< ՅՈՎՀԱՆՆՈԻ 8 >

1 Յիսուս գնաց Ձիթենիներու լեռը:
Իսկ Յիսուս գնաց Ձիթենեաց լեռը:
2 Երբ առտուն կանուխ դարձեալ եկաւ տաճարը՝ ամբողջ ժողովուրդը կու գար իրեն, եւ ինք՝ նստած կը սորվեցնէր անոնց:
Առաւօտեան նորից տաճար եկաւ. ամբողջ ժողովուրդը գալիս էր նրա մօտ, եւ ինքն ուսուցանում էր նրանց:
3 Դպիրներն ու Փարիսեցիները բերին անոր շնութեան մէջ բռնուած կին մը, եւ մէջտեղ կայնեցնելով զայն՝
Օրէնսգէտներն ու փարիսեցիները բերեցին շնութեան մէջ բռնուած մի կին եւ նրան մէջտեղ կանգնեցնելով՝ ասացին Յիսուսին.
4 ըսին իրեն. «Վարդապե՛տ, այս կինը շնութեան մէջ բռնուեցաւ՝ այս մեղքը գործած ատեն:
«Յանցանքի մէջ բռնուած այս կինը յայտնապէս շնացել է,
5 Օրէնքին մէջ՝ Մովսէս պատուիրեց մեզի քարկոծել այսպիսիները. իսկ դո՛ւն ի՞նչ կ՚ըսես»:
իսկ Օրէնքում Մովսէսը մեզ պատուիրել է այսպիսիներին քարկոծել. արդ, դու դրա մասին ի՞նչ ես ասում»:
6 Ասիկա կ՚ըսէին՝ զայն փորձելու համար, որպէսզի առիթ ունենան զինք ամբաստանելու. բայց Յիսուս՝ վար ծռած՝ մատով կը գրէր գետինին վրայ:
Նրանք այս ասում էին՝ նրան փորձելու համար, որպէսզի նրան ամբաստանելու պատճառ ունենան: Իսկ Յիսուս, ցած նայելով, մատով գետնի վրայ գրում էր:
7 Սակայն երբ շարունակեցին հարցնել իրեն, վեր նայեցաւ եւ ըսաւ անոնց. «Ձեզմէ անմեղ եղողը՝ առաջ ի՛նք թող քար նետէ ատոր վրայ»:
Իսկ երբ նրան ստիպեցին հարցնելով, վեր նայեց ու նրանց ասաց. «Ձեր միջից անմե՛ղը նախ թող քար գցի դրա վրայ»:
8 Ու դարձեալ վար ծռելով՝ գետինին վրայ կը գրէր:
Եւ դարձեալ ցած նայելով՝ գետնի վրայ գրում էր:
9 Իսկ անոնք՝ լսելով ասիկա եւ կշտամբուելով իրենց խղճմտանքէն՝ դուրս կ՚ելլէին մէկ առ մէկ, ամենէն տարեցներէն սկսեալ՝ մինչեւ յետինները. ու Յիսուս մինակ մնաց, եւ կինը՝ մէջտեղ կայնած:
Եւ այս լսելով՝ մէկ առ մէկ ելնում գնում էին՝ տարիքաւորներից մինչեւ փոքրերը: Եւ Յիսուս միայն մնաց ու կինը՝ կանգնած նրա առաջ:
10 Յիսուս վեր նայելով ու կնոջմէն զատ ո՛չ մէկը տեսնելով՝ ըսաւ անոր. «Կի՛ն, ո՞ւր են անոնք՝ որ կ՚ամբաստանէին քեզ. ո՞չ մէկը դատապարտեց քեզ»:
Յիսուս նրան ասաց. «Ո՛վ կին, ո՞ւր են. քեզ ոչ ոք չդատապարտե՞ց»:
11 Ան ալ ըսաւ. «Ո՛չ մէկը, Տէ՛ր»: Յիսուս ըսաւ անոր. «Ե՛ս ալ չեմ դատապարտեր քեզ. գնա՛, եւ ասկէ ետք ա՛լ մի՛ մեղանչեր»:
Եւ սա ասաց՝ ո՛չ, Տէ՛ր: Եւ Յիսուս ասաց. «Ես էլ քեզ չեմ դատապարտում. գնա՛, այսուհետեւ մի՛ մեղանչիր»:
12 Յիսուս դարձեալ խօսեցաւ անոնց եւ ըսաւ. «Ե՛ս եմ աշխարհի լոյսը. ա՛ն որ կը հետեւի ինծի՝ պիտի չքալէ խաւարի մէջ, հապա պիտի ունենայ կեանքի լոյսը»:
Յիսուս դարձեալ խօսեց ժողովրդի հետ ու ասաց. «Ես եմ աշխարհի լոյսը. ով իմ յետեւից է գալիս, խաւարի միջով չի քայլի, այլ կ՚ընդունի կենաց լոյսը»:
13 Իսկ Փարիսեցիները ըսին անոր. «Դո՛ւն կը վկայես քու մասիդ. քու վկայութիւնդ ճշմարիտ չէ»:
Փարիսեցիները նրան ասացին. «Դու քո անձի մասին ես վկայում, եւ քո վկայութիւնը հաւաստի չէ»:
14 Յիսուս պատասխանեց անոնց. «Թէպէտ ե՛ս կը վկայեմ իմ մասիս, իմ վկայութիւնս ճշմարիտ է, որովհետեւ գիտեմ ուրկէ՛ եկայ եւ ո՛ւր կ՚երթամ. իսկ դուք չէք գիտեր ուրկէ՛ կու գամ կամ ո՛ւր կ՚երթամ:
Յիսուս պատասխանեց եւ ասաց նրանց. «Թէպէտ ես վկայում եմ իմ անձի մասին, իմ վկայութիւնը ճշմարիտ է, որովհետեւ գիտեմ, թէ որտեղից եկայ եւ ուր եմ գնում: Բայց դուք չգիտէք՝ որտեղից եմ գալիս կամ ուր եմ գնում:
15 Դուք կը դատէք մարմինի՛ն համաձայն. ես ո՛չ մէկը կը դատեմ:
Դուք ըստ մարմնի էք դատում, ես ոչ ոքի չեմ դատում.
16 Նոյնիսկ եթէ դատեմ՝ իմ դատաստանս ճշմարիտ է, որովհետեւ ես մինակ չեմ, հապա՝ ե՛ս եւ Հա՛յրը՝ որ ղրկեց զիս:
թէկուզ եւ մէկին դատեմ էլ, իմ դատաստանը ճշմարիտ է, որովհետեւ մենակ չեմ, այլ՝ ես եմ եւ ինձ հետ է նաեւ իմ Հայրը, որ ինձ ուղարկեց:
17 Ձեր Օրէնքին մէջ ալ գրուած է թէ երկու մարդու վկայութիւնը ճշմարիտ է:
Եւ ձեր օրէնքում իսկ գրուած է, թէ երկու մարդու վկայութիւնը ճշմարիտ է:
18 Ե՛ս եմ՝ որ կը վկայեմ իմ մասիս, ու Հա՛յրն ալ՝ որ ղրկեց զիս՝ կը վկայէ իմ մասիս»:
Ես նա եմ, որ վկայում եմ իմ մասին, եւ վկայում է իմ մասին Հայրը, որ ինձ ուղարկեց»:
19 Ուստի ըսին անոր. «Ո՞ւր է քու Հայրդ»: Յիսուս պատասխանեց. «Ո՛չ զիս կը ճանչնաք, եւ ո՛չ՝ իմ Հայրս. եթէ ճանչնայիք զիս, պիտի ճանչնայիք նաեւ իմ Հայրս»:
Նրան ասացին. «Ո՞ւր է քո Հայրը»: Յիսուս պատասխան տուեց եւ ասաց նրանց. «Ո՛չ ինձ էք ճանաչում եւ ո՛չ էլ իմ Հօրը. եթէ ինձ ճանաչէիք, թերեւս իմ Հօրն էլ կը ճանաչէիք»:
20 Յիսուս ըսաւ այս խօսքերը՝ գանձատունը, երբ կը սորվեցնէր տաճարին մէջ, ու ո՛չ մէկը ձերբակալեց զայն, որովհետեւ դեռ անոր ժամը հասած չէր:
Յիսուս այս խօսքերը խօսեց գանձատանը, երբ ուսուցանում էր տաճարում. սակայն ոչ ոք նրան չբռնեց, որովհետեւ նրա ժամը դեռ չէր հասել:
21 Յիսուս դարձեալ ըսաւ անոնց. «Ես կ՚երթամ՝ ու պիտի փնտռէք զիս, եւ պիտի մեռնիք ձեր մեղքերուն մէջ. ո՛ւր ես կ՚երթամ ՝ դուք չէք կրնար գալ»:
Յիսուս դարձեալ նրանց ասաց. «Ես գնում եմ, եւ դուք ինձ կը փնտռէք եւ ձեր մեղքերի մէջ կը մեռնէք, քանի որ, ուր ես եմ գնում, դուք չէք կարող գալ»:
22 Ուրեմն Հրեաները կ՚ըսէին. «Միթէ ինքզի՞նք պիտի սպաննէ, քանի որ կ՚ըսէ. “Ո՛ւր ես կ՚երթամ՝ դուք չէք կրնար գալ”»:
Հրեաները ասացին. «Միթէ անձնասպանութեա՞ն կը դիմի, քանի որ ասում է, թէ՝ ուր ես եմ գնում, դուք չէք կարող գալ»:
23 Ըսաւ անոնց. «Դուք վարէն էք, ես վերէն եմ. դուք այս աշխարհէն էք, ես այս աշխարհէն չեմ:
Եւ նրանց ասաց. «Դուք այս ներքեւից էք, իսկ ես՝ այն վերեւից. դուք այս աշխարհից էք, ես այս աշխարհից չեմ:
24 Ուստի ըսի ձեզի թէ պիտի մեռնիք ձեր մեղքերուն մէջ. արդարեւ եթէ չհաւատաք թէ ես եմ ՝ պիտի մեռնիք ձեր մեղքերուն մէջ»:
Բայց ասացի ձեզ, որ ձեր մեղքերի մէջ կը մեռնէք. արդարեւ, եթէ չհաւատաք, որ ես եմ, կը մեռնէք ձեր մեղքերի մէջ»:
25 Ուրեմն ըսին անոր. «Դուն ո՞վ ես»: Յիսուս ըսաւ անոնց. «Ի՛նչ որ սկիզբէն կ՚ըսեմ ձեզի:
Նրան ասացին՝ ո՞վ ես դու: Յիսուս նրանց ասաց. «Նա, որ սկզբից եւեթ խօսում էր ձեզ հետ:
26 Շատ բաներ ունիմ ձեր մասին խօսելու եւ դատելու. բայց ա՛ն որ ղրկեց զիս՝ ճշմարտախօս է, ու ես ի՛նչ որ լսեցի իրմէ՝ զա՛յն կը խօսիմ աշխարհի մէջ»:
Շատ բաներ ունեմ ձեր մասին խօսելու եւ դատելու: Բայց նա, ով ինձ ուղարկեց, ճշմարիտ է. եւ ես, ինչ որ լսել եմ նրանից, ա՛յն եմ խօսում աշխարհում»:
27 Անոնք չհասկցան թէ Հօրը մասին կը խօսէր իրենց:
Եւ նրանք չիմացան, թէ Հօր մասին էր ասում իրենց:
28 Ուստի Յիսուս ըսաւ անոնց. «Երբ բարձրացնէք մարդու Որդին, այն ատեն պիտի գիտնաք թէ ես եմ, եւ թէ ես ինձմէ ոչի՛նչ կ՚ընեմ, հապա կը խօսիմ այս բաները՝ ինչպէս Հայրը սորվեցուց ինծի:
Յիսուս նրանց ասաց. «Երբ մարդու Որդուն բարձրացնէք, այն ժամանակ պիտի իմանաք, թէ ես եմ. եւ ես ինքս ինձնից ոչինչ չեմ անում, այլ՝ ինչպէս իմ Հայրն ինձ սովորեցրեց, ա՛յն եմ խօսում:
29 Ու զիս ղրկողը ինծի հետ է. Հայրը մինակ չթողուց զիս, որովհետեւ ես ամէն ատեն կ՚ընեմ իրեն հաճելի եղած բաները»:
Եւ ով ինձ ուղարկեց, ինձ հետ է. ինձ միայնակ չթողեց, որովհետեւ ես միշտ անում եմ, ինչ որ նրան է հաճելի»:
30 Երբ այսպէս խօսեցաւ՝ շատ մարդիկ հաւատացին իրեն:
Երբ այս բաները խօսեց, շատերը հաւատացին նրան:
31 Ուստի Յիսուս ըսաւ իրեն հաւատացող Հրեաներուն. «Եթէ իմ խօսքիս մէջ մնաք, ճշմա՛րտապէս իմ աշակերտներս կ՚ըլլաք.
Եւ Յիսուս հաւատացեալ հրեաներին ասաց. «Եթէ դուք իմ ուսուցմանը հաւատարիմ մնաք, իմ ճշմարիտ աշակերտները կը լինէք:
32 ու ճշմարտութիւնը պիտի գիտնաք, եւ այդ ճշմարտութիւնը պիտի ազատէ ձեզ»:
Եւ կը ճանաչէք ճշմարտութիւնը, եւ ճշմարտութիւնը ձեզ կ՚ազատի»:
33 Պատասխանեցին իրեն. «Մենք Աբրահամի զարմն ենք, ու երբե՛ք ստրուկ չենք եղած ոեւէ մէկուն: Դուն ի՞նչպէս կ՚ըսես. “Ազատ պիտի ըլլաք”»:
Նրան պատասխանեցին ու ասացին. «Աբրահամի որդիներ ենք եւ երբեք ոչ ոքի չենք ծառայել. ինչպէ՞ս ես ասում, թէ՝ ազատ կը լինէք»:
34 Յիսուս պատասխանեց անոնց. «Ճշմա՛րտապէս, ճշմա՛րտապէս կը յայտարարեմ ձեզի. “Ո՛վ որ մեղք կը գործէ, անիկա մեղքին ստրուկն է”:
Յիսուս պատասխանեց նրանց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, թէ ամէն ոք, որ մեղք է գործում, մեղքին ծառայ է:
35 Եւ ստրուկը տան մէջ յաւիտեան չի կենար, բայց որդին յաւիտեան կը կենայ: (aiōn g165)
Եւ ծառան յաւիտեան տան մէջ չի մնում, իսկ որդին յաւիտեան մնում է: (aiōn g165)
36 Ուրեմն եթէ Որդին ազատէ ձեզ, ի՛րապէս ազատ պիտի ըլլաք:
Իսկ արդ, եթէ Որդին ձեզ ազատի, ճշմարտապէս ազատ կը լինէք:
37 Գիտե՛մ թէ Աբրահամի զարմն էք. բայց կը ջանաք սպաննել զիս, որովհետեւ իմ խօսքս տեղ չունի ձեր մէջ:
Գիտեմ, որ Աբրահամի որդիներ էք, բայց ուզում էք ինձ սպանել, որովհետեւ իմ խօսքը տեղ չունի ձեր մէջ:
38 Ես ինչ որ տեսայ իմ Հօրս քով՝ զա՛յն կը խօսիմ, ու դուք ալ ինչ որ տեսաք ձեր հօր քով՝ զա՛յն կ՚ընէք»:
Ես խօսում եմ այն, ինչ տեսայ իմ Հօր մօտ, իսկ դուք անում էք, ինչ ձեր հօրից էք լսել»:
39 Պատասխանեցին անոր. «Մեր հայրը՝ Աբրահա՛մն է»: Յիսուս ըսաւ անոնց. «Եթէ Աբրահամի որդիները ըլլայիք, Աբրահամի՛ գործերը պիտի ընէիք:
Նրան պատասխանեցին ու ասացին. «Մեր հայրը Աբրահամն է»: Յիսուս նրանց ասաց. «Եթէ Աբրահամի որդիներ լինէիք, Աբրահամի գործերը կը գործէիք:
40 Բայց հիմա կը ջանաք սպաննել զիս, այնպիսի մարդ մը՝ որ խօսեցաւ ձեզի ճշմարտութիւնը, որ լսեցի Աստուծմէ. Աբրահամ չըրաւ այդ բանը:
Իսկ այժմ ուզում էք սպանել մի մարդու՝ ինձ, որ ձեզ ասացի ճշմարտութիւնը, որը լսել եմ իմ Հօրից. այդպիսի բան Աբրահամը չարեց.
41 Դուք կ՚ընէք ձե՛ր հօր գործերը»: Անոնք ալ ըսին անոր. «Մենք պոռնկութենէ ծնած չենք. մենք ունինք մէ՛կ Հայր, որ Աստուած է»:
դուք ձեր հօր գործերն էք անում»: Նրան ասացին. «Մենք պոռնկութիւնից չենք ծնուել. մեր Հայրը մէկ է՝ Աստուած»:
42 Յիսուս ըսաւ անոնց. «Եթէ Աստուած ըլլար ձեր Հայրը՝ պիտի սիրէիք զիս, որովհետեւ ես Աստուծմէ՛ ելայ ու եկայ. ո՛չ թէ ես ինձմէ եկայ, հապա ի՛նք ղրկեց զիս:
Յիսուս նրանց ասաց. «Եթէ Աստուած ձեր Հայրը լինէր, ինձ իրապէս կը սիրէիք, որովհետեւ ես Աստծուց ելայ ու եկայ. եւ ոչ թէ ինքս ինձ եկայ, այլ նա՛ ուղարկեց ինձ:
43 Ինչո՞ւ չէք հասկնար իմ խօսածս. քանի որ չէք կրնար մտիկ ընել իմ խօսքս:
Ինչո՞ւ դուք իմ խօսածը չէք հասկանում. որովհետեւ իմ խօսքը չէք կարող լսել:
44 Դուք ձեր հօրմէն՝ Չարախօսէն էք, եւ կ՚ուզէք ձեր հօ՛ր ցանկութիւնները գործադրել. ան սկիզբէն մարդասպան էր, ու ճշմարտութեան մէջ չկեցաւ՝ որովհետեւ անոր մէջ ճշմարտութիւն չկայ: Երբ ան սուտ խօսի՝ կը խօսի բո՛ւն իր էութենէ՛ն, քանի որ ան ստախօս է՝ եւ սուտին հայրը:
Դուք հօր կողմից սատանայի զաւակներ էք, եւ ձեր հօր ցանկութիւններն էք ուզում կատարել, թէեւ նա ի սկզբանէ մարդասպան էր եւ ճշմարտութեան մէջ չմնաց, որովհետեւ նրա մէջ ճշմարտութիւն չկար: Երբ որ նա սուտ խօսի, ինքն իրենից է խօսում, քանի որ նա սուտ է »ւ ստի հայր:
45 Բայց որովհետեւ ես կը խօսիմ ճշմարտութիւնը՝ չէք հաւատար ինծի:
Իսկ ես, որ ճշմարտութիւնն եմ ասում, ինձ չէք հաւատում:
46 Ձեզմէ ո՞վ կրնայ կշտամբել զիս՝ մեղքի համար. իսկ եթէ ես կը խօսիմ ճշմարտութիւնը, ինչո՞ւ չէք հաւատար ինծի:
Ձեզնից ո՞վ կը յանդիմանի ինձ մեղքի համար. եթէ ճշմարիտ եմ ասում ձեզ, ինձ ինչո՞ւ չէք հաւատում:
47 Ա՛ն որ Աստուծմէ է՝ մտիկ կ՚ընէ Աստուծոյ խօսքերը. ուստի դուք մտիկ չէք ըներ, քանի որ Աստուծմէ չէք»:
Ով Աստծուց է, Աստծու խօսքերն է լսում, իսկ դուք չէք լսում նրա համար, որ Աստծուց չէք»:
48 Հրեաները պատասխանեցին անոր. «Մենք ճիշդ չե՞նք ըսեր թէ դուն Սամարացի ես, ու դեւ կայ քու ներսդ»:
Հրեաները պատասխանեցին եւ ասացին նրան. «Մենք լաւ չե՞նք ասում, թէ՝ սամարացի ես դու, եւ քո մէջ դեւ կայ»:
49 Յիսուս պատասխանեց. «Իմ ներսս դեւ չկայ, հապա ես կը պատուեմ իմ Հայրս. բայց դուք՝ կ՚անպատուէ՛ք զիս:
Յիսուս պատասխանեց եւ ասաց. «Իմ մէջ դեւ չկայ, այլ պատւում եմ իմ Հօրը, իսկ դուք անարգում էք ինձ:
50 Իսկ ես չեմ փնտռեր իմ փառքս: Կա՛յ մէկը՝ որ կը փնտռէ ու կը դատէ:
Ես իմ փառքը չեմ փնտռում. կայ մէկը, որ այն փնտռում է եւ դատում:
51 Ճշմա՛րտապէս, ճշմա՛րտապէս կը յայտարարեմ ձեզի. “Եթէ մէկը պահէ իմ խօսքս, մահ պիտի չտեսնէ յաւիտեա՛ն”»: (aiōn g165)
Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. եթէ մէկը իմ խօսքը պահի, մահ չի տեսնի յաւիտեան»: (aiōn g165)
52 Ուստի Հրեաները ըսին անոր. «Հիմա գիտցանք թէ դեւ կայ քու ներսդ: Աբրահամ մեռաւ, ու մարգարէներն ալ, իսկ դուն կ՚ըսես. “Եթէ մէկը պահէ իմ խօսքս՝ մահ պիտի չհամտեսէ յաւիտեա՛ն”: (aiōn g165)
Հրեաները նրան ասացին. «Այժմ իմացանք, որ քո մէջ դեւ կայ: Աբրահամը մեռաւ, նաեւ՝ մարգարէները, իսկ դու ասում ես, թէ՝ ով իմ խօսքը պահի, յաւիտեան մահ չի ճաշակի: (aiōn g165)
53 Միթէ դուն աւելի՞ մեծ ես՝ քան մեր հայրը՝ Աբրահամ, որ մեռաւ, ու մարգարէներն ալ մեռան. դուն քեզ ո՞վ կ՚ընես»:
Միթէ դու աւելի մե՞ծ ես, քան մեր հայրը՝ Աբրահամը, որ մեռաւ. մեռան եւ մարգարէները. արդ, դու քեզ ո՞ւմ տեղ ես դնում»:
54 Յիսուս պատասխանեց. «Եթէ ե՛ս զիս փառաւորեմ՝ իմ փառքս ոչի՛նչ է: Իմ Հա՛յրս է՝ որ կը փառաւորէ զիս, որուն համար դուք կ՚ըսէք թէ “մեր Աստուածն է”,
Յիսուս պատասխանեց. «Եթէ ես փառաւորեմ իմ անձը, իմ փառքը ոչինչ է. Հայրն է, որ ինձ փառաւորում է, եւ որի մասին դուք ասում էք, թէ՝ մեր Աստուածն է.
55 բայց չէք ճանչնար զայն: Իսկ ես կը ճանչնա՛մ զայն, ու եթէ ըսէի թէ “չեմ ճանչնար զայն”, ձեզի պէս ստախօս կ՚ըլլայի. մինչդեռ ես կը ճանչնամ զայն, եւ կը պահեմ անոր խօսքը:
ու չէք ճանաչում նրան: Բայց ես ճանաչում եմ նրան. եւ եթէ ասեմ, թէ նրան չեմ ճանաչում, ձեզ նման ստախօս կը լինեմ. բայց ես ճանաչում եմ նրան եւ նրա խօսքը պահում եմ:
56 Ձեր հայրը՝ Աբրահամ՝ ցանկաց տեսնել իմ օրս, ու տեսաւ եւ ցնծաց»:
Աբրահամը՝ ձեր հայրը, ցանկացաւ իմ աշխարհ գալու օրը տեսնել. տեսաւ եւ ուրախացաւ»:
57 Իսկ Հրեաները ըսին անոր. «Դուն տակաւին յիսուն տարեկան չես. Աբրահա՞մն ալ տեսար»:
Հրեաները նրան ասացին. «Դեռ յիսուն տարեկան չկաս դու եւ Աբրահամի՞ն ես տեսել»:
58 Յիսուս ըսաւ անոնց. «Ճշմա՛րտապէս, ճշմա՛րտապէս կը յայտարարեմ ձեզի. “Աբրահամի ըլլալէն առաջ՝ ես եմ”»:
Յիսուս նրանց ասաց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, ես ե՛մ, նախքան Աբրահամի լինելը»:
59 Ուստի քարեր վերցուցին՝ որպէսզի նետեն անոր վրայ. բայց Յիսուս ինքզինք ծածկեց անոնց աչքերէն, ու անոնց մէջէն անցնելով՝ դուրս ելաւ տաճարէն, եւ այսպէս գնաց:
Նրանք քարեր վերցրին, որ գցեն նրա վրայ, բայց Յիսուս խոյս տուեց եւ տաճարից ելաւ գնաց:

< ՅՈՎՀԱՆՆՈԻ 8 >