնեմ, եւ դուք ինձ ասացէ՛ք.
4 “Յովհաննէսի մկրտութիւնը երկինքէ՞ն էր՝ թէ մարդոցմէ”»:
Յովհաննէսի մկրտութիւնը երկնքի՞ց էր, թէ՞՝ մարդկանցից»:
5 Անոնք իրենց մէջ մտածեցին ու ըսին.
Եւ նրանք իրենց մտքում խորհեցին եւ ասացին.
6 «Եթէ պատասխանենք. “Երկինքէն”, պիտի ըսէ. “Հապա ինչո՞ւ չհաւատացիք անոր”: Իսկ եթէ պատասխանենք. “Մարդոցմէ”, ամբողջ ժողովուրդը պիտի քարկոծէ մեզ, որովհետեւ հաստատ համոզուած են թէ Յովհաննէս մարգարէ էր»:
«Եթէ ասենք՝ երկնքից էր, կ՚ասի՝ իսկ ինչո՞ւ չհաւատացիք նրան. եւ եթէ ասենք՝ մարդկանցից, ամբողջ ժողովուրդը մեզ կը քարկոծի, որովհետեւ իրենց մտքում Յովհաննէսի մասին հաստատ համոզում կայ, թէ նա մարգարէ է»:
7 Ուստի պատասխանեցին թէ չեն գիտեր ուրկէ՛ էր:
Եւ պատասխան տուեցին, թէ չգիտեն որտեղից է:
8 Յիսուս ըսաւ անոնց. «Ես ալ չեմ ըսեր ձեզի թէ ի՛նչ իշխանութեամբ կ՚ընեմ այդ բաները»:
Եւ Յիսուս նրանց ասաց. «Ես էլ ձե՛զ չեմ ասի, թէ ինչ իշխանութեամբ եմ անում այս»:
9 Եւ սկսաւ սա՛ առակը ըսել ժողովուրդին. «Մարդ մը այգի տնկեց ու մշակներու յանձնեց զայն, եւ ճամբորդեց՝ երկար ժամանակի համար:
Եւ սկսեց ժողովրդին ասել այս առակը. «Մի մարդ այգի տնկեց եւ այն յանձնեց մշակներին, իսկ ինքը երկար ժամանակով ճանապարհորդութեան գնաց:
10 Ատենին՝ ծառայ մը ղրկեց մշակներուն, որպէսզի այգիին պտուղէն տան անոր. իսկ մշակները ծեծեցին զայն ու պարապ ճամբեցին:
Եւ յարմար ժամանակին մշակների մօտ մի ծառայ ուղարկեց, որպէսզի այգու պտղից իր բաժինը տան նրան. իսկ մշակները ծեծեցին նրան ու ձեռնունայն արձակեցին:
11 Ուրիշ ծառայ մըն ալ ղրկեց. անոնք ծեծեցին նաեւ զայն, անպատուեցին եւ պարապ ճամբեցին:
Տէրը դարձեալ մէկ ուրիշ ծառայ եւս ուղարկեց. նրանք սրան եւս ծեծեցին, անարգեցին եւ ձեռնունայն ճամբու դրին:
12 Երրորդ մը եւս ղրկեց. անոնք վիրաւորեցին զայն ալ, ու դուրս հանեցին:
Ապա ուղարկեց նաեւ մի երրորդի. նրանք սրան էլ վիրաւորեցին եւ այգուց դուրս հանեցին:
13 Ուստի այգիին տէրը ըսաւ. “Ի՞նչ ընեմ. ղրկե՛մ սիրելի որդիս, թերեւս պատկառին՝ տեսնելով զայն”:
Այգու տէրն ասաց. «Ի՞նչ անեմ. ուղարկեմ իմ սիրելի որդուն, թերեւս նրանից կը պատկառեն»:
14 Բայց մշակները՝ երբ տեսան զայն, մտածեցին իրարու հետ՝ ըսելով. “Ա՛յս է ժառանգորդը. եկէ՛ք սպաննենք զայն, որպէսզի ժառանգութիւնը մեզի մնայ”:
Երբ մշակները նրան տեսան, իրար հետ խորհուրդ արին եւ ասացին. «Սա՛ է ժառանգը, սպանենք սրան, որպէսզի ժառանգութիւնը մերը լինի»:
15 Եւ այգիէն դուրս հանեցին զայն ու սպաննեցին: Ուրեմն այգիին տէրը ի՞նչ պիտի ընէ անոնց.
Եւ նրան այգուց դուրս հանեցին ու սպանեցին: Արդ, այգու տէրը նրանց ի՞նչ կ՚անի:
16 պիտի գայ ու կորսնցնէ այդ մշակները, եւ այգին պիտի տայ ուրիշներու»:
Չէ՞ որ կը գայ ու կորստեան կը մատնի այդ մշակներին եւ այգին ուրիշներին կը տայ»:
17 Երբ ասիկա լսեցին՝ ըսին. «Ամե՛նեւին»: Ինք ալ նայեցաւ անոնց ու ըսաւ. «Հապա ի՞նչ է սա՛ գրուածը. “Այն քարը՝ որ կառուցանողները մերժեցին, անիկա՛ եղաւ անկիւնաքարը”:
Երբ այս լսեցին, ասացին. «Քա՛ւ լիցի»: Եւ Յիսուս նրանց նայելով՝ ասաց. «Իսկ ի՞նչ է այն, որ գրուած է, թէ՝ «Այն վէմը, որ անարգեցին շինողները, նա՛ է, որ անկիւնաքար եղաւ»:
18 Ո՛վ որ իյնայ այդ քարին վրայ՝ պիտի կոտրտի, եւ որո՛ւն վրայ որ իյնայ՝ պիտի փսորէ զայն»:
Ով որ այս վէմին բախուի, կը խորտակուի, եւ ում վրայ որ այն ընկնի, կը ճզմի նրան»:
19 Քահանայապետներն ու դպիրները կը ջանային նոյն ժամուն ձեռք բարձրացնել անոր վրայ, բայց կը վախնային ժողովուրդէն. քանի որ ըմբռնեցին թէ այդ առակը խօսեցաւ իրենց դէմ:
Եւ օրէնսգէտներն ու քահանայապետները նոյն պահին ուզում էին նրա վրայ ձեռք դնել, բայց ժողովրդից վախեցան, որովհետեւ հասկացան, թէ այն առակը իրենց մասին ասաց:
20 Անոր վրայ հսկելով՝ ղրկեցին քանի մը լրտեսներ, որոնք կեղծաւորութեամբ արդար կը ձեւացնէին իրենք զիրենք, որպէսզի խօսքո՛վ բռնեն զայն՝ տէրութեան ու կառավարիչին իշխանութեան մատնելու համար:
Եւ ապա յարմար առիթի սպասեցին եւ ուղարկեցին խաբեբաներ, որոնք իրենք իրենց, կեղծաւորութեամբ, արդար էին ձեւացնում, որպէսզի նրան խօսքերով բռնեն՝ մատնելու համար պետութեան եւ իշխանութեան կուսակալին:
21 Հարցուցին անոր. «Վարդապե՛տ, գիտենք թէ շիտակ կը խօսիս ու կը սորվեցնես, եւ աչառութիւն չես ըներ, հապա ճշմարտութեամբ կը սորվեցնես Աստուծոյ ճամբան:
Հարցրին նրան եւ ասացին. «Վարդապե՛տ, գիտենք, որ ճիշտ ես խօսում ու ուսուցանում եւ աչառութիւն չես անում, այլ ճշմարտութեամբ Աստծու ճանապարհն ես սովորեցնում:
22 Մեզի արտօնուա՞ծ է կայսրին տուրք տալ՝ թէ ոչ»:
Օրինաւո՞ր է մեզ համար կայսրին հարկ տալ, թէ՝ ոչ»:
23 Յիսուս՝ նշմարելով անոնց խորամանկութիւնը՝ ըսաւ անոնց. «Ինչո՞ւ կը փորձէք զիս:
Եւ նկատելով նրանց խորամանկութիւնը՝ ասաց նրանց.
24 Ցո՛յց տուէք ինծի դահեկան մը. որո՞ւն պատկերն ու գրութիւնը ունի վրան»: Անոնք պատասխանեցին. «Կայսրի՛ն»:
«Ցո՛յց տուէք ինձ դահեկանը»: Եւ նրանք ցոյց տուին:
25 Ինք ալ ըսաւ անոնց. «Ուրեմն ինչ որ կայսրինն է՝ տուէ՛ք կայսրին, եւ ինչ որ Աստուծոյ է՝ Աստուծո՛յ»:
Եւ նա ասաց. «Ո՞ւմ պատկերը եւ գիրը ունի դա»: Պատասխանեցին եւ ասացին՝ կայսրինը: Եւ նա նրանց ասաց. «Արդ, գնացէ՛ք տուէք կայսրինը՝ կայսեր, իսկ Աստծունը՝ Աստծուն»:
26 Այսպէս՝ չկրցան իր խօսքերով բռնել զայն ժողովուրդին առջեւ, ու լռեցին՝ զարմանալով անոր պատասխանին վրայ:
Եւ չկարողացան նրան խօսքերով բռնել ժողովրդի առաջ ու զարմանալով նրա պատասխանի վրայ՝ լռեցին:
27 Սադուկեցիներէն ոմանք եկան (որոնք կը հակաճառեն թէ յարութիւն չկայ, ) եւ հարցուցին անոր.
Սադուկեցիներից ոմանք, որոնք հակառակում էին, թէ յարութիւն չկայ, մօտենալով հարցրին նրան եւ ասացին.
28 «Վարդապե՛տ, Մովսէս գրեց մեզի. “Եթէ մէկուն եղբայրը մեռնի՝ կին մը ունենալով, բայց առանց զաւակի, անոր եղբայրը թող առնէ այդ կինը ու զարմ տայ իր եղբօր”:
«Վարդապե՛տ, Մովսէսը մեզ համար գրել է. «Եթէ մէկի եղբայրը, որը կին ունի, մեռնի, եւ նա անժառանգ լինի, թող նրա եղբայրը առնի այդ կնոջը եւ իր եղբօր համար զաւակ հասցնի»:
29 Ուրեմն եօթը եղբայրներ կային: Առաջինը կին մը առնելով՝ անզաւակ մեռաւ:
Արդ, եօթը եղբայրներ կային. առաջինը կին առաւ եւ անժառանգ մեռաւ:
30 Երկրորդն ալ առաւ այդ կինը եւ ինք ալ անզաւակ մեռաւ:
Նրան առաւ նաեւ երկրորդը. եւ նա էլ անժառանգ մեռաւ:
31 Երրորդն ալ առաւ զայն. նոյնպէս եօթն ալ, ու զաւակ չձգեցին եւ մեռան:
Նրան առաւ նաեւ երրորդը. եւ նոյն ձեւով՝ եօթն էլ... Եւ ժառանգներ չթողեցին:
32 Ամենէն ետք կինն ալ մեռաւ:
Մեռաւ եւ կինը:
33 Ուրեմն յարութեան ատեն՝ անոնցմէ որո՞ւն կինը պիտի ըլլայ, որովհետեւ եօթն ալ ունեցան զայն իբր կին»:
Արդ, յարութեան ժամանակ նրանցից ո՞ւմ կինը կը լինի, որովհետեւ եօթն էլ նրան կին առան»:
34 Յիսուս պատասխանեց անոնց. «Այս աշխարհի որդիները կ՚ամուսնանան եւ ամուսնութեան կը տրուին: (aiōn g165)
Յիսուս պատասխանեց նրանց եւ ասաց. «Այս աշխարհի որդիները կին են առնում եւ մարդու են գնում. (aiōn g165)
35 Բայց անոնք՝ որ պիտի արժանանան հասնիլ այն աշխարհին ու մեռելներէն յարութեան, ո՛չ պիտի ամուսնանան, ո՛չ ալ ամուսնութեան պիտի տրուին, (aiōn g165)
իսկ նրանք, որոնք արժանի կը լինեն այն աշխարհին հասնելու եւ մեռելներից յարութիւն առնելու, ո՛չ կին են առնում եւ ո՛չ էլ մարդու են գնում, (aiōn g165)
36 քանի որ ա՛լ չեն կրնար մեռնիլ. արդարեւ հրեշտակներուն հաւասար են եւ Աստուծոյ որդիներ են, յարութեան որդիներ ըլլալով:
քանի որ այլեւս մեռնել անգամ չեն կարող, որովհետեւ հրեշտակների նման են եւ Աստծու որդիներ, քանի որ յարութեան որդիներ են:
37 Բայց մեռելներուն յարութիւն առնելը՝ Մովսէ՛ս ալ ցոյց տուաւ մորենիին պատմութեան մէջ, երբ կը կոչէ Տէրը՝ “Աբրահամի Աստուածը, Իսահակի Աստուածը եւ Յակոբի Աստուածը”:
Իսկ թէ մեռելները յարութիւն են առնում, Մովսէսն էլ այդ գուշակեց մորենու օրինակի մէջ, ինչպէս որ ասում է Տիրոջ մասին՝ «Աստուած Աբրահամի, Աստուած Իսահակի եւ Աստուած Յակոբի»:
38 Աստուած մեռելներուն Աստուածը չէ, հապա՝ ողջերուն, որովհետեւ անոր համար՝ բոլորը կ՚ապրին»:
Իսկ Աստուած մեռելների Աստուածը չէ, այլ՝ ողջերի, որովհետեւ բոլորը նրա համար կենդանի են»:
39 Դպիրներէն ոմանք ըսին. «Վարդապե՛տ, ճի՛շդ ըսիր»:
Օրէնսգէտներից ոմանք նրան պատասխանեցին եւ ասացին. «Վարդապե՛տ, լա՛ւ ասացիր»:
40 Եւ ա՛լ չէին յանդգներ բան մը հարցնել անոր:
Եւ այլեւս ոչ ոք չէր համարձակւում նրան որեւէ բան հարցնել:
41 Ըսաւ անոնց. «Ի՞նչպէս կ՚ըսեն թէ “Քրիստոս Դաւիթի որդին է”:
Յիսուս նրանց էլ ասաց. «Քրիստոսի համար ինչպէ՞ս են ասում, թէ Դաւթի որդին է.
42 Դաւիթ ի՛նք Սաղմոսներու գիրքին մէջ կ՚ըսէ. “Տէրը ըսաւ իմ Տէրոջս. «Բազմէ՛ իմ աջ կողմս,
քանի որ Դաւիթն ինքը Սաղմոսների գրքում ասում է. «Տէրն ասաց իմ Տիրոջը՝ նստի՛ր իմ աջ կողմում,
43 մինչեւ որ քու թշնամիներդ պատուանդան դնեմ ոտքերուդ»”:
մինչեւ որ քո թշնամիներին ոտքերիդ պատուանդան դնեմ»:
44 Ուրեմն Դաւիթ զայն Տէր կը կոչէ. հապա ի՞նչպէս իր որդին կ՚ըլլայ ան»:
Իսկ արդ, եթէ Դաւիթը նրան Տէր է կոչում, Նա ինչպէ՞ս նրա որդին կը լինի»:
45 Ամբողջ ժողովուրդին առջեւ ըսաւ իր աշակերտներուն.
Եւ մինչ ամբողջ ժողովուրդը լսում էր, ասաց իր աշակերտներին.
46 «Զգուշացէ՛ք դպիրներէն, որոնք կ՚ուզեն երկայն պարեգօտներով շրջիլ, կը սիրեն բարեւները՝ հրապարակներուն վրայ, առաջին աթոռները՝ ժողովարաններու մէջ, եւ առաջին բազմոցները՝ ընթրիքներու մէջ.
«Զգուշացէ՛ք օրէնսգէտներից, որոնք ուզում են պատմուճաններով շրջել եւ սիրում են ողջոյններ ընդունել հրապարակներում ու առաջին աթոռները գրաւել ժողովարաններում եւ պատուոյ տեղերը նստել ընթրիքների ժամանակ,
47 որոնք այրիներուն տուները կը լափեն, ու մարդոց երեւնալու համար՝ աղօթքը կ՚երկարեն: Անոնք աւելի՛ խստութեամբ պիտի դատուին՝՝»:
որոնք իւրացնում են այրիների տները եւ ձեւականօրէն երկարում են իրենց աղօթքները: Նրանք աւելի խիստ դատավճիռ պիտի ստանան»:

< ՂՈԻԿԱՍ 20 >