< ՂՈԻԿԱՍ 1 >

1 Քանի շատեր ձեռնարկեցին կարգի դնել մեր մէջ հաստատ գիտցուած բաներուն պատմութիւնը,
Քանի որ շատերը ձեռնարկեցին շարադրել մեզանում կատարուած դէպքերի պատմութիւնը,
2 ինչպէս սկիզբէն աւանդեցին մեզի ականատես վկաները եւ խօսքին սպասաւորները,
ինչպէս մեզ աւանդեցին նրանք, որ սկզբից Խօսքի ականատեսներն ու սպասաւորները եղան,
3 ինծի՛ ալ՝ որ սկիզբէն հետեւած էի այդ բոլոր բաներուն՝ յարմար թուեցաւ կարգով գրել քեզի, պատուակա՛ն Թէոփիլոս,
ես էլ, որ սկզբից ստուգութեամբ հետամուտ էի եղել ամէն բանի, կամեցայ կարգով քեզ գրել, ո՛վ գերազանցդ Թէոփիլէ,
4 որպէսզի գիտնաս ստոյգը այն բաներուն մասին՝ որոնց համաձայն կրթուեցար:
որպէսզի ճանաչես ճշմարտութիւնն այն խօսքերի, որոնց աշակերտեցիր:
5 Հրէաստանի Հերովդէս թագաւորին օրերը՝ Աբիայի դասէն Զաքարիա անունով քահանայ մը կար, որուն կինը Ահարոնի աղջիկներէն էր, անունը՝ Եղիսաբէթ:
Հրէաստանի Հերովդէս թագաւորի օրով, Աբիայի քահանայական ընտանիքից Զաքարիա անունով մի քահանայ կար, որի կինը Ահարոնի դստրերից էր. նրա անունը Եղիսաբեթ էր:
6 Երկուքն ալ Աստուծոյ առջեւ արդար էին, անմեղադրելի կերպով ընթանալով Տէրոջ բոլոր պատուիրաններուն եւ կանոններուն համաձայն:
Եւ երկուսն էլ Աստծու առաջ արդար էին ու անարատ կերպով ընթանում էին Տիրոջ բոլոր պատուիրանների եւ օրէնքների ճանապարհով:
7 Զաւակ չունէին, որովհետեւ Եղիսաբէթ ամուլ էր, ու երկուքն ալ յառաջացած տարիք ունէին:
Նրանք որդի չունէին, որովհետեւ Եղիսաբեթը ամուլ էր, եւ երկուսն էլ իրենց առաջացած տարիքում էին:
8 Մինչ ան՝ իր դասին օրերը հասնելուն համար՝ քահանայութիւն կը կատարէր Աստուծոյ առջեւ,
Եւ մինչ Զաքարիան Աստծու առջեւ իր քահանայական պաշտօնն էր կատարում, իր կարգի օրերը հասած լինելով՝
9 քահանայութեան սովորութեան համաձայն՝ իրեն վիճակուեցաւ Տէրոջ տաճարը մտնել եւ խունկ ծխել:
ըստ քահանայութեան օրէնքի նրան վիճակուեց մտնել Տիրոջ տաճարը եւ խնկարկել:
10 Ժողովուրդին ամբողջ բազմութիւնը դուրսը աղօթքի կայնած էր՝ խունկի ժամուն:
Եւ խնկարկութեան ժամին ժողովրդի ամբողջ բազմութիւնը դրսում աղօթքի էր կանգնած:
11 Այդ ատեն Տէրոջ հրեշտակը երեւցաւ անոր, ու կայնեցաւ խունկի զոհասեղանին աջ կողմը:
Եւ Տիրոջ հրեշտակը երեւաց նրան՝ խնկերի սեղանի աջ կողմում կանգնած:
12 Երբ Զաքարիա տեսաւ՝ վրդովեցաւ, եւ վախը համակեց զինք՝՝:
Երբ Զաքարիան նրան տեսաւ, խռովուեց, եւ վախ ընկաւ նրա մէջ:
13 Հրեշտակը ըսաւ անոր. «Մի՛ վախնար, Զաքարիա՛, որովհետեւ քու աղերսանքդ ընդունուեցաւ: Կինդ՝ Եղիսաբէթ որդի մը պիտի ծնանի քեզի, եւ անոր անունը Յովհաննէս պիտի կոչես:
Տիրոջ հրեշտակը նրան ասաց. «Մի՛ վախեցիր, Զաքարիա՛, որովհետեւ քո աղօթքը լսելի եղաւ. քո կինը՝ Եղիսաբեթը, մի որդի կը ծնի քեզ, եւ նրա անունը Յովհաննէս կը դնես:
14 Քեզի ուրախութիւն ու ցնծութիւն պիտի ըլլայ, եւ շատեր պիտի ուրախանան անոր ծնունդին համար.
Նա քեզ համար ուրախութիւն եւ ցնծութիւն կը լինի, եւ շատերը կ՚ուրախանան իր ծննդով,
15 որովհետեւ Տէրոջ առջեւ մեծ պիտի ըլլայ: Ո՛չ գինի պիտի խմէ, ո՛չ ալ օղի, ու դեռ իր մօր որովայնէն Սուրբ Հոգիով պիտի լեցուի,
որովհետեւ նա Տիրոջ առաջ մեծ կը լինի, գինի եւ օղի չի խմի եւ մօր որովայնից սկսած Սուրբ Հոգով կը լցուի
16 եւ Իսրայէլի որդիներէն շատերը պիտի դարձնէ Տէրոջ՝ իրենց Աստուծոյն:
եւ Իսրայէլի որդիներից շատերին կը դարձնի դէպի իրենց Տէր Աստուածը:
17 Ինք պիտի գայ անոր առջեւէն՝ Եղիայի հոգիով ու զօրութեամբ, հայրերուն սիրտը վերադարձնելու դէպի զաւակները, եւ անհնազանդները՝ արդարներուն իմաստութեան, որպէսզի պատրաստէ Տէրոջ բարեյօժար ժողովուրդ մը»:
Նա Եղիայի հոգով եւ զօրութեամբ պիտի գնայ նրա առաջից, որպէսզի հայրերի սրտերը որդիներին դարձնի ու անհնազանդներին՝ արդարների իմաստութեանը՝ Տիրոջ համար պատրաստ մի ժողովուրդ կազմելու»:
18 Զաքարիա ըսաւ հրեշտակին. «Ի՞նչպէս գիտնամ ատիկա, որովհետեւ ես ծեր եմ, ու կինս յառաջացած տարիք ունի»:
Եւ Զաքարիան ասաց հրեշտակին. «Ես ի՞նչ կերպ կ՚իմանամ այդ, քանի որ ես ծեր եմ, եւ կինս էլ առաջացած տարիքում է»:
19 Հրեշտակը պատասխանեց անոր. «Ես Գաբրիէլն եմ՝ որ կը կայնիմ Աստուծոյ առջեւ, ու ղրկուեցայ քեզի՝ խօսելու եւ այս բաները քեզի աւետելու:
Հրեշտակը նրան պատասխանեց եւ ասաց. «Ես Գաբրիէլն եմ, որ կանգնում եմ Աստծու առաջ. ես ուղարկուեցի խօսելու քեզ հետ եւ այդ բանը քեզ աւետելու:
20 Ահա՛ դուն համր պիտի ըլլաս, ու պիտի չկարենաս խօսիլ մինչեւ այն օրը՝ երբ այս բաները ըլլան, քանի որ չհաւատացիր իմ խօսքերուս՝ որոնք պիտի իրագործուին իրենց ատենին»:
Եւ ահա՛, դու համր կը լինես եւ չես կարողանայ խօսել մինչեւ այն օրը, երբ այդ կատարուի, քանի որ դու չհաւատացիր իմ խօսքերին, որ կ՚իրականան իրենց ժամանակին»:
21 Ժողովուրդը կը սպասէր Զաքարիայի, եւ կը զարմանային որ ան կ՚ուշանար տաճարին մէջ:
Իսկ ժողովուրդը սպասում էր Զաքարիային. զարմանում էին, որ տաճարում նա ուշանում է:
22 Երբ դուրս ելաւ՝ չէր կրնար խօսիլ անոնց հետ. ուստի ըմբռնեցին թէ տեսիլք մը տեսած է տաճարին մէջ: Եւ ինք նշան կ՚ընէր անոնց, ու համր կը մնար:
Եւ երբ նա դուրս եկաւ, չէր կարողանում խօսել նրանց հետ: Եւ նրանք իմացան, թէ տաճարում տեսիլք էր տեսել. եւ նա նշանացի էր խօսում նրանց հետ ու մնում էր պապանձուած:
23 Երբ իր պաշտօնին օրերը լրացան՝ իր տունը գնաց:
Եւ երբ պաշտամունքի իր օրերը լրացան, գնաց իր տունը:
24 Այդ օրերէն ետք անոր կինը՝ Եղիսաբէթ յղացաւ, եւ հինգ ամիս կը պահուըտէր ու կ՚ըսէր.
Այդ օրերից յետոյ նրա կինը՝ Եղիսաբեթը յղիացաւ: Հինգ ամիս նա թաքցնում էր ինքն իրեն եւ ասում.
25 «Ա՛յսպէս ըրաւ ինծի Տէրը՝ այս օրերուս, որ իմ վրաս նայեցաւ՝ նախատինքս մարդոց մէջէն վերցնելու համար»:
«Այս ի՛նչ բան արեց Տէրը ինձ իմ այս օրերին, երբ նայեց ինձ վրայ՝ վերացնելով իմ նախատինքը մարդկանց միջից»:
26 Վեցերորդ ամսուան մէջ՝ Գաբրիէլ հրեշտակը Աստուծմէ ղրկուեցաւ Գալիլեայի մէկ քաղաքը, որուն անունը Նազարէթ էր,
Վեցերորդ ամսին Գաբրիէլ հրեշտակը Աստծու կողմից ուղարկուեց Գալիլիայի մի քաղաքը, որի անունը Նազարէթ էր,
27 կոյսի մը՝ մարդու մը նշանուած, որուն անունը Յովսէփ էր, Դաւիթի տունէն. այդ կոյսին անունը Մարիամ էր:
մի կոյսի մօտ, որ նշանուած էր Յովսէփ անունով մի մարդու հետ՝ Դաւթի տնից: Եւ այդ կոյսի անունը Մարիամ էր:
28 Հրեշտակը անոր քով մտնելով՝ ըսաւ. «Ողջո՜յն, շնորհընկալ կոյս, Տէրը քեզի հետ է: Դուն կիներուն մէջ օրհնեա՜լ ես»:
Եւ հրեշտակը, գալով նրա մօտ, ասաց. «Ուրախացի՛ր, ո՛վ շնորհընկալ, Տէրը քեզ հետ է»:
29 Տեսնելով զայն՝ շփոթեցաւ անոր խօսքէն, եւ ինքնիրեն կը մտածէր թէ ի՛նչ տեսակ բարեւ էր ատիկա:
Իսկ նա այս խօսքերի վրայ խռովուեց եւ մտքում խորհում էր, թէ ինչ բան էր այս ողջոյնը:
30 Հրեշտակը ըսաւ անոր. «Մի՛ վախնար, Մարիա՛մ, որովհետեւ շնորհք գտար Աստուծոյ քով:
Եւ հրեշտակը նրան ասաց. «Մի՛ վախեցիր, Մարիա՛մ, որովհետեւ Աստծուց դու շնորհ գտար:
31 Ահա՛ պիտի յղանաս որովայնիդ մէջ ու որդի մը պիտի ծնանիս, եւ անոր անունը Յիսուս պիտի կոչես:
Եւ ահա՛ դու կը յղիանաս եւ կը ծնես մի որդի ու նրա անունը Յիսուս կը դնես:
32 Ան մեծ պիտի ըլլայ ու Ամենաբարձրին Որդին պիտի կոչուի: Տէր Աստուած անոր պիտի տայ իր հօր՝ Դաւիթի գահը,
Նա մեծ կը լինի եւ Բարձրեալի որդի կը կոչուի: Եւ Տէր Աստուած նրան կը տայ նրա հօր՝ Դաւթի աթոռը,
33 եւ Յակոբի տան վրայ յաւիտեան պիտի թագաւորէ: Անոր թագաւորութիւնը վախճան պիտի չունենայ»: (aiōn g165)
եւ նա յաւիտեան կը թագաւորի Յակոբի տան վրայ, ու նրա թագաւորութիւնը վախճան չի ունենայ»: (aiōn g165)
34 Մարիամ ըսաւ հրեշտակին. «Ի՞նչպէս պիտի ըլլայ այդ բանը, քանի որ ես այր մարդ չեմ գիտեր»:
Իսկ Մարիամը հրեշտակին ասաց. «Ինչպէ՞ս այդ կը պատահի ինձ, քանի որ ես տղամարդ չեմ ճանաչում»:
35 Հրեշտակը պատասխանեց անոր. «Սուրբ Հոգին պիտի գայ վրադ, ու Ամենաբարձրին զօրութիւնը հովանի պիտի ըլլայ քեզի. ուստի այն սուրբը որ քեզմէ պիտի ծնի՝ Աստուծոյ Որդի պիտի կոչուի:
Հրեշտակը պատասխանեց եւ նրան ասաց. «Սուրբ Հոգին կը գայ քո վրայ, եւ Բարձրեալի զօրութիւնը հովանի կը լինի քեզ, որովհետեւ նա, որ քեզնից է ծնուելու, սուրբ է եւ Աստծու որդի կը կոչուի:
36 Ահա՛ քու ազգականդ՝ Եղիսաբէթ, ի՛նք ալ՝ իր ծերութեան ատեն՝ որդիով մը յղի է. եւ ասիկա վեցերորդ ամիսն է անոր՝ որ ամուլ կոչուած էր.
Եւ ահա քո ազգական Եղիսաբեթը. նա եւս յղի է իր ծերութեան մէջ, եւ այս՝ յղիութեան վեցերորդ ամիսն է նրա, որ ամուլ էր կոչուած.
37 որովհետեւ ոչինչ անկարելի է Աստուծոյ»:
որովհետեւ Աստծու համար անկարելի բան չկայ»:
38 Մարիամ ըսաւ. «Ահա՛ ես Տէրոջ աղախինն եմ, քու խօսքիդ համաձայն թող ըլլայ ինծի»: Ու հրեշտակը գնաց անոր քովէն:
Եւ Մարիամն ասաց. «Ահաւասի՛կ ես մնում եմ Տիրոջ աղախինը, թող քո խօսքի համաձայն լինի ինձ»: Եւ հրեշտակը հեռացաւ նրանից:
39 Այդ օրերը Մարիամ կանգնեցաւ, փութալով գնաց լեռնակողմը՝ Յուդայի մէկ քաղաքը,
Այդ օրերին Մարիամը վեր կացաւ եւ շտապով գնաց Յուդայի լեռնային շրջանի քաղաքներից մէկը,
40 մտաւ Զաքարիայի տունը եւ բարեւեց Եղիսաբէթը:
մտաւ Զաքարիայի տունը ու Եղիսաբեթին ողջոյն տուեց:
41 Երբ Եղիսաբէթ լսեց Մարիամի բարեւը, երախան խայտաց անոր որովայնին մէջ. իսկ Եղիսաբէթ լեցուեցաւ Սուրբ Հոգիով,
Եւ երբ Եղիսաբեթը Մարիամի ողջոյնը լսեց, մանուկը խաղաց նրա որովայնում, եւ Եղիսաբեթը լցուեց Սուրբ Հոգով
42 ու բարձրաձայն գոչելով ըսաւ. «Դուն օրհնեա՜լ ես կիներուն մէջ, եւ օրհնեա՜լ է որովայնիդ պտուղը:
եւ բարձր ձայնով աղաղակեց ու ասաց. «Օրհնեա՜լ ես դու կանանց մէջ, եւ օրհնեա՜լ է քո որովայնի պտուղը:
43 Այս ի՞նչպէս եղաւ, որ իմ Տէրոջս մայրը եկաւ ինծի.
Որտեղի՞ց ինձ այս ուրախութիւնը, որ իմ Տիրոջ մայրը ինձ մօտ գայ.
44 որովհետեւ ահա՛ երբ քու բարեւիդ ձայնը հասաւ ականջիս, երախան ցնծութենէն խայտաց որովայնիս մէջ:
որովհետեւ ահաւասիկ, երբ քո ողջոյնի ձայնը հասաւ իմ ականջին, մանուկը ցնծալով խաղաց իմ որովայնում:
45 Երանի՜ անոր՝ որ հաւատացած է, որովհետեւ՝՝ պիտի կատարուին այն բաները՝ որոնք Տէրոջմէն ըսուեցան իրեն»:
Եւ երանի՜ նրան, որ կը հաւատայ, թէ Տիրոջ կողմից իրեն ասուածները կը կատարուեն»:
46 Մարիամ ըսաւ. «Իմ անձս կը մեծարէ Տէրը,
Եւ Մարիամն ասաց.
47 եւ իմ հոգիս ցնծաց իմ Փրկիչ Աստուծմովս,
48 քանի որ նայեցաւ իր աղախինին նուաստութեան. արդարեւ ահա՛ ասկէ ետք՝ բոլոր սերունդները երանելի պիտի կոչեն զիս,
49 որովհետեւ Հզօրը մեծամեծ բաներ ըրաւ ինծի: Անոր անունը սուրբ է,
50 եւ անոր ողորմութիւնը իրմէ վախցողներուն վրայ է՝ սերունդէ սերունդ:
51 Իր բազուկով զօրութիւն ցոյց տուաւ, ցրուեց ամբարտաւանները իրենց սիրտին երեւակայութեամբ:
52 Զօրաւորները իջեցուց իրենց գահերէն, ու բարձրացուց նուաստները:
53 Անօթիները լիացուց բարիքներով, եւ պարապ ճամբեց հարուստները:
54 Օգնութեան հասաւ իր Իսրայէլ ծառային, յիշելով իր ողորմութիւնը
55 ինչպէս ինք խոստացած էր մեր հայրերուն - Աբրահամի եւ անոր զարմին հանդէպ՝ յաւիտեան»: (aiōn g165)
56 Մարիամ անոր քով մնաց՝ գրեթէ երեք ամիս, ապա վերադարձաւ իր տունը:
Մարիամը գրեթէ երեք ամիս մնաց Եղիսաբեթի մօտ եւ դարձաւ իր տունը:
57 Եղիսաբէթի ծնանելու ժամանակը լրացաւ, ու որդի մը ծնաւ:
Եղիսաբեթի ծննդաբերելու ժամանակը լրացաւ, եւ նա մի որդի ծնեց.
58 Երբ լսեցին անոնք՝ որ կը բնակէին անոր շուրջը, նաեւ անոր ազգականները, թէ Տէրը մեծարած էր զայն իր ողորմութեամբ, անոր հետ ուրախացան:
եւ նրա շուրջը գտնուողներն ու նրա ազգատոհմը լսեցին, որ Տէրն իր մեծ ողորմութիւնը ցոյց տուեց նրա հանդէպ, եւ ուրախանում էին նրա հետ:
59 Ութերորդ օրը եկան մանուկը թլփատելու, եւ Զաքարիա կը կոչէին զայն՝ իր հօր անունով:
Եւ ութերորդ օրը եկան մանկանը թլփատելու. եւ նրան իր հօր անունով Զաքարիա էին կոչում:
60 Իսկ անոր մայրը ըսաւ. «Ո՛չ, այլ՝ Յովհաննէս պիտի կոչուի»:
Բայց նրա մայրը պատասխանեց եւ ասաց. «Ո՛չ, այլ Յովհաննէս պէտք է կոչուի»:
61 Իրեն ըսին. «Քու ազգականներուդ մէջ չկայ մէկը, որ այս անունով կոչուի»:
Նրան ասացին. «Սակայն քո ազգատոհմի մէջ չկայ մէկը, որի անունը Յովհաննէս լինի»:
62 Նշան ըրին անոր հօր թէ ի՛նչ անունով կ՚ուզէ որ ան կոչուի:
Նշանացի ակնարկեցին նրա հօրը, թէ ի՛նչ կը կամենայ նրան կոչել:
63 Ինք ալ տախտակ մը ուզեց ու գրեց. «Յովհաննէս է անոր անունը»: Բոլորն ալ զարմացան:
Իսկ նա մի տախտակ ուզեց եւ վրան գրեց. «Դրա անունը Յովհաննէս է»: Եւ բոլորը զարմացան:
64 Անմի՛ջապէս բացուեցաւ իր բերանը, նաեւ՝ լեզուն, ու խօսեցաւ եւ օրհնեց Աստուած:
Եւ իսկոյն նրա բերանը բացուեց ու նրա լեզուն՝ նոյնպէս. եւ խօսում էր ու օրհնում Աստծուն:
65 Վախը համակեց բոլոր անոնց շուրջը բնակողները, եւ այս բոլոր բաները կը պատմուէին Հրէաստանի ամբողջ լեռնակողմը:
Եւ ահ ընկաւ բոլորի մէջ, որ լսեցին այս, եւ նրանց մէջ, որ բնակւում էին նրանց շուրջը: Եւ Հրէաստանի ամբողջ լեռնակողմում այս բոլոր բաները պատմւում էին:
66 Բոլոր լսողները անոնց մասին կը մտածէին՝՝ ու կ՚ըսէին. «Արդեօք ի՞նչ պիտի ըլլայ այս մանուկը»: Եւ Տէրոջ ձեռքը անոր հետ էր:
Եւ բոլոր լսողները պահում էին իրենց սրտում այս ամէնը եւ ասում էին. «Արդեօք ի՞նչ կը լինի այս մանուկը»: Եւ Տիրոջ ձեռքը նրա հետ էր:
67 Անոր հայրը՝ Զաքարիա, Սուրբ Հոգիով լեցուած՝ մարգարէացաւ ու ըսաւ.
Զաքարիան՝ նրա հայրը, Սուրբ Հոգով լցուեց, մարգարէացաւ եւ ասաց.
68 «Օրհնեա՜լ ըլլայ Տէրը, Իսրայէլի Աստուածը, որ այցելեց իր ժողովուրդին եւ ազատագրեց զայն:
69 Մեզի փրկութեան եղջիւր մը հանեց իր Դաւիթ ծառային տունէն,
70 (ինչպէս խօսեցաւ սուրբերուն բերանով, որոնք դարերու սկիզբէն ի վեր անոր մարգարէներն էին, ) (aiōn g165)
71 փրկութիւն տալու մեր թշնամիներէն ու բոլոր մեզ ատողներուն ձեռքէն,
72 իրագործելու մեր հայրերուն խոստացած ողորմութիւնը եւ յիշելու իր սուրբ ուխտը,
73 (այն երդումը որ մեր հօր՝ Աբրահամի ըրաւ, ) որպէսզի մեզի շնորհէ՝
74 մեր թշնամիներուն ձեռքէն ազատելով՝ առանց վախի պաշտել զինք,
75 սրբութեամբ եւ արդարութեամբ ընթանալով իր առջեւ՝ մեր կեանքին բոլոր օրերուն մէջ:
76 Իսկ դո՛ւն, մանո՛ւկ, Ամենաբարձրին մարգարէն պիտի կոչուիս, որովհետեւ “պիտի երթաս Տէրոջ առջեւէն՝ անոր ճամբաները պատրաստելու,
77 անոր ժողովուրդին գիտցնելու իրենց փրկութիւնը՝ իրենց մեղքերուն ներումով”,
78 մեր Աստուծոյն գթառատ ողորմութեամբ, որով Ծագող արեւը բարձրէն այցելեց մեզի՝
79 “փայլելու խաւարի եւ մահուան շուքի մէջ բնակողներուն վրայ”, ու մեր ոտքերը ուղղելու դէպի խաղաղութեան ճամբան»:
80 Մանուկը կը մեծնար ու կը զօրանար հոգիով, եւ անապատներուն մէջ էր՝ մինչեւ այն օրը, երբ դարձեալ ցոյց տուաւ ինքզինք Իսրայէլի:
Եւ մանուկը աճում ու զօրանում էր հոգով եւ մնում էր ամայի տեղերում՝ մինչեւ Իսրայէլում նրա երեւալու օրը:

< ՂՈԻԿԱՍ 1 >