< ՅՈՎՀԱՆՆՈԻ 2 >

1 Երրորդ օրը հարսանիք մը կար Գալիլեայի Կանա քաղաքը, եւ Յիսուսի մայրը հոն էր:
Գալիլիա հասնելու երրորդ օրը Կանա քաղաքում հարսանիք կար: Եւ Յիսուսի մայրը այնտեղ էր:
2 Յիսուս ալ հրաւիրուեցաւ այդ հարսանիքին, նաեւ՝ իր աշակերտները:
Հարսանիքի հրաւիրուեցին նաեւ Յիսուս եւ իր աշակերտները:
3 Երբ գինին պակսեցաւ, Յիսուսի մայրը ըսաւ անոր. «Գինի չունին»:
Եւ երբ գինին պակասեց, մայրը Յիսուսին ասաց. «Գինի չունեն»:
4 Յիսուս ըսաւ անոր. «Կի՛ն, դուն ի՞նչ ունիս ինծի հետ. իմ ժամս դեռ հասած չէ»:
Եւ Յիսուս նրան ասաց. «Ի՞նչ ես ուզում ինձնից, ո՛վ կին, իմ ժամանակը դեռ չի հասել»:
5 Իր մայրը ըսաւ սպասարկուներուն. «Ի՛նչ որ ըսէ ձեզի՝ ըրէ՛ք»:
Նրա մայրը սպասաւորներին ասաց. «Ինչ որ ձեզ ասի, արէ՛ք»:
6 Հոն վեց քարէ կարաս դրուած էր՝ Հրեաներուն մաքրուելու սովորութեան համաձայն. իւրաքանչիւրը կը պարունակէր երկու կամ երեք մար:
Այնտեղ կային քարէ վեց թակոյկներ՝ հրեաների սովորութեան համաձայն մաքրուելու համար. նրանցից իւրաքանչիւրը շուրջ հարիւր լիտր տարողութիւն ունէր:
7 Յիսուս ըսաւ անոնց. «Լեցուցէ՛ք այդ կարասները ջուրով». ու լեցուցին զանոնք՝ մինչեւ բերանը:
Յիսուս նրանց ասաց. «Լցրէ՛ք այդ թակոյկները ջրով»: Եւ լցրին բերնէբերան:
8 Եւ ըսաւ անոնց. «Հիմա հանեցէ՛ք ու տարէ՛ք սեղանապետին». անոնք ալ տարին:
Եւ ասաց նրանց. «Հիմա վերցրէ՛ք եւ տարէ՛ք սեղանապետին»: Եւ նրանք տարան:
9 Երբ սեղանապետը համտեսեց գինի դարձած ջուրը՝ չէր գիտեր ուրկէ՛ ըլլալը (բայց սպասարկուները՝ որոնք հաներ էին ջուրը՝ գիտէին): Սեղանապետը կանչեց փեսան
Եւ երբ սեղանապետը ճաշակեց գինի դարձած ջուրը ու չէր իմանում, թէ որտեղից է (բայց սպասաւորները, որոնք ջուր լցրին, գիտէին),
10 եւ ըսաւ անոր. «Ամէն մարդ նախ կը մատուցանէ լաւ գինին, ու երբ արբեցած ըլլան՝ ա՛յն ատեն ցածորակը. բայց դուն լաւ գինին պահեցիր մինչեւ հիմա»:
խօսեց փեսայի հետ ու ասաց. «Ամէն մարդ նախ ընտիր գինին է մատուցում, եւ երբ հարբած են, այն ժամանակ՝ վատը: Իսկ դու ընտիր գինին մինչեւ հիմա պահել ես»:
11 Յիսուս իր նշաններուն սկիզբը ըրաւ ասիկա՝ Գալիլեայի Կանա քաղաքին մէջ, եւ ցոյց տուաւ իր փառքը. ու իր աշակերտները հաւատացին իրեն:
Յիսուս այս առաջին նշանն արեց Գալիլիայի Կանա քաղաքում որպէս սկիզբը նշանների եւ յայտնեց իր փառքը, ու նրա աշակերտները հաւատացին նրան:
12 Յետոյ Յիսուս Կափառնայում իջաւ, ինք, իր մայրն ու իր եղբայրները, եւ իր աշակերտները. բայց շատ օրեր չմնացին հոն:
Սրանից յետոյ Յիսուս Կափառնայում իջաւ իր մօր եւ իր եղբայրների հետ. եւ այնտեղ մնաց միայն մի քանի օր:
13 Հրեաներուն Զատիկը մօտ էր, ուստի Յիսուս բարձրացաւ Երուսաղէմ:
Հրեաների զատիկը մօտ էր, եւ Յիսուս Երուսաղէմ ելաւ:
14 Տաճարին մէջ գտաւ արջառ, ոչխար եւ աղաւնի ծախողներ, նաեւ լումայափոխներ՝ որոնք նստած էին:
Եւ տաճարի մէջ գտաւ նրանց, որ վաճառում էին արջառներ, ոչխարներ եւ աղաւնիներ, ինչպէս նաեւ՝ լումայափոխներ, որ նստած էին:
15 Եւ չուանէ խարազան մը շինելով՝ տաճարէն դուրս հանեց բոլորը, ոչխարներն ու արջառներն ալ. թափեց լումայափոխներուն լումաները, տապալեց սեղանները,
Եւ չուանից խարազան շինեց ու բոլորին տաճարից դուրս հանեց. նաեւ՝ ոչխարներն ու արջառները. իսկ լումայափոխների պղնձադրամները ցիր ու ցան արեց եւ նրանց սեղանները շուռ տուեց:
16 եւ ըսաւ աղաւնի ծախողներուն. «Վերցուցէ՛ք ատոնք ասկէ. առեւտուրի տուն մի՛ ընէք իմ Հօրս տունը»:
Իսկ աղաւնի վաճառողներին ասաց. «Դրանք այստեղից վերցրէ՛ք եւ իմ Հօր Տունը վաճառատան մի՛ վերածէք»:
17 Եւ իր աշակերտները յիշեցին՝ որ գրուած է. «Քու տանդ նախանձախնդրութիւնը կլանեց զիս»:
Նրա աշակերտները յետոյ յիշեցին, որ գրուած է. «Քո Տան նկատմամբ իմ նախանձախնդրութիւնը ինձ պիտի ուտի»:
18 Հետեւաբար Հրեաները ըսին անոր. «Ի՞նչ նշան ցոյց կու տաս մեզի՝ քանի կ՚ընես այդ բաները»:
Հրեաները նրան ասացին. «Ի՞նչ նշան ցոյց կը տաս մեզ, թէ իրաւունք ունես այդ բանն անելու»:
19 Յիսուս պատասխանեց անոնց. «Քակեցէ՛ք այս տաճարը, ու երեք օրուան մէջ պիտի կանգնեցնեմ զայն»:
Պատասխանեց նրանց Յիսուս եւ ասաց. «Քանդեցէ՛ք այդ տաճարը, եւ երեք օրուայ ընթացքում այն կը վերականգնեմ»:
20 Իսկ Հրեաները ըսին. «Քառասունվեց տարուան մէջ շինուեցաւ այս տաճարը, եւ դուն երե՞ք օրուան մէջ պիտի կանգնեցնես զայն»:
Հրեաները նրան ասացին. «Քառասունվեց տարում շինուեց այս տաճարը, իսկ դու երե՞ք օրում այն վերականգնում ես»:
21 Բայց ինք կը խօսէր իր մարմինի՛ն տաճարին մասին:
Բայց նա իր մարմնի տաճարի մասին էր խօսում:
22 Ուստի երբ ինք մեռելներէն յարութիւն առաւ, իր աշակերտները յիշեցին թէ ըսած էր ասիկա, ու հաւատացին Գիրքին եւ Յիսուսի ըսած խօսքին:
Իսկ երբ մեռելներից յարութիւն առաւ, նրա աշակերտները յիշեցին, թէ այդ է, որ ասել էր. եւ հաւատացին Գրքին ու այն խօսքին, որ Յիսուս ասել էր:
23 Երբ Զատիկի տօնին ատենը Երուսաղէմ էր, շատ մարդիկ հաւատացին անոր անունին՝ տեսնելով անոր ըրած նշանները:
Եւ երբ Յիսուս զատկի տօնին Երուսաղէմում էր գտնւում, շատեր հաւատացին նրան, քանի որ տեսնում էին այն նշանները, որ կատարում էր:
24 Բայց ինք՝ Յիսուս՝ չէր հաւատար անոնց, որովհետեւ կը ճանչնար ամէն մարդ.
Բայց Յիսուս անձամբ վստահութիւն չունէր նրանց նկատմամբ, որովհետեւ ինքն ամենքին ճանաչում էր
25 պէտք չունէր՝ որ մէկը ուրիշ մարդու մասին վկայէր իրեն, քանի որ ինք գիտէր թէ ի՛նչ կայ մարդուն մէջ:
եւ կարիք չկար, որ որեւէ մէկը վկայէր մարդու մասին, քանի որ ինքն արդէն գիտէր, թէ ինչ կար մարդու հոգու մէջ:

< ՅՈՎՀԱՆՆՈԻ 2 >