< ՅՈՎՀԱՆՆՈԻ 6 >

1 Ասկէ ետք, Յիսուս գնաց Գալիլեայի՝ այսինքն Տիբերիայի ծովուն միւս կողմը:
Այնուհետեւ Յիսուս Գալիլիայի՝ Տիբերական ծովի հանդիպակաց կողմն անցաւ.
2 Մեծ բազմութիւն մը կը հետեւէր անոր, որովհետեւ կը տեսնէին այն նշանները՝ որ կ՚ընէր հիւանդներուն վրայ:
եւ նրա յետեւից բազում ժողովուրդ էր գնում, որովհետեւ տեսնում էին այն նշանները, որ նա կատարում էր հիւանդների վրայ:
3 Յիսուս լեռը ելաւ ու նստաւ հոն՝ իր աշակերտներուն հետ:
Յիսուս լեռ բարձրացաւ եւ նստեց այնտեղ իր աշակերտների հետ:
4 Հրեաներուն Զատիկի տօնը մօտ էր:
Եւ մօտ էր զատիկը՝ հրեաների տօնը:
5 Երբ Յիսուս աչքերը բարձրացուց ու տեսաւ թէ մեծ բազմութիւն մը կու գար իրեն, ըսաւ Փիլիպպոսի. «Ուրկէ՞ հաց գնենք՝ որպէսզի ասոնք ուտեն»:
Յիսուս իր աչքերը վեր բարձրացրեց եւ տեսաւ, որ բազում ժողովուրդ է գալիս իր մօտ: Փիլիպպոսին ասաց. «Որտեղի՞ց հաց պիտի գնենք, որ դրանք ուտեն»:
6 (Ասիկա կ՚ըսէր՝ զայն փորձելու համար, քանի որ ինք գիտէր թէ ի՛նչ պիտի ընէր: )
Այս ասում էր՝ նրան փորձելու համար, բայց ինքը գիտէր, թէ ինչ էր անելու:
7 Փիլիպպոս պատասխանեց անոր. «Երկու հարիւր դահեկանի հաց չի բաւեր անոնց, որպէսզի իւրաքանչիւրը քիչ մը առնէ»:
Փիլիպպոսը նրան պատասխանեց. «Երկու հարիւր դահեկանի հաց դրանց չի բաւարարի, թէկուզ եւ իւրաքանչիւր ոք մի կտոր վերցնի»:
8 Իր աշակերտներէն մէկը, Սիմոն Պետրոսի եղբայրը՝ Անդրէաս, ըսաւ իրեն.
Նրա աշակերտներից մէկը՝ Անդրէասը, Սիմոն Պետրոսի եղբայրը, ասաց նրան.
9 «Հոս պատանի մը կայ, որ ունի հինգ գարիէ նկանակ ու երկու ձուկ. բայց ի՞նչ են անոնք՝ այդչափ մարդոց համար»:
«Այստեղ մի պատանի կայ, որ հինգ գարեհաց ունի եւ երկու ձուկ. բայց այդքանն ի՞նչ է այսչափ մարդկանց համար»:
10 Յիսուս ըսաւ. «Նստեցուցէ՛ք այդ մարդիկը»: Հոն առատ խոտ կար, ու մարդիկը նստան՝ թիւով հինգ հազարի չափ:
Յիսուս ասաց. «Նստեցրէ՛ք մարդկանց»: Այնտեղ առատ խոտ կար: Եւ շուրջ հինգ հազար մարդիկ նստեցին:
11 Յիսուս առաւ նկանակները, շնորհակալ եղաւ եւ բաշխեց աշակերտներուն, աշակերտներն ալ՝ նստողներուն. նմանապէս ձուկերէն՝ ո՛րչափ որ ուզեցին:
Եւ Յիսուս հացն առաւ ու գոհութիւն յայտնեց Աստծուն եւ բաշխեց նստածներին: Նոյն ձեւով եւ ձկներից՝ որչափ որ կամեցան:
12 Երբ կշտացան՝ ըսաւ իր աշակերտներուն. «Ժողվեցէ՛ք աւելցած բեկորները, որպէսզի ոչինչ կորսուի»:
Եւ երբ կշտացան, աշակերտներին ասաց. «Հաւաքեցէ՛ք այդ մնացած կտորները, որպէսզի ոչ մի բան չկորչի»:
13 Ուստի ժողվեցին, եւ տասներկու կողով լեցուցին այդ հինգ գարիէ նկանակներէն մնացած բեկորներով, որոնք ուտողներէն աւելցան:
Հաւաքեցին եւ լցրին տասներկու սակառ այն հինգ գարեհացի կտորտանքով, որ ավելացել էր ուտողներից:
14 Իսկ մարդիկը, երբ տեսան Յիսուսի ըրած նշանը, կ՚ըսէին. «Ճշմա՛րտապէս ասիկա՛ է այն մարգարէն, որ աշխարհ պիտի գար»:
Իսկ մարդիկ, երբ տեսան այն նշանները, որ նա արեց, ասացին. «Սա՛ է ճշմարիտ մարգարէն, որ աշխարհ էր գալու»:
15 Ուրեմն Յիսուս, գիտնալով թէ պիտի գան յափշտակելու զինք՝ որպէսզի թագաւոր ընեն զինք, դարձեալ լեռը գնաց՝ առանձին:
Երբ Յիսուս իմացաւ, որ գալու են իրեն բռնել տանելու, որպէսզի իրեն թագաւոր անեն, դարձեալ միայնակ դէպի լեռը գնաց:
16 Երբ իրիկուն եղաւ՝ իր աշակերտները իջան ծովեզերքը,
Եւ երբ երեկոյ եղաւ, նրա աշակերտները ծովեզերք իջան:
17 ու նաւ մտնելով կ՚երթային ծովուն միւս կողմը՝ Կափառնայում: Արդէն մթնցած էր, բայց դեռ Յիսուս եկած չէր իրենց:
Եւ նաւակ նստելով՝ գալիս էին դէպի ծովի միւս կողմը, դէպի Կափառնայում: Եւ երբ մութն ընկաւ, Յիսուս դեռ իրենց մօտ չէր եկել.
18 Ծովն ալ ալեկոծ էր՝ սաստիկ փչող հովէն:
եւ ծովը հողմի ուժգին փչելուց փոթորկւում էր:
19 Երբ թի վարելով քսանհինգ կամ երեսուն ասպարէզի չափ գացին՝ տեսան Յիսուսը, որ կը մօտենար նաւուն՝ ծովուն վրայ քալելով, ու վախցան:
Երբ շուրջ հինգ կամ վեց կիլոմետր թիավարելուց յետոյ տեսան Յիսուսին, որ քայլում էր ծովի վրայով եւ նաւակին մօտեցել էր, սաստիկ վախեցան:
20 Բայց ինք ըսաւ անոնց. «Ե՛ս եմ, մի՛ վախնաք»:
Եւ նա ասաց նրանց. «Ես եմ, մի՛ վախեցէք»:
21 Ուստի ուզեցին ընդունիլ զինք նաւուն մէջ. եւ նաւը իսկոյն հասաւ այն երկիրը՝ ուր կ՚երթային:
Եւ ուզում էին նրան նաւակի մէջ առնել. եւ նաւակը շուտով հասաւ այն տեղը, ուր գնում էին:
22 Հետեւեալ օրը՝ բազմութիւնը, որ ծովուն միւս եզերքն էր, տեսաւ թէ ուրիշ նաւակ չկար այն մէկէն զատ՝ որուն մէջ անոր աշակերտները մտած էին, եւ թէ Յիսուս իր աշակերտներուն հետ մտած չէր նաւակը, այլ անոր աշակերտները առանձին գացեր էին
Յաջորդ օրը, ժողովուրդը, որ մնացել էր ծովի այն կողմը, տեսաւ, որ այնտեղ այլ նաւակ չկայ, բացի միայն մէկից, որի մէջ մտել էին Յիսուսի աշակերտները, իսկ Յիսուս իր աշակերտների հետ նաւակ չէր մտել, այլ միայն իր աշակերտներն էին գնաց»լ:
23 (բայց Տիբերիայէն ուրիշ նաւակներ եկան այն տեղին մօտ, ուր կերեր էին հացը՝ Տէրոջ շնորհակալ ըլլալէն ետք):
Սակայն Տիբերիայից ուրիշ նաւակներ էլ գալիս էին մօտ այն տեղին, ուր հացն էին կերել:
24 Ուրեմն բազմութիւնը՝ տեսնելով թէ ո՛չ Յիսուս հոն է, ո՛չ ալ անոր աշակերտները, իրե՛նք ալ նաւ մտան եւ գացին Կափառնայում՝ փնտռելու Յիսուսը:
Ուրեմն, երբ ժողովուրդը տեսաւ, որ Յիսուս այդտեղ չէ եւ ոչ էլ՝ նրա աշակերտները, նաւակներ նստեցին եւ եկան Կափառնայում՝ Յիսուսին փնտռելու:
25 Երբ գտան զինք՝ ծովուն միւս եզերքը, ըսին իրեն. «Ռաբբի՛, ե՞րբ եկար հոս»:
Եւ երբ նրան գտան ծովի միւս կողմում, ասացին նրան. «Ռաբբի՛, ե՞րբ եկար այստեղ»:
26 Յիսուս պատասխանեց անոնց. «Ճշմա՛րտապէս, ճշմա՛րտապէս կը յայտարարեմ ձեզի. “Դուք զիս կը փնտռէք՝ ո՛չ թէ քանի որ նշաններ տեսաք, հապա՝ որովհետեւ նկանակներէն կերաք ու կշտացաք”:
Յիսուս պատասխանեց նրանց եւ ասաց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, դուք ինձ փնտռում էք ոչ թէ նրա համար, որ նշաններ տեսաք, այլ որովհետեւ կերաք այն հացից եւ կշտացաք:
27 Գացէ՛ք, գործեցէ՛ք ո՛չ թէ կորստական կերակուրին համար, հապա այն կերակուրին համար՝ որ կը մնայ յաւիտենական կեանքին մէջ, եւ մարդու Որդի՛ն պիտի տայ ձեզի, որովհետեւ Հայրը՝ Աստուած զի՛նք կնքեց»: (aiōnios g166)
Գնացէք աշխատեցէ՛ք ոչ թէ կորստեան ենթակայ կերակրի համար, այլ այն կերակրի, որը մնում է յաւիտենական կեանքի համար, եւ որը մարդու Որդին կը տայ ձեզ, քանի որ նրան իր կնիքով հաստատել է Հայրը՝ Աստուած»: (aiōnios g166)
28 Ուրեմն ըսին իրեն. «Ի՞նչ ընենք՝ որպէսզի կատարենք Աստուծոյ գործերը»:
Նրան ասացին. «Ի՞նչ անենք, որ Աստծու ուզած գործերը գործենք»:
29 Յիսուս պատասխանեց անոնց. «Սա՛ է Աստուծոյ գործը, որ հաւատաք անոր ղրկածին»:
Յիսուս պատասխանեց եւ ասաց նրանց. «Աստծու ուզած գործը ա՛յս է. որ հաւատաք նրան, ում նա ուղարկեց»:
30 Ուստի ըսին իրեն. «Բայց դուն ի՞նչ նշան կ՚ընես, որ տեսնենք ու հաւատանք քեզի. ի՞նչ կը գործես:
Նրան ասացին. «Ի՞նչ նշան կ՚անես, որ տեսնենք եւ հաւատանք, ի՞նչ գործ կը գործես:
31 Մեր հայրերը անապատին մէջ մանանա՛ն կերան, ինչպէս գրուած է. “Երկինքէն հաց տուաւ անոնց՝ որպէսզի ուտեն”»:
Մեր հայրերը անապատում մանանան կերան, ինչպէս որ գրուած է. «Երկնքից նրանց հաց տուեց ուտելու»»:
32 Իսկ Յիսուս ըսաւ անոնց. «Ճշմա՛րտապէս, ճշմա՛րտապէս կը յայտարարեմ ձեզի. “Մովսէս չտուաւ ձեզի երկնային հացը, բայց իմ Հա՛յրս կու տայ ձեզի ճշմարիտ երկնային հացը”.
Յիսուս նրանց ասաց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, Մովսէսը չէ, որ ձեզ երկնքից հաց տուեց, այլ իմ Հայրն է, որ տալիս է ձեզ ճշմարիտ հացը երկնքից.
33 որովհետեւ Աստուծոյ հացը ա՛ն է, որ կ՚իջնէ երկինքէն եւ կեանք կու տայ աշխարհի»:
որովհետեւ Աստծուց է այն հացը, որ իջնում է երկնքից եւ կեանք է տալիս աշխարհին»:
34 Ուրեմն ըսին իրեն. «Տէ՛ր, ամէ՛ն ատեն տուր մեզի այդ հացը»:
Նրան ասացին. «Տէ՛ր, ամէն ժամ տո՛ւր մեզ այդ հացը»:
35 Յիսուս ըսաւ անոնց. «Ե՛ս եմ կեանքի հացը. ա՛ն որ կու գայ ինծի՝ երբե՛ք պիտի չանօթենայ, եւ ա՛ն որ կը հաւատայ ինծի՝ պիտի չծարաւնայ:
Յիսուս նրանց ասաց. «Ես եմ կենաց հացը. ով դէպի ինձ գայ, քաղց չի զգայ, եւ ով ինձ հաւատայ, երբեք չի ծարաւի:
36 Բայց ես ըսի ձեզի. “Դուք զիս տեսաք ալ, ու չէք հաւատար”:
Բայց ես ձեզ ասել եմ, թէ ինձ տեսաք եւ չէք հաւատում:
37 Բոլոր անոնք որ Հայրը կու տայ ինծի՝ պիտի գան ինծի, եւ ա՛ն որ կու գայ ինծի՝ բնա՛ւ պիտի չվտարեմ:
Բոլոր նրանք, ում Հայրն ինձ տալիս է, կը գան ինձ մօտ, եւ ով որ ինձ մօտ կը գայ, դուրս չեմ անի.
38 Որովհետեւ ես իջայ երկինքէն՝ գործադրելու ո՛չ թէ ի՛մ կամքս, հապա անո՛ր կամքը՝ որ ղրկեց զիս:
որովհետեւ ես երկնքից իջայ ոչ թէ իմ կամքը կատարելու համար, այլ՝ կամքը նրա, ով ինձ ուղարկեց:
39 Եւ զիս ղրկող Հօրը կամքը սա՛ է, որ ո՛չ մէկը կորսնցնեմ բոլոր անոնցմէ՝ որ ինք տուաւ ինծի, հապա յարուցանեմ զանոնք՝ վերջին օրը:
Այս է կամքը իմ Հօր, որ ինձ ուղարկեց. բոլոր նրանք, ում Հայրն ինձ տուել է, նրանցից ոչ մէկին չկորցնեմ, այլ վերջին օրը յարութիւն առնել տամ նրանց:
40 Որովհետեւ զիս ղրկողին կամքը սա՛ է, որ ո՛վ որ տեսնէ Որդին ու հաւատայ իրեն՝ ունենայ յաւիտենական կեանքը. ե՛ս ալ պիտի յարուցանեմ զայն՝ վերջին օրը»: (aiōnios g166)
Այս է իմ Հօր կամքը. ամէն ոք, ով տեսնի Որդուն եւ հաւատայ նրան, ունենայ յաւիտենական կեանք. եւ ես նրան վերջին օրը յարութիւն առնել տամ»: (aiōnios g166)
41 Ուստի Հրեաները կը տրտնջէին իրեն դէմ, որովհետեւ ըսաւ. «Ե՛ս եմ երկինքէն իջած հացը»,
Հրեաները տրտնջում էին նրանից, որովհետեւ ասել էր՝ ե՛ս եմ երկնքից իջած հացը:
42 եւ կ՚ըսէին. «Ասիկա Յովսէփի որդին՝ Յիսուսը չէ՞, որուն հայրն ու մայրը կը ճանչնանք. հապա ի՞նչպէս ասիկա կ՚ըսէ. “Ես իջայ երկինքէն”»:
Եւ ասում էին. «Սա Յիսուսը չէ՞՝ Յովսէփի որդին, որի հօրն ու մօրը մենք ճանաչում ենք: Իսկ արդ, ինչպէ՞ս է ասում՝ ես երկնքից իջայ»:
43 Յիսուս ալ պատասխանեց անոնց. «Մի՛ տրտնջէք ձեր մէջ:
Յիսուս պատասխանեց եւ ասաց նրանց. «Մի՛ քրթմնջէք իրար մէջ.
44 Ո՛չ մէկը կրնայ գալ ինծի՝ եթէ զիս ղրկող Հայրը չքաշէ զայն. ու ես պիտի յարուցանեմ զայն՝ վերջին օրը:
ոչ ոք չի կարող գալ դէպի ինձ, եթէ նրան չձգի Հայրը, որ ինձ ուղարկեց, եւ ես նրան վերջին օրը յարութիւն առնել կը տամ:
45 Մարգարէներուն մէջ գրուած է. “Բոլորն ալ սորված պիտի ըլլան Աստուծմէ”: Ո՛վ որ կը լսէ Հօրմէն ու կը սորվի՝ ինծի՛ կու գայ:
Մարգարէների գրքերում գրուած է. «Եւ ամէնքը Աստծուց ուսած կը լինեն»: Ամէն ոք, որ լսում է Հօրից եւ ուսանում է, գալիս է դէպի ինձ:
46 Ո՛չ մէկը տեսած է Հայրը, բացի անկէ՝ որ Աստուծմէ է. անիկա՛ տեսած է Հայրը:
Սակայն ոչ ոք Հօրը չի տեսել, այլ միայն նա, որ Աստծուց է, նա՛ է տեսել Հօրը:
47 Ճշմա՛րտապէս, ճշմա՛րտապէս կը յայտարարեմ ձեզի. “Ա՛ն որ կը հաւատայ ինծի՝ ունի՛ յաւիտենական կեանքը”: (aiōnios g166)
Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, որ, ով հաւատում է, ունենում է յաւիտենական կեանքը: (aiōnios g166)
48 Ե՛ս եմ կեանքի հացը:
Ես եմ կենաց հացը:
49 Ձեր հայրերը կերան մանանան անապատին մէջ, բայց մեռան:
Ձեր հայրերը անապատում մանանան կերան, սակայն մեռան:
50 Ա՛յս է այն հացը՝ որ կ՚իջնէ երկինքէն, որպէսզի եթէ մէկը ուտէ ասկէ՝ չմեռնի:
Այս է երկնքից իջած հացը, որպէսզի, ով որ սրանից ուտի, չմեռնի:
51 Ե՛ս եմ կենարար հացը՝ որ իջայ երկինքէն: Եթէ մէկը ուտէ այս հացէն՝ պիտի ապրի յաւիտեա՛ն. եւ այն հացը որ ես պիտի տամ՝ իմ մարմի՛նս է, որ պիտի տամ աշխարհի կեանքին համար»: (aiōn g165)
Ես եմ կենդանի հացը, որ երկնքից է իջած. թէ մէկն այս հացից ուտի, յաւիտենապէս կ՚ապրի. եւ այն հացը, որ ես կը տամ, իմ մարմինն է, որը ես կը տամ, որպէսզի աշխարհը կեանք ունենայ»: (aiōn g165)
52 Ուստի Հրեաները կը վիճէին իրարու հետ եւ կ՚ըսէին. «Ի՞նչպէս ասիկա կրնայ տալ մեզի իր մարմինը՝ ուտելու»:
Հրեաները իրար հետ բուռն կերպով վիճում էին եւ ասում. «Սա ինչպէ՞ս կարող է իր մարմինը մեզ տալ՝ ուտելու»:
53 Իսկ Յիսուս ըսաւ անոնց. «Ճշմա՛րտապէս, ճշմա՛րտապէս կը յայտարարեմ ձեզի. “Եթէ չուտէք մարդու Որդիին մարմինը ու չխմէք անոր արիւնը, կեանքը չէք ունենար ձեր մէջ”:
Յիսուս նրանց ասաց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, եթէ չուտէք մարդու Որդու մարմինը եւ չըմպէք նրա արիւնը, ձեր մէջ կեանք չէք ունենայ:
54 Ո՛վ որ կ՚ուտէ իմ մարմինս եւ կը խմէ իմ արիւնս՝ ունի յաւիտենական կեանքը, ու ես պիտի յարուցանեմ զայն՝ վերջին օրը. (aiōnios g166)
Ով ուտում է իմ մարմինը եւ ըմպում իմ արիւնը, յաւիտենական կեանք ունի. եւ ես նրան վերջին օրը յարութիւն առնել պիտի տամ, (aiōnios g166)
55 որովհետեւ իմ մարմինս ճշմա՛րտապէս կերակուր է, եւ իմ արիւնս՝ ճշմա՛րտապէս խմելիք:
քանի որ իմ մարմինը ճշմարիտ կերակուր է, եւ իմ արիւնը՝ ճշմարիտ ըմպելիք:
56 Ա՛ն որ կ՚ուտէ իմ մարմինս ու կը խմէ իմ արիւնս՝ անիկա՛ կը բնակի իմ մէջս, եւ ես՝ անոր մէջ:
Ով ուտում է իմ մարմինը եւ ըմպում իմ արիւնը, կը բնակուի իմ մէջ, եւ ես՝ նրա մէջ:
57 Ինչպէս ապրող Հայրը ղրկեց զիս, ու ես կ՚ապրիմ Հօրը միջոցով, այնպէս ալ ա՛ն որ կ՚ուտէ զիս՝ ի՛նք ալ պիտի ապրի ինձմով:
Ինչպէս Հայրը, որ ինձ ուղարկեց, ապրում է, ես էլ ապրում եմ Հօր միջոցով. եւ ով ուտում է ինձ, նա էլ կ՚ապրի իմ միջոցով:
58 Ա՛յս է այն հացը՝ որ իջած է երկինքէն: Ա՛ն որ ուտէ այս հացը՝ պիտի ապրի յաւիտեա՛ն. ո՛չ թէ ձեր հայրերուն պէս, որոնք կերան մանանան՝ բայց մեռան»: (aiōn g165)
Այս է հացը, որ երկնքից է իջած. ոչ այնպէս, ինչպէս մանանան, որը ձեր հայրերը կերան եւ մեռան. ով այս հացն ուտում է, կ՚ապրի յաւիտեան»: (aiōn g165)
59 Այս բաները խօսեցաւ ժողովարանին մէջ, երբ կը սորվեցնէր Կափառնայումի մէջ:
Նա այս բաներն ասաց Կափառնայումի մէջ ժողովարանում ուսուցանելիս:
60 Իսկ աշակերտներէն շատերը՝ երբ լսեցին՝ ըսին. «Խիստ է այդ խօսքը, ո՞վ կրնայ մտիկ ընել զայն»:
Եւ աշակերտներից շատերը, երբ լսեցին, ասացին. «Խիստ է այդ խօսքը. ո՞վ կարող է այն լսել»:
61 Երբ Յիսուս ինքնիրեն հասկցաւ թէ իր աշակերտները կը տրտնջեն ատոր համար, ըսաւ անոնց. «Ատիկա կը գայթակղեցնէ՞ ձեզ:
Յիսուս երբ ինքն իրենից իմացաւ, որ իր աշակերտները դրա համար տրտնջում են, նրանց ասաց. «Այդ ձեզ գայթակղեցնո՞ւմ է.
62 Հապա ի՞նչ պիտի մտածէք, եթէ տեսնէք մարդու Որդիին բարձրանալը հոն՝ ուր նախապէս էր:
իսկ արդ, եթէ տեսնէք մարդու Որդուն բարձրանալիս այնտեղ, ուր առաջ էր...»:
63 Հոգի՛ն է կեանք տուողը. մարմինը օգո՛ւտ մը չունի: Այն խօսքերը որ կ՚ըսեմ ձեզի՝ Հոգի ու կեանք են:
«Հոգին է կենդանարար. մարմինը ոչ մի բան չի կարող անել: Այն խօսքը, որ ես ձեզ ասացի, հոգի է եւ կեանք:
64 Բայց ձեր մէջ կան ոմանք՝ որ չեն հաւատար»: Որովհետեւ Յիսուս սկիզբէն գիտէր թէ որո՛նք են անոնք՝ որ չեն հաւատար, եւ ո՛վ է ան՝ որ պիտի մատնէ զինք:
Բայց ձեր մէջ կան ոմանք, որ չեն հաւատում»: Քանի որ Յիսուս սկզբից գիտէր, թէ ովքեր են նրանք, որ չեն հաւատում, եւ ով է նա, որ մատնելու է իրեն, ասաց.
65 Ու ըսաւ. «Ասո՛ր համար ըսի ձեզի. “Ո՛չ մէկը կրնայ գալ ինծի, եթէ իմ Հօրմէս տրուած չըլլայ անոր”»:
«Դրա համար ձեզ ասացի, թէ ոչ ոք չի կարող գալ ինձ մօտ, եթէ այդ իմ Հօրից տրուած չէ նրան»:
66 Այս պատճառով իր աշակերտներէն շատեր հեռացան, եւ ա՛լ չէին շրջեր իրեն հետ:
Դրա վրայ՝ նրա աշակերտներից շատերը յետ քաշուեցին եւ այլեւս նրա հետ չէին շրջում:
67 Ուստի Յիսուս ըսաւ տասներկուքին. «Միթէ դո՞ւք ալ կ՚ուզէք երթալ»:
Յիսուս տասներկու աշակերտներին ասաց. «Միթէ դո՞ւք էլ ուզում էք գնալ»:
68 Սիմոն Պետրոս պատասխանեց անոր. «Տէ՛ր, որո՞ւն պիտի երթանք. դո՛ւն ունիս յաւիտենական կեանքի խօսքերը: (aiōnios g166)
Սիմոն Պետրոսը նրան պատասխանեց. «Տէ՛ր, ո՞ւմ մօտ պիտի գնանք: Դու յաւիտենական կեանքի խօսքեր ունես: (aiōnios g166)
69 Մենք հաւատացինք ու գիտցանք թէ դո՛ւն ես Քրիստոսը՝ Աստուծոյ Որդին»:
Եւ մենք հաւատացինք եւ ճանաչեցինք, որ դու ես Քրիստոսը՝ Աստծու Որդին»:
70 Յիսուս պատասխանեց անոնց. «Ես չընտրեցի՞ ձեզ՝ տասներկուքդ. բայց ձեզմէ մէկը չարախօս է»:
Յիսուս նրանց պատասխանեց. «Չէ՞ որ ես եմ ընտրել ձեզ՝ Տասներկուսիդ. եւ ձեզանից մէկը սատանայ է»:
71 Ան կը խօսէր Իսկարիովտացի Սիմոնեան Յուդայի մասին, որովհետեւ անիկա՛ էր որ պիտի մատնէր զինք, թէպէտ տասներկուքէն մէկն էր:
Նա խօսում էր Իսկարիովտացու՝ Սիմոնի որդի Յուդայի մասին, որովհետեւ հէնց նա էր մատնելու նրան. եւ Տասներկուսից մէկն էր:

< ՅՈՎՀԱՆՆՈԻ 6 >