< ՂՈԻԿԱՍ 15 >

1 Բոլոր մաքսաւորներն ու մեղաւորները անոր կը մօտենային՝ զինք լսելու համար:
Եւ բոլոր մաքսաւորներն ու մեղաւորները նրա մօտն էին, որպէսզի լսեն նրան:
2 Իսկ Փարիսեցիները եւ դպիրները կը տրտնջէին ու կ՚ըսէին. «Ասիկա կ՚ընդունի մեղաւորները եւ կ՚ուտէ անոնց հետ»:
Փարիսեցիներն ու օրէնսգէտները տրտնջում էին եւ ասում. «Ինչո՞ւ է սա ընդունում մեղաւորներին եւ ուտում նրանց հետ»:
3 Ան ալ սա՛ առակը խօսեցաւ անոնց.
Յիսուս նրանց այս առակն ասաց.
4 «Ձեզմէ ո՞վ է այն մարդը, որ եթէ ունենայ հարիւր ոչխար ու կորսնցնէ անոնցմէ մէկը, չի ձգեր իննսունինը անապատին մէջ եւ երթար այդ կորսուածին ետեւէն, մինչեւ որ գտնէ զայն:
«Ձեզնից ո՞վ է այն մարդը, որ, երբ հարիւր ոչխար ունենայ եւ կորցնի նրանցից մէկը, արօտավայրում չի թողնի իննսունիննին եւ չի գնայ կորածի յետեւից, մինչեւ որ այն գտնի:
5 Ու երբ գտնէ, ուրախանալով կը դնէ զայն իր ուսերուն վրայ,
Եւ երբ այն գտնի, կը դնի այն իր ուսերի վրայ խնդութեամբ
6 եւ տուն գալով՝ կը հրաւիրէ բարեկամներն ու դրացիները, եւ կ՚ըսէ անոնց. “Ուրախացէ՛ք ինծի հետ, որովհետեւ գտայ կորսուած ոչխարս”:
եւ կը գնայ տուն, կը կանչի բարեկամներին եւ հարեւաններին ու նրանց կ՚ասի. ուրախացէ՛ք ինձ հետ, որովհետեւ գտայ իմ կորած ոչխարը:
7 Կը յայտարարեմ ձեզի թէ ա՛յսպէս ուրախութիւն պիտի ըլլայ երկինքը մէ՛կ մեղաւորի համար՝ որ կ՚ապաշխարէ, քան իննսունինը արդարներու համար՝ որոնց ապաշխարութիւն պէտք չէ»:
Ասում եմ ձեզ, որ այսպէս ուրախութիւն կը լինի երկնքում մի մեղաւորի համար, որն ապաշխարում է, քան իննսունինը արդարների համար, որոնց ապաշխարութիւն պէտք չէ:
8 «Կամ՝ ո՞վ է այն կինը, որ եթէ տասը դրամ ունենայ ու դրամ մը կորսնցնէ, ճրագ չի վառեր, տունը չ՚աւլեր եւ ուշադրութեամբ փնտռեր, մինչեւ որ գտնէ:
Կամ՝ ո՞վ է այն կինը, որ, երբ տասը դրամ ունենայ եւ մի դրամ կորցնի, ճրագ չի վառի եւ չի աւլի տունը փութով ու չի փնտռի, մինչեւ որ գտնի:
9 Ու երբ գտնէ, կը հրաւիրէ բարեկամներն ու դրացիները, եւ կ՚ըսէ. “Ուրախացէ՛ք ինծի հետ, որովհետեւ գտայ կորսնցուցած դրամս”:
Եւ երբ գտնի, կը կանչի բարեկամներին եւ հարեւաններին ու կ՚ասի. «Ուրախացէ՛ք ինձ հետ, որովհետեւ գտայ իմ կորցրած դրամը»:
10 Ա՛յդպէս ալ, կը յայտարարեմ ձեզի, ուրախութիւն կ՚ըլլայ Աստուծոյ հրեշտակներուն առջեւ մէ՛կ մեղաւորի համար՝ որ կ՚ապաշխարէ»:
Ասում եմ ձեզ, Աստծու հրեշտակների առաջ այսպէս ուրախութիւն կը լինի մէկ մեղաւորի համար, որն ապաշխարում է»:
11 Ապա ըսաւ. «Մարդ մը ունէր երկու որդի:
Եւ ասաց. «Մի մարդ երկու որդի ունէր.
12 Անոնցմէ կրտսերը ըսաւ հօրը. “Հա՛յր, տո՛ւր ինծի քու ունեցածէդ ինծի վիճակուելիք բաժինը”: Ան ալ բաժնեց անոնց իր ունեցածը:
նրանցից կրտսերը հօրն ասաց. «Հա՛յր, տո՛ւր քո ունեցուածքից ինձ ընկնող բաժինը»: Եւ նա ունեցուածքը բաժանեց նրանց:
13 Շատ օրեր չանցած՝ կրտսեր որդին ժողվեց բոլոր բաները, մեկնեցաւ հեռաւոր երկիր մը, ու հոն փճացուց իր ունեցածը՝ անառակութեամբ ապրելով:
Քիչ օրեր յետոյ, կրտսեր որդին, փողի վերածելով ամէն ինչ, գնաց հեռու աշխարհ եւ այնտեղ վատնեց իր ունեցուածքը, որովհետեւ անառակ կեանքով էր ապրում:
14 Երբ ծախսեց ամէնը՝ սաստիկ սով մը եղաւ այդ երկրին մէջ, եւ ինք սկսաւ կարօտութեան մէջ ըլլալ:
Եւ երբ ամէն ինչ սպառեց, այդ երկրում սաստիկ սով եղաւ, եւ նա սկսեց չքաւոր դառնալ:
15 Ուստի գնաց՝ այդ երկրին քաղաքացիներէն մէկուն քով մտաւ. ան ալ իր արտը ղրկեց զայն՝ խոզ արածելու համար:
Գնաց դիմեց այդ երկրի քաղաքացիներից մէկին, եւ սա ուղարկեց նրան իր ագարակը՝ խոզեր արածեցնելու:
16 Կը ցանկար խոզերուն կերած եղջիւրէն իր փորը լեցնել, բայց ո՛չ մէկը կու տար անոր:
Եւ նա ցանկանում էր իր որովայնը լցնել եղջերենու պտղով, որ խոզերն էին ուտում, բայց ոչ ոք այդ նրան չէր տալիս:
17 Եւ ինքնիրեն գալով՝ ըսաւ. “Քանի՜ վարձկաններ կան հօրս տունը՝ հացով լիացած, ու ես հոս սովամահ կը կորսուիմ:
Ապա խելքի եկաւ եւ ասաց. «Քանի՜ վարձու աշխատաւորներ կան իմ հօր տանը, որ առատ հաց ունեն, եւ ես այստեղ սովամահ կորչում եմ:
18 Կանգնիմ, երթամ հօրս քով եւ ըսեմ անոր. «Հա՛յր, մեղանչեցի երկինքի դէմ ու քու առջեւդ,
Վեր կենամ գնամ իմ հօր մօտ եւ նրան ասեմ. հա՛յր, մեղանչեցի երկնքի դէմ ու քո առաջ
19 եւ ա՛լ արժանի չեմ քու որդիդ կոչուելու. ըրէ՛ զիս վարձկաններէդ մէկուն պէս»”:
եւ այլեւս արժանի չեմ քո որդին կոչուելու, ինձ վերցրո՛ւ իբրեւ քո աշխատաւորներից մէկը»:
20 Ուստի կանգնեցաւ ու գնաց իր հօր քով: Մինչ ինք դեռ շատ հեռու էր՝ հայրը տեսաւ զայն եւ գթաց. վազելով՝ անոր վիզին վրայ ինկաւ ու համբուրեց զայն:
Եւ վեր կացաւ եկաւ իր հօր մօտ. եւ մինչ դեռ հեռու էր, հայրը տեսաւ նրան եւ գթաց. վեր կացաւ եւ վազեց նրան ընդառաջ, ընկաւ նրա պարանոցով եւ համբուրեց նրան:
21 Որդին ալ ըսաւ անոր. “Հա՛յր, մեղանչեցի երկինքի դէմ ու քու առջեւդ, եւ ա՛լ արժանի չեմ քու որդիդ կոչուելու”:
Եւ որդին ասաց նրան. «Հա՛յր, մեղանչեցի երկնքի դէմ եւ քո առաջ, այլեւս արժանի չեմ քո որդին կոչուելու»:
22 Բայց հայրը ըսաւ իր ծառաներուն. “Հանեցէ՛ք առաջին պարեգօտը եւ հագցուցէ՛ք անոր, մատանի՛ դրէք անոր ձեռքը ու կօշիկներ՝ անոր ոտքերը:
Հայրը իր ծառաներին ասաց. «Անմիջապէս հանեցէ՛ք նրա նախկին պատմուճանը եւ հագցրէ՛ք նրան, մատանին նրա մատը դրէք եւ նրա ոտքերին՝ կօշիկներ.
23 Եւ բերէ՛ք պարարտ զուարակը, մորթեցէ՛ք, ուտե՛նք ու զուարճանա՛նք.
բերէ՛ք պարարտ եզը, մորթեցէ՛ք, ուտենք եւ ուրախ լինենք,
24 որովհետեւ այս որդիս մեռած էր՝ եւ վերապրեցաւ, կորսուած էր՝ ու գտնուեցաւ”: Եւ սկսան զուարճանալ:
որովհետեւ իմ այս որդին մեռած էր եւ կենդանացաւ, կորած էր եւ գտնուեց». եւ սկսեցին ուրախանալ:
25 Անոր երէց որդին արտն էր. երբ եկաւ ու մօտեցաւ տան, լսեց նուագարաններու եւ պարերու ձայնը,
Իսկ նրա աւագ որդին ագարակում էր. եւ մինչ գալիս էր եւ տանը մօտեցաւ, լսեց երգերի եւ պարերի ձայնը.
26 ու իրեն կանչելով ծառաներէն մէկը՝ հարցափորձեց թէ ի՛նչ էր այդ:
եւ իր մօտ կանչելով ծառաներից մէկին՝ հարցրեց, թէ այդ ի՞նչ է:
27 Ան ալ ըսաւ անոր. “Եղբայրդ եկաւ, ու հայրդ մորթեց պարարտ զուարակը, որովհետեւ ողջ առողջ վերստացաւ զայն”:
Եւ սա նրան ասաց. «Քո եղբայրը եկել է, եւ քո հայրը մորթեց պարարտ եզը, որովհետեւ ողջ առողջ ընդունեց նրան»:
28 Իսկ ինք բարկացաւ եւ չէր ուզեր ներս մտնել. ուստի իր հայրը դուրս ելլելով՝ կ՚աղաչէր անոր:
Նա բարկացաւ եւ չէր ուզում ներս մտնել. իսկ հայրը դուրս ելնելով՝ աղաչում էր նրան:
29 Ան ալ պատասխանեց իր հօր. “Ահա՛ այսչափ տարի է՝ որ կը ծառայեմ քեզի, ու բնա՛ւ քու պատուիրանդ զանց չըրի. սակայն երբե՛ք ուլ մը չտուիր ինծի՝ որ զուարճանայի բարեկամներուս հետ:
Որդին պատասխանեց եւ ասաց հօրը. «Այս քանի՜ տարի է, որ ծառայում եմ քեզ եւ երբեք քո հրամանները զանց չեմ արել. ինձ երբեք մի ուլ չտուիր, որ բարեկամներիս հետ ուրախութիւն անէի:
30 Բայց երբ եկաւ այդ որդիդ՝ որ լափեց քու ունեցածդ պոռնիկներու հետ, մորթեցիր անոր պարարտ զուարակը”:
Երբ եկաւ քո այդ որդին, որը քո ունեցուածքը կերաւ պոռնիկների հետ, պարարտ եզը նրա համար մորթեցիր»:
31 Ան ալ ըսաւ անոր. “Որդեա՛կ, դուն միշտ ինծի հետ ես, ու ամբողջ ունեցածս քո՛ւկդ է:
Հայրը նրան ասաց. «Որդեա՛կ, դու միշտ ինձ հետ ես, եւ ամէն ինչ, որ իմն է, քոնն է.
32 Սակայն պէտք էր զուարճանալ եւ ուրախանալ, որովհետեւ այս եղբայրդ մեռած էր՝ ու վերապրեցաւ, կորսուած էր՝ եւ գտնուեցաւ”»:
բայց պէտք էր ուրախ լինել եւ ցնծալ, որովհետեւ քո այս եղբայրը մեռած էր եւ կենդանացաւ, կորած էր եւ գտնուեց»:

< ՂՈԻԿԱՍ 15 >