< ՂՈԻԿԱՍ 18 >

1 Առակ մըն ալ ըսաւ անոնց, որ գիտնան թէ պէտք է ամէ՛ն ատեն աղօթել՝ առանց ձանձրանալու:
Մի առակ էլ ասաց նրանց այն մասին, թէ նրանք ամէն ժամ պէտք է աղօթեն ու չձանձրանան:
2 Ըսաւ. «Քաղաքի մը մէջ դատաւոր մը կար, որ Աստուծմէ չէր վախնար ու մարդ չէր յարգեր:
Ասաց. «Մի քաղաքում մի դատաւոր կար. Աստծուց չէր վախենում եւ մարդկանցից չէր ամաչում:
3 Նոյն քաղաքին մէջ այրի մըն ալ կար, որ կու գար անոր եւ կ՚ըսէր. “Պաշտպանէ՛ իմ իրաւունքս՝ ոսոխիս դէմ”:
Եւ նոյն քաղաքում մի այրի կար, որ գալիս էր նրա մօտ եւ ասում. «Իմ ոսոխի դէմ իմ դատը տես»:
4 Ան ժամանակ մը չէր ուզեր անոր մտիկ ընել. բայց յետոյ ըսաւ ինքնիրեն. “Թէպէտ Աստուծմէ չեմ վախնար ու մարդ չեմ յարգեր,
Եւ դատաւորը երկար ժամանակ չէր ուզում. դրանից յետոյ իր մտքում ասաց. «Թէեւ Աստծուց չեմ վախենում եւ մարդկանցից չեմ ամաչում,
5 գո՛նէ պաշտպանեմ այս այրիին իրաւունքը՝ զիս անհանգստացնելուն համար, որպէսզի չգայ ամէն ատեն թախանձէ ինծի”»:
բայց այն բանի համար, որ այրի կինը ինձ յոգնեցնում է, նրա դատը տեսնեմ, որպէսզի անընդհատ չգայ եւ ինձ չանհանգստացնի»:
6 Եւ Տէրը ըսաւ. «Լսեցէ՛ք ի՛նչ կ՚ըսէ անիրաւ դատաւորը:
Եւ Տէրն ասաց. «Լսեցէ՛ք, թէ ինչ էր ասում անիրաւ դատաւորը:
7 Հապա Աստուած պիտի չպաշտպանէ՞ իր ընտրեալներուն իրաւունքը, որոնք կը գոչեն իրեն ցերեկ ու գիշեր, թէեւ համբերատար ըլլայ անոնց հանդէպ:
Իսկ Աստուած արդարութիւն չի՞ անի իր այն ծառաներին, որոնք գիշեր եւ ցերեկ աղաղակում են. եւ նրանց հանդէպ միայն համբերատա՞ր կը լինի:
8 Կը յայտարարեմ ձեզի թէ շուտո՛վ պիտի պաշտպանէ անոնց իրաւունքը. բայց երբ մարդու Որդին գայ, արդեօք հաւատք պիտի գտնէ՞ երկրի վրայ»:
Այո՛, ասում եմ ձեզ, նրանց իսկոյն արդարութիւն կ՚անի. իսկ երբ մարդու Որդին գայ, արդեօք երկրի վրայ հաւատ կը գտնի՞»:
9 Սա՛ առակն ալ ըսաւ ոմանց, որոնք իրենք իրենց վրայ կը վստահէին թէ արդար են, եւ կ՚անարգէին ուրիշները.
Այս առակն էլ ասաց ոմանց, որոնք իրենք իրենցով պարծենում էին, թէ արդար են, եւ արհամարհում էին ուրիշ շատերին:
10 «Երկու մարդ տաճարը բարձրացաւ աղօթելու, մէկը՝ Փարիսեցի, ու միւսը՝ մաքսաւոր:
«Երկու մարդ տաճար ելան աղօթքի կանգնելու. մէկը՝ փարիսեցի, միւսը՝ մաքսաւոր:
11 Փարիսեցին կայնած էր եւ սա՛պէս կ՚աղօթէր ինքնիրեն. “Ո՛վ Աստուած, շնորհակալ եմ քեզմէ՝ որ ուրիշ մարդոց պէս չեմ, յափշտակող, անիրաւ, շնացող, կամ ալ այս մաքսաւորին պէս.
Փարիսեցին կանգնած էր մեկուսի եւ, ինքն իրեն, այս աղօթքն էր ասում. «Աստուած իմ, շնորհակալ եմ քեզնից, որ ես նման չեմ ուրիշ մարդկանց, ինչպէս՝ յափշտակողները, անիրաւներն ու շնացողները, եւ կամ ինչպէս այս մաքսաւորը.
12 հապա շաբաթը երկու անգամ ծոմ կը պահեմ, եւ ամբողջ եկամուտիս տասանորդը կու տամ”:
այլ շաբաթը երկու անգամ ծոմ եմ պահում եւ տասանորդ եմ տալիս իմ ամբողջ եկամտից»:
13 Իսկ մաքսաւորը հեռուն կայնած էր, ու չէր ուզեր աչքն ալ բարձրացնել երկինք, հապա՝ ծեծելով իր կուրծքը՝ կ՚ըսէր. “Աստուա՛ծ, ներէ՛ ինծի՝ մեղաւորիս”:
Իսկ մաքսաւորը կանգնած էր մեկուսի եւ չէր իսկ կամենում իր աչքերը երկինք բարձրացնել, այլ ծեծում էր կուրծքը եւ ասում. «Աստուա՛ծ, ների՛ր ինձ՝ մեղաւորիս»:
14 Կը յայտարարեմ ձեզի թէ ասիկա այն միւսէն աւելի արդարացած իջաւ իր տունը. որովհետեւ ո՛վ որ կը բարձրացնէ ինքզինք՝ պիտի խոնարհի, իսկ ո՛վ որ կը խոնարհեցնէ ինքզինք՝ պիտի բարձրանայ»:
Ասում եմ ձեզ, սա՛ իջաւ իր տունը արդարացած, ոչ թէ միւսը. որովհետեւ, ով որ բարձրացնում է իր անձը, կը խոնարհուի, եւ ով որ խոնարհեցնում է իր անձը, կը բարձրացուի»:
15 Երախաներ ալ բերին իրեն՝ որպէսզի դպչի անոնց: Աշակերտները տեսնելով՝ կը յանդիմանէին զանոնք:
Մանուկներին էլ մօտեցնում էին նրան, որպէսզի նրանց դիպչի. երբ աշակերտները այդ տեսան, սաստեցին բերողներին:
16 Բայց Յիսուս իրեն կանչելով զանոնք՝ ըսաւ. «Թո՛յլ տուէք այդ մանուկներուն՝ որ ինծի՛ գան, եւ մի՛ արգիլէք զանոնք, որովհետեւ Աստուծոյ թագաւորութիւնը այդպիսիներո՛ւնն է:
Իսկ Յիսուս կանչելով մանուկներին իր մօտ՝ ասաց. «Թո՛յլ տուէք այդ մանուկներին, որ ինձ մօտ գան, եւ մի՛ արգելէք նրանց, որովհետեւ այդպիսիներինն է Աստծու արքայութիւնը:
17 Ճշմա՛րտապէս կը յայտարարեմ ձեզի. “Ո՛վ որ Աստուծոյ թագաւորութիւնը չընդունի մանուկի մը պէս, բնա՛ւ պիտի չմտնէ անոր մէջ”»:
Ճշմարիտ եմ ասում ձեզ, ով որ Աստծու արքայութիւնը չընդունի ինչպէս մի մանուկ, այնտեղ չի մտնի»:
18 Պետ մը հարցուց անոր. «Բարի՛ վարդապետ, ի՞նչ ընեմ՝ որ ժառանգեմ յաւիտենական կեանքը»: (aiōnios g166)
Մի իշխանաւոր նրան հարցրեց եւ ասաց. «Բարի՛ Վարդապետ, ի՞նչ պիտի անեմ, որ յաւիտենական կեանքը ժառանգեմ»: (aiōnios g166)
19 Յիսուս ըսաւ անոր. «Ինչո՞ւ բարի կը կոչես զիս. Աստուծմէ զատ բարի չկայ:
Յիսուս նրան ասաց. «Ինչո՞ւ ինձ բարի ես կոչում. ոչ ոք բարի չէ, այլ միայն՝ Աստուած:
20 Պատուիրանները գիտես. շնութիւն մի՛ ըներ, սպանութիւն մի՛ ըներ, գողութիւն մի՛ ըներ, սուտ վկայութիւն մի՛ տար, պատուէ՛ հայրդ ու մայրդ»:
Պատուիրանները գիտես՝ մի՛ շնացիր, մի՛ սպանիր, մի՛ գողացիր, սուտ մի՛ վկայիր, մեծարի՛ր քո հօրը եւ մօրը»:
21 Ան ալ ըսաւ. «Պահած եմ այդ բոլորը՝ պատանութենէս ի վեր»:
Եւ նա ասաց. «Այդ բոլորը պահել եմ իմ մանկութիւնից»:
22 Լսելով ասիկա՝ Յիսուս ըսաւ անոր. «Տակաւին մէ՛կ բան կը պակսի քեզի. ծախէ՛ ամբողջ ունեցածդ եւ բաշխէ՛ աղքատներուն, ու գանձ պիտի ունենաս երկինքը. ապա հետեւէ՛ ինծի»:
Երբ Յիսուս այս լսեց, ասաց նրան. «Դեռ մի բան պակաս է քեզ. ինչ որ ունես, վաճառի՛ր եւ տո՛ւր աղքատներին եւ երկնքում գանձեր կ՚ունենաս, եւ արի՛ իմ յետեւից»:
23 Ան ալ՝ երբ լսեց այս խօսքը՝ շատ տրտմեցաւ, որովհետեւ շատ հարուստ էր:
Երբ նա այս լսեց, տրտմեց, որովհետեւ չափազանց հարուստ էր:
24 Երբ Յիսուս տեսաւ զայն՝ շատ տրտմած, ըսաւ. «Ո՜րչափ դժուար է մտնել Աստուծոյ թագաւորութիւնը անոնց՝ որ դրամ ունին:
Երբ Յիսուս նրան տեսաւ տրտմած, ասաց. «Ինչքա՜ն դժուարութեամբ Աստծու արքայութիւնը կը մտնեն նրանք, որոնք հարստութիւն ունեն:
25 Որովհետեւ աւելի դիւրին է՝ որ ուղտը անցնի ասեղին ծակէն, քան թէ հարուստը մտնէ Աստուծոյ թագաւորութիւնը»:
Աւելի հեշտ է, որ պարանը ասեղի ծակից անցնի, քան թէ մի մեծահարուստ Աստծու արքայութիւնը մտնի»:
26 Անոնք որ լսեցին՝ ըսին. «Ա՛լ ո՞վ կրնայ փրկուիլ»:
Եւ նրանք, որ լսեցին, ասացին. «Իսկ ո՞վ կարող է փրկուել»:
27 Ինք ըսաւ. «Մարդոց քով անկարելի եղած բաները՝ Աստուծոյ քով կարելի են»:
Եւ նա ասաց. «Ինչ որ անհնար է մարդկանց համար, Աստծու համար հնարաւոր է»:
28 Պետրոս ըսաւ. «Ահա՛ մենք թողուցինք ամէն ինչ ու հետեւեցանք քեզի»:
Եւ Պետրոսն ասաց. «Ահա մենք մեր ամէն ինչը թողեցինք եւ եկանք քո յետեւից»:
29 Ան ալ ըսաւ անոնց. «Ճշմա՛րտապէս կը յայտարարեմ ձեզի. “Չկայ մէկը՝ որ թողուցած ըլլայ տուն, ծնողներ, եղբայրներ, կին, կամ զաւակներ՝ Աստուծոյ թագաւորութեան համար,
Եւ Յիսուս ասաց նրանց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, չկայ մէկը, որ թողած լինի տունը, կամ ծնողներին, կամ եղբայրներին, կամ կնոջը, կամ զաւակներին՝ Աստծու արքայութեան համար,
30 եւ չստանայ բազմապատի՛կը ա՛յս ատեն, ու յաւիտենական կեանքը՝ գալիք աշխարհին մէջ”»: (aiōn g165, aiōnios g166)
եւ այս ներկայ ժամանակում բազմապատիկ չստանայ ու յաւիտենական կեանքը չժառանգի այն աշխարհում, որ գալու է»: (aiōn g165, aiōnios g166)
31 Տասներկուքը իր քով առնելով՝ ըսաւ անոնց. «Ահա՛ մենք Երուսաղէմ կը բարձրանանք, ու մարգարէներուն միջոցով մարդու Որդիին մասին բոլոր գրուածները պիտի կատարուին:
Եւ Տասներկուսին, առանձին, մի կողմ տանելով՝ նրանց ասաց. «Ահաւասիկ ելնում ենք դէպի Երուսաղէմ, եւ մարգարէների միջոցով մարդու Որդու մասին բոլոր գրուածները պիտի կատարուեն.
32 Որովհետեւ հեթանոսներուն պիտի մատնուի եւ պիտի ծաղրուի, պիտի նախատուի ու պիտի թքնեն անոր վրայ,
որովհետեւ նա պիտի մատնուի հեթանոսներին եւ պիտի ծաղրուի.
33 պիտի խարազանեն եւ սպաննեն զայն. ու յարութիւն պիտի առնէ երրորդ օրը»:
նրան պիտի ձաղկեն ու սպանեն, եւ երրորդ օրը յարութիւն պիտի առնի»:
34 Բայց անոնք այս բաներէն ո՛չ մէկը հասկցան. այս խօսքը ծածկուած էր անոնցմէ, եւ չէին հասկնար ըսած բաները:
Եւ առաքեալները այս բոլորից ոչինչ չիմացան, այլ խօսքը նրանցից ծածկուած էր, եւ ասուածները չէին ըմբռնում:
35 Երբ ինք Երիքովի կը մօտենար, կոյր մը նստած էր ճամբային եզերքը՝ մուրալու:
Եւ երբ նա մօտենում էր Երիքովին, ճանապարհի վրայ նստել էր մի կոյր մուրացկան:
36 Երբ լսեց բազմութեան անցնիլը, հարցափորձեց թէ ի՛նչ էր այդ:
Երբ սա լսեց, որ ժողովուրդը անցնում է, հարցրեց, թէ՝ այդ ի՞նչ է:
37 Լուր տուին իրեն թէ Յիսուս Նազովրեցին կ՚անցնի:
Եւ նրան պատմեցին, թէ անցնում է Յիսուս Նազովրեցին:
38 Ան ալ գոչեց. «Յիսո՛ւս, Դաւիթի՛ Որդի, ողորմէ՜ ինծի»:
Նա աղաղակեց եւ ասաց. «Յիսո՛ւս, Դաւթի՛ Որդի, ողորմի՛ր ինձ»:
39 Անոնք որ առջեւէն կ՚երթային՝ կը յանդիմանէին զայն, որպէսզի լռէ: Բայց ան ա՛լ աւելի կ՚աղաղակէր. «Դաւիթի՛ Որդի, ողորմէ՜ ինծի»:
Եւ առջեւից գնացողները սաստեցին նրան, որ լռի: Իսկ նա առաւել եւս աղաղակում էր. «Դաւթի՛ Որդի, ողորմի՛ր ինձ»:
40 Յիսուս կանգ առնելով՝ հրամայեց որ իրեն բերեն զայն: Երբ ան մօտեցաւ, հարցուց անոր.
Յիսուս տեղում կանգնեց եւ հրամայեց իր մօտ բերել նրան. եւ երբ կոյրը մօտեցաւ, նրան հարցրեց եւ ասաց.
41 «Ի՞նչ կ՚ուզես՝ որ ընեմ քեզի»: Ան ալ ըսաւ. «Տէ՛ր, թող աչքերս բացուին՝՝»:
«Ի՞նչ ես կամենում դու, որ ես քեզ համար անեմ»: Եւ սա ասաց. «Որ բացուեն աչքերս, եւ տեսնեմ, Տէ՛ր»:
42 Յիսուս ըսաւ անոր. «Թող բացուին. հաւատքդ բուժեց քեզ»:
Եւ Յիսուս նրան ասաց. «Նայի՛ր. քո հաւատը քեզ փրկեց»:
43 Անմի՛ջապէս իր աչքերը բացուեցան, եւ կը հետեւէր անոր՝ փառաբանելով Աստուած: Ամբողջ ժողովուրդն ալ՝ երբ տեսաւ՝ գովաբանեց Աստուած:
Եւ իսկոյն կոյրը տեսաւ. գնում էր Յիսուսի յետեւից եւ փառք էր տալիս Աստծուն: Եւ ամբողջ ժողովուրդը տեսնելով այս՝ Աստծուն գոհութիւն էր տալիս:

< ՂՈԻԿԱՍ 18 >