< ՅՈՎՀԱՆՆՈԻ 17 >

1 Երբ Յիսուս խօսեցաւ ասոնք, բարձրացուց իր աչքերը դէպի երկինք եւ ըսաւ. «Հա՛յր, ժամը հասած է. փառաւորէ՛ քու Որդիդ, որպէսզի քու Որդիդ ալ փառաւորէ քեզ,
Յիսուս երբ այս բաները խօսեց, աչքերը երկինք բարձրացրեց եւ ասաց. «Հա՛յր, հասել է ժամը, փառաւորի՛ր քո Որդուն, որպէսզի քո Որդին էլ քեզ փառաւորի.
2 քանի իշխանութիւն տուիր իրեն ամէն մարմինի վրայ, որ տայ յաւիտենական կեանքը բոլոր անոնց՝ որ տուիր իրեն: (aiōnios g166)
ինչպէս որ նրան իշխանութիւն տուեցիր բոլոր մարդկանց վրայ, որպէսզի յաւիտենական կեանք տայ այն ամենքին, որ նրան տուեցիր: (aiōnios g166)
3 Եւ սա՛ է յաւիտենական կեանքը.- ճանչնալ քեզ՝ միմիայն ճշմարիտ Աստուածը, ու Յիսուս Քրիստոսը՝ որ դուն ղրկեցիր: (aiōnios g166)
Յաւիտենական կեանքը այս է. որ ճանաչեն քեզ միակ ճշմարիտ Աստուած, նաեւ Յիսուս Քրիստոսին, որ դու ուղարկեցիր: (aiōnios g166)
4 Ես փառաւորեցի քեզ երկրի վրայ. աւարտեցի այն գործը՝ որ տուիր ինծի ընելու:
Ես քեզ փառաւորեցի երկրի վրայ. լրացրի այն գործը, որն ինձ տուիր, որ անեմ.
5 Եւ հիմա, Հա՜յր, փառաւորէ՛ զիս քու քովդ այն փառքով՝ որ ունէի քովդ աշխարհի ըլլալէն առաջ:
եւ դու այժմ փառաւորի՛ր ինձ, Հա՛յր, քեզ մօտ եղող այն փառքով, որ ունէի քեզ մօտ՝ նախքան աշխարհի լինելը:
6 Բացայայտեցի քու անունդ այն մարդոց՝ որ տուիր ինծի աշխարհէն: Քուկդ էին՝ եւ ինծի տուիր զանոնք, ու պահեցին քու խօսքդ:
Քո անունը յայտնեցի այն մարդկանց, որոնց ինձ տուեցիր աշխարհից. նրանք քոնն էին, եւ ինձ տուեցիր նրանց, ու նրանք քո խօսքը պահեցին:
7 Հիմա գիտցան թէ ամէն ինչ որ տուիր ինծի՝ քեզմէ՛ է.
Հիմա իմացան, որ այն ամէնը, ինչ ինձ տուիր, ես նրանց տուեցի.
8 որովհետեւ այն խօսքերը որ տուիր ինծի՝ ես տուի անոնց, անոնք ալ ընդունեցին եւ ճշմա՛րտապէս գիտցան թէ ես քեզմէ՛ ելայ, ու հաւատացին թէ դո՛ւն ղրկեցիր զիս:
եւ նրանք ընդունեցին ու ճշմարտութեամբ ճանաչեցին, որ ես քո մօտից ելայ. եւ նրանք հաւատացին, որ դո՛ւ ուղարկեցիր ինձ:
9 Ես կը թախանձեմ անո՛նց համար. ո՛չ թէ կը թախանձեմ աշխարհին համար, այլ անոնց համար՝ որ դուն տուիր ինծի, որովհետեւ անոնք քուկդ են:
Արդ, ես նրանց համար եմ աղաչում. ես չեմ աղաչում աշխարհի համար, այլ՝ նրանց համար, որոնց դու ինձ տուեցիր, որովհետեւ նրանք քոնն են:
10 Եւ ամէն ինչ որ իմս է՝ քո՛ւկդ է, եւ ինչ որ քուկդ է՝ ի՛մս է, ու ես փառաւորուած եմ անոնցմով:
Եւ ինչ որ իմն է, բոլորը քոնն է, եւ ինչ որ քոնն է, այն իմն է, ու ես նրանց մէջ փառաւորուած եմ:
11 Ա՛լ ես աշխարհի մէջ չեմ. բայց անոնք աշխարհի մէջ են, ու ես կու գամ քեզի: Սո՜ւրբ Հայր, պահէ՛ քու անունովդ անոնք՝ որ դուն տուիր ինծի, որպէսզի մէ՛կ ըլլան՝ ինչպէս մենք մէկ ենք:
Եւ ես այլեւս աշխարհի մէջ չեմ, իսկ նրանք աշխարհի մէջ են. եւ ես դէպի քեզ եմ գալիս: Սո՛ւրբ Հայր, պահի՛ր նրանց քո անունով, որով ինձ տուեցիր, որպէսզի լինեն մի, ինչպէս մենք էլ մի ենք:
12 Մինչ անոնց հետ էի աշխարհի մէջ, զանոնք կը պահէի քու անունովդ: Անոնք որ դուն տուիր ինծի՝ ես պահեցի, եւ անոնցմէ ո՛չ մէկը կորսուեցաւ, բայց միայն՝ այն կորուստի որդին, որպէսզի գրուածը իրագործուի:
Մինչ աշխարհում նրանց հետ էի, ես պահում էի նրանց քո անունով, որով ինձ տուեցիր. եւ ես պահեցի. ու նրանցից ոչ ոք չկորաւ, բացի կորստեան դատապարտուած մարդուց, որպէսզի գրուածը կատարուի:
13 Ա՛լ հիմա կու գամ քեզի, եւ այս բաները կը խօսիմ աշխարհի մէջ, որպէսզի իմ ուրախութիւնս լման ըլլայ իրենց մէջ:
Բայց հիմա քեզ մօտ եմ գալիս եւ այս բաները խօսում եմ աշխարհում, որպէսզի նրանք իրենց մէջ իմ լիակատար ուրախութիւնն ունենան:
14 Քու խօսքդ տուի անոնց, եւ աշխարհը ատեց զանոնք՝ որովհետեւ աշխարհէն չեն, ինչպէս ես աշխարհէն չեմ:
Ես նրանց տուի քո խօսքը, եւ աշխարհը նրանց ատեց, որովհետեւ նրանք աշխարհից չեն, ինչպէս ես էլ աշխարհից չեմ:
15 Չեմ թախանձեր որ վերցնես զանոնք աշխարհէն, հապա՝ որ պահես զանոնք չարէն:
Այս աղաչում եմ ոչ թէ նրա համար, որ նրանց վերացնես աշխարհից, այլ որպէսզի նրանց պահես չարից:
16 Անոնք աշխարհէն չեն, ինչպէս ես աշխարհէն չեմ:
Նրանք այս աշխարհից չեն, ինչպէս ես էլ աշխարհից չեմ:
17 Սրբացո՛ւր զանոնք քու ճշմարտութեամբդ. քու խօ՛սքդ ճշմարտութիւն է:
Սրբացրո՛ւ նրանց քո ճշմարտութեամբ, որովհետեւ քո խօսքը ճշմարտութիւն է:
18 Ինչպէս դուն աշխարհ ղրկեցիր զիս, ես ալ աշխարհ ղրկեցի զանոնք:
Ինչպէս դու ինձ ուղարկեցիր աշխարհ, ես էլ նրանց ուղարկեցի աշխարհ:
19 Անոնց համար ես զիս կը սրբացնեմ, որպէսզի իրենք ալ սրբացած ըլլան ճշմարտութեամբ:
Եւ ես ինձ սրբացնում եմ նրանց համար, որպէսզի նրանք էլ սրբացուեն ճշմարտութեամբ:
20 Բայց կը թախանձեմ ո՛չ միայն ասոնց համար, այլ նաեւ անոնց համար՝ որ պիտի հաւատան ինծի իրենց խօսքով:
Սակայն միայն նրանց համար չէ, որ աղաչում եմ, այլեւ նրանց խօսքի միջոցով բոլոր ինձ հաւատացողների համար,
21 Որպէսզի բոլորն ալ մէ՛կ ըլլան, ինչպէս դուն՝ Հա՜յր՝ իմ մէջս, ու ես՝ քու մէջդ. որ անո՛նք ալ մէկ ըլլան մեր մէջ, որպէսզի աշխարհը հաւատայ թէ դո՛ւն ղրկեցիր զիս:
որպէսզի ամէնքը մի լինեն. ինչպէս դու, Հա՛յր, իմ մէջ, եւ ես՝ քո մէջ, որպէսզի նրանք էլ մեր մէջ լինեն, եւ որպէսզի աշխարհն էլ հաւատայ, թէ դո՛ւ ուղարկեցիր ինձ:
22 Այն փառքը՝ որ դուն տուիր ինծի, ես տուի անոնց, որպէսզի մէկ ըլլան՝ ինչպէս մենք մէկ ենք.
Եւ ես տուեցի նրանց այն փառքը, որ դու ինձ տուեցիր, որպէսզի մի լինեն, ինչպէս եւ մենք մի ենք:
23 (ես՝ անոնց մէջ, ու դուն՝ իմ մէջս.) որպէսզի իրենք կատարելապէս մէկ ըլլան, եւ աշխարհը գիտնայ թէ դո՛ւն ղրկեցիր զիս, ու սիրեցիր զանոնք՝ ինչպէս սիրեցիր զիս:
Ես՝ նրանց մէջ, եւ դու՝ իմ մէջ, որպէսզի կատարեալ լինեն միութեան մէջ: Եւ աշխարհը գիտենայ, որ դո՛ւ ուղարկեցիր ինձ. եւ ես սիրեցի նրանց, ինչպէս դու ինձ սիրեցիր:
24 Հա՜յր, անոնք որ տուիր ինծի, կ՚ուզեմ որ իրենք ալ ըլլան ինծի հետ՝ ո՛ւր որ ես եմ, որպէսզի տեսնեն իմ փառքս՝ որ տուիր ինծի. որովհետեւ դուն սիրեցիր զիս աշխարհի հիմնադրութենէն առաջ:
Հա՛յր, ում որ ինձ տուիր, կամենում եմ, որ, ուր ես եմ, նրանք էլ ինձ հետ լինեն, որպէսզի տեսնեն իմ փառքը, որ դու ինձ տուեցիր, քանի որ ինձ սիրեցիր՝ նախքան աշխարհի լինելը:
25 Արդա՜ր Հայր, աշխարհը չճանչցաւ քեզ. բայց ես ճանչցայ քեզ, եւ ասոնք գիտցան թէ դո՛ւն ղրկեցիր զիս:
Արդա՛ր Հայր, թէեւ աշխարհը քեզ չճանաչեց, բայց ես քեզ ճանաչեցի, եւ իմացան նրանք, որ դու ես ինձ ուղարկել:
26 Քու անունդ ճանչցուցի անոնց, ու պիտի ճանչցնեմ. որպէսզի այն սէրը՝ որով դուն սիրեցիր զիս՝ ըլլայ անոնց մէջ, ու ե՛ս ալ անոնց մէջ»:
Եւ ճանաչեցրի նրանց քո անունը ու պիտի ճանաչեցնեմ, որպէսզի այն սէրը, որով ինձ սիրեցիր, նրանց մէջ լինի, եւ ես՝ նրանց մէջ»:

< ՅՈՎՀԱՆՆՈԻ 17 >