< ՅՈՎՀԱՆՆՈԻ 20 >

1 Մէկշաբթի օրը՝ Մարիամ Մագդաղենացին, առտուն՝ դեռ չլուսցած՝ կ՚երթայ գերեզման, եւ կը տեսնէ թէ քարը վերցուած է գերեզմանին դռնէն:
Եւ կիրակի օրը Մարիամ Մագդաղենացին առաւօտեան արշալոյսին գերեզման է գալիս եւ տեսնում է, որ քարը գերեզմանի դռնից վերցուած է:
2 Ուստի կը վազէ՝ կու գայ Սիմոն Պետրոսի, ու միւս աշակերտին՝ որ Յիսուս կը սիրէր, եւ կ՚ըսէ անոնց. «Վերցուցած են Տէրը գերեզմանէն, ու չենք գիտեր ո՛ւր դրած են զայն»:
Ապա վազում է եւ գալիս Սիմոն Պետրոսի եւ այն միւս աշակերտի մօտ, որին Յիսուս սիրում էր, ու նրանց ասում է. «Տիրոջը վերցրել են գերեզմանից, եւ չգիտենք, թէ ո՛ւր են դրել նրան»:
3 Ուրեմն Պետրոս եւ միւս աշակերտը մեկնեցան, ու կ՚երթային դէպի գերեզմանը:
Պետրոսը եւ միւս աշակերտը ելան եւ գերեզման էին գալիս:
4 Երկուքն ալ կը վազէին միասին. սակայն միւս աշակերտը՝ Պետրոսէն աւելի արագ վազելով՝ անկէ առաջ հասաւ գերեզմանը,
Երկուսով միասին վազում էին, բայց միւս աշակերտը առաջ անցաւ Պետրոսից եւ աւելի շուտ վազեց ու առաջինը գերեզման եկաւ:
5 ծռելով նայեցաւ, եւ տեսաւ թէ լաթերը դրուած էին հոն. բայց ներս չմտաւ:
Եւ կռանալով՝ տեսաւ, որ կտաւները այնտեղ էին, բայց ներս չմտաւ:
6 Սիմոն Պետրոս ալ՝ որ կը հետեւէր անոր՝ հասաւ, մտաւ գերեզմանը, ու տեսաւ լաթերը՝ որոնք դրուած էին հոն.
Եկաւ նաեւ Սիմոն Պետրոսը, որ նրա յետեւից էր գալիս. մտաւ գերեզմանը եւ տեսաւ, որ կտաւները այնտեղ էին,
7 իսկ վարշամակը՝ որ անոր գլուխն էր՝ միւս լաթերուն հետ դրուած չէր, հապա ծալուած՝ զա՛տ տեղ մըն էր:
եւ վարշամակը, որ նրա գլխին էր, միւս կտաւների հետ չէր, այլ առանձին ծալուած՝ մի կողմ էր:
8 Այն ատեն միւս աշակերտն ալ՝ որ աւելի առաջ եկած էր գերեզմանը՝ ներս մտաւ, տեսաւ եւ հաւատաց:
Այն ժամանակ մտաւ եւ միւս աշակերտը, որ աւելի առաջ էր եկել գերեզման. տեսաւ ու հաւատաց.
9 Որովհետեւ դեռ չէին գիտեր գրուածը, թէ պէտք է որ ան յարութիւն առնէ մեռելներէն:
քանի որ դեռ չէին հասկացել գրուածքը, թէ՝ մեռելներից պէտք է յարութիւն առնի:
10 Ուստի աշակերտները վերադարձան իրենց տունը:
Աշակերտները, վերադառնալով, գնացին իրենց տեղերը:
11 Բայց Մարիամ կայնած էր գերեզմանին դուրսը, եւ կու լար: Մինչ կու լար, ծռեցաւ դէպի գերեզմանը՝ նայելու,
Բայց Մարիամը կանգնած էր գերեզմանի դուրսը ու լաց էր լինում. եւ մինչ դեռ լաց էր լինում, կռացաւ դէպի գերեզմանը
12 ու տեսաւ երկու հրեշտակներ՝ ճերմակ հանդերձներով, որ նստած էին հո՛ն՝ ուր Յիսուսի մարմինը դրուած էր, մէկը գլուխին կողմը, եւ միւսը՝ ոտքին:
եւ տեսաւ երկու հրեշտակներ՝ սպիտակների մէջ, որոնք նստել էին՝ մէկը՝ սնարին, եւ միւսը՝ ոտքերի մօտ, այնտեղ, ուր Յիսուսի մարմինն էր եղել:
13 Անոնք ըսին իրեն. «Կի՛ն, ինչո՞ւ կու լաս»: Ըսաւ անոնց. «Որովհետեւ վերցուցած են իմ Տէրս գերեզմանէն, ու չեմ գիտեր ո՛ւր դրած են զայն»:
Եւ նրան ասացին. «Ո՛վ կին, ինչո՞ւ ես լալիս»: Նա նրանց ասաց. «Որովհետեւ իմ Տիրոջը գերեզմանից վերցրել են, եւ չգիտեմ՝ նրան ուր են դրել»:
14 Երբ ըսաւ ասիկա՝ ետեւ դարձաւ, եւ տեսաւ Յիսուսը՝ որ կայնած էր, ու չէր գիտեր թէ Յիսուսն է:
Երբ այս ասաց, դէպի յետեւի կողմը դարձաւ եւ տեսաւ Յիսուսին, որ կանգնած էր. բայց չէր իմանում, թէ Յիսուսն է:
15 Յիսուս ըսաւ անոր. «Կի՛ն, ինչո՞ւ կու լաս, ո՞վ կը փնտռես»: Ինք՝ կարծելով թէ ան պարտիզպանն է, ըսաւ անոր. «Տէ՛ր, եթէ դո՛ւն տեղափոխեցիր զայն, ըսէ՛ ինծի՝ ո՞ւր դրիր զայն, որպէսզի վերցնեմ զայն»:
Յիսուս նրան ասաց. «Ո՛վ կին, ինչո՞ւ ես լալիս, ո՞ւմ ես փնտռում»: Նրան այնպէս թուաց, թէ պարտիզպանն է. եւ ասաց նրան. «Տէ՛ր, եթէ դու ես նրան վերցրել, ասա՛ ինձ՝ ուր ես դրել նրան, որպէսզի ես նրան վերցնեմ»:
16 Յիսուս ըսաւ անոր. «Մարիա՛մ»: Ան ալ դարձաւ եւ ըսաւ անոր (եբրայերէն). «Ռաբբունի՛», որ ըսել է՝ Վարդապետ:
Յիսուս նրան ասաց՝ Մարիա՛մ: Եւ նա դարձաւ ու եբրայերէն նրան ասաց՝ Ռաբբունի՛ (որ թարգմանւում է՝ վարդապետ):
17 Յիսուս ըսաւ անոր. «Մի՛ դպչիր ինծի, որովհետեւ դեռ բարձրացած չեմ Հօրս քով. հապա գնա՛ եղբայրներուս եւ ըսէ՛ անոնց. “Ես կը բարձրանամ իմ Հօրս քով ու ձեր Հօր քով, իմ Աստուծոյս քով եւ ձեր Աստուծոյն քով”»:
Յիսուս նրան ասաց. «Ինձ մի՛ մօտեցիր, քանի որ դեռ Հօրս մօտ չեմ բարձրացել. ուրեմն գնա՛ դու իմ եղբայրների մօտ ու նրանց ասա՛, որ ես բարձրանում եմ դէպի իմ Հայրը եւ ձեր Հայրը, դէպի իմ Աստուածը եւ ձեր Աստուածը»:
18 Մարիամ Մագդաղենացին գնաց, ու պատմեց աշակերտներուն թէ ինք տեսաւ Տէրը, եւ թէ ա՛ն ըսաւ իրեն այս բաները:
Մարիամ Մագդաղենացին եկաւ ու աշակերտներին պատմեց, թէ ինքը Տիրոջը տեսել է, եւ նա իրեն այս բաներն է ասել:
19 Նոյն օրը, Մէկշաբթի իրիկուն, աշակերտներուն հաւաքուած տեղին դռները գոց էին՝ քանի որ կը վախնային Հրեաներէն: Յիսուս եկաւ, կայնեցաւ անոնց մէջտեղ եւ ըսաւ անոնց. «Խաղաղութի՜ւն ձեզի»:
Նոյն կիրակի օրուայ երեկոյեան աշակերտները հաւաքուած էին մի տան մէջ, որի դռները փակուած էին հրեաների վախի պատճառով: Յիսուս եկաւ, կանգնեց նրանց մէջտեղն ու նրանց ասաց. «Խաղաղութի՜ւն ձեզ»:
20 Ասիկա ըսելով՝ ցուցուց անոնց իր ձեռքերն ու կողը. աշակերտներն ալ ուրախացան՝ երբ տեսան Տէրը:
Այս ասելով՝ նրանց ցոյց տուեց իր ձեռքերը եւ կողը. եւ աշակերտներն ուրախացան, երբ տեսան Տիրոջը:
21 Յիսուս դարձեալ ըսաւ անոնց. «Խաղաղութի՜ւն ձեզի. ինչպէս Հայրը ղրկեց զիս, ես ալ կը ղրկեմ ձեզ»:
Նա դարձեալ նրանց ասաց. «Խաղաղութի՜ւն ձեզ. ինչպէս իմ Հայրն ինձ ուղարկեց, ես էլ ուղարկում եմ ձեզ»:
22 Ասիկա ըսելով՝ փչեց անոնց վրայ եւ ըսաւ անոնց. «Ընդունեցէ՛ք Սուրբ Հոգին:
Երբ այս ասաց, նրանց վրայ փչեց եւ ասաց. «Առէ՛ք Սուրբ Հոգին:
23 Որո՛նց մեղքերը որ ներէք՝ ներուած ըլլան անոնց, եւ որո՛նց մեղքերը որ պահէք՝ պահուած ըլլան»:
Եթէ մէկի մեղքերը ներէք, նրանց ներուած կը լինի. եթէ մէկի մեղքերը չներէք, ներուած չի լինի»:
24 Բայց տասներկուքէն մէկը, Երկուորեակ կոչուած Թովմաս, անոնց հետ չէր՝ երբ Յիսուս եկաւ:
Իսկ Թովմասը՝ Տասներկուսից մէկը՝ Երկուորեակ կոչուածը, նրանց հետ չէր, երբ Յիսուս եկաւ:
25 Ուրեմն միւս աշակերտները ըսին անոր. «Տէ՛րը տեսանք»: Ան ալ ըսաւ անոնց. «Պիտի չհաւատամ, եթէ չտեսնեմ գամերուն տիպը՝ իր ձեռքերուն վրայ, ու չմխեմ մատս գամերուն տիպին մէջ, եւ չմխեմ ձեռքս անոր կողին մէջ»:
Միւս աշակերտները նրան ասացին, թէ՝ Տիրոջը տեսանք: Եւ նա նրանց ասաց. «Եթէ չտեսնեմ նրա ձեռքերի վրայ մեխերի նշանը եւ իմ մատները մեխերի տեղերը չդնեմ ու իմ ձեռքը նրա կողի մէջ չխրեմ, չեմ հաւատայ»:
26 Ութ օր ետք՝ դարձեալ աշակերտները ներսն էին, Թովմաս ալ՝ անոնց հետ: Յիսուս եկաւ՝ թէպէտ դռները գոց էին, կայնեցաւ անոնց մէջտեղ եւ ըսաւ. «Խաղաղութի՜ւն ձեզի»:
Ութ օր յետոյ աշակերտները դարձեալ ներսում էին. եւ Թովմասը՝ նրանց հետ: Յիսուս եկաւ փակ դռներով, կանգնեց մէջտեղ ու ասաց՝ խաղաղութի՜ւն ձեզ:
27 Յետոյ ըսաւ Թովմասի. «Հո՛ս բեր մատդ ու տե՛ս ձեռքերս, բե՛ր ձեռքդ եւ մխէ՛ կողիս մէջ, ու մի՛ ըլլար անհաւատ, հապա՝ հաւատացեալ»:
Ապա Թովմասին ասաց. «Բե՛ր քո մատները եւ դի՛ր այստեղ ու տե՛ս իմ ձեռքերը. եւ բե՛ր քո ձեռքը ու մտցրո՛ւ իմ կողի մէջ. անհաւատ մի՛ եղիր, այլ՝ հաւատացեալ»:
28 Թովմաս պատասխանեց անոր. «Իմ Տէ՜րս եւ Աստուա՜ծս»:
Թովմասը պատասխան տուեց ու նրան ասաց՝ Տէ՛ր իմ եւ Աստուա՛ծ իմ:
29 Յիսուս ըսաւ անոր. «Դուն հաւատացիր՝ որովհետեւ տեսար զիս. երանի՜ անոնց որ կը հաւատան՝ առանց տեսնելու»:
Յիսուս նրան ասաց. «Որովհետեւ դու ինձ տեսար, հաւատացիր. երանի՜ նրանց, որոնք չեն տեսել եւ սակայն կը հաւատան»:
30 Յիսուս ըրաւ ուրիշ բազմաթիւ նշաններ ալ իր աշակերտներուն առջեւ, որոնք գրուած չեն այս գիրքին մէջ:
Իր աշակերտների առաջ Յիսուս բազում այլ նշաններ էլ արեց, որոնք այս գրքում գրուած չեն:
31 Բայց ասոնք գրուեցան, որպէսզի հաւատաք թէ Յիսուս՝ Քրիստոսն է, Աստուծոյ Որդին, եւ հաւատալով կեանք ունենաք՝ անոր անունով:
Այլ այսքանը գրուեց, որ դուք հաւատաք, թէ Յիսուս Քրիստոսն է՝ Աստծու Որդին. նաեւ՝ որպէսզի հաւատաք ու նրա անունով յաւիտենական կեանքն ընդունէք:

< ՅՈՎՀԱՆՆՈԻ 20 >