< ՅՈՎՀԱՆՆՈԻ 15 >

1 «Ե՛ս եմ ճշմարիտ որթատունկը, եւ իմ Հայրս՝ մշակն է:
«Ես եմ ճշմարիտ որթատունկը, եւ իմ Հայրը մշակն է:
2 Ամէն ճիւղ՝ որ իմ վրաս է ու պտուղ չի բերեր, կը վերցնէ զայն. իսկ ամէն ճիւղ որ պտուղ կը բերէ՝ կը մաքրէ զայն, որպէսզի ա՛լ աւելի պտուղ բերէ:
Ամէն ճիւղ, որ իմ վրայ է եւ պտուղ չի տալիս, նա կտրում է այն. եւ այն ամէնը, որ պտուղ է տալիս, էտում է, որպէսզի առաւել եւս պտղաբեր լինի:
3 Դուք արդէն մաքուր էք այն խօսքով՝ որ ըսի ձեզի:
Դուք արդէն իսկ մաքուր էք այն խօսքի համար, որ ձեզ ասացի:
4 Ի՛մ մէջս մնացէք, ու ես՝ ձեր մէջ. ինչպէս ճիւղը չի կրնար ինքնիրմէ պտուղ բերել՝ եթէ որթատունկին վրայ չմնայ, նոյնպէս ալ դուք չէք կրնար՝ եթէ իմ մէջս չմնաք:
Մնացէ՛ք իմ մէջ, եւ ես՝ ձեր մէջ. ինչպէս ճիւղը, որ ինքն իրեն չի կարող պտուղ տալ, եթէ որթատունկի վրայ հաստատուած չլինի, նոյնպէս եւ դուք՝ եթէ իմ վրայ հաստատուած չլինէք:
5 Ես որթատունկն եմ, եւ դուք ճիւղերն էք. ա՛ն որ իմ մէջս կը մնայ, ու ես՝ անոր մէջ, անիկա՛ շատ պտուղ պիտի բերէ, որովհետեւ առանց ինծի ոչինչ կրնաք ընել:
Ես եմ որթատունկը, իսկ դուք՝ ճիւղերը: Ով բնակւում է իմ մէջ, եւ ես՝ նրա մէջ, նա շատ պտուղ է տալիս, որովհետեւ առանց ինձ ոչինչ անել չէք կարող:
6 Եթէ մէկը իմ մէջս չմնայ, ան դուրս կը նետուի՝ ճիւղի մը պէս, եւ կը չորնայ. զանոնք կը ժողվեն ու կրակը կը նետեն, եւ անոնք կ՚այրին:
Եթէ մէկը իմ վրայ հաստատուած չէ, նա ճիւղի նման դուրս կը նետուի եւ կը չորանայ, եւ այն կը հաւաքեն ու կրակը կը նետեն, եւ կ՚այրուի:
7 Եթէ դուք մնաք իմ մէջս, ու իմ խօսքերս ալ մնան ձեր մէջ, ի՛նչ որ ուզէք՝ պիտի խնդրէք, եւ պիտի ըլլայ ձեզի:
Եթէ իմ մէջ մնաք, եւ իմ խօսքերն էլ մնան ձեր մէջ, ինչ որ ուզենաք, խնդրեցէ՛ք Աստծուց, եւ ձեզ կը տրուի:
8 Իմ Հայրս կը փառաւորուի՝ երբ դուք շատ պտուղ բերէք. այսպէս՝ իմ աշակերտներս կ՚ըլլաք:
Իմ Հայրը փառաւորուած կը լինի նրանով, որ դուք շատ պտուղ տաք եւ իմ աշակերտները լինէք:
9 Ինչպէս Հայրը սիրեց զիս, ե՛ս ալ սիրեցի ձեզ. մնացէ՛ք իմ սիրոյս մէջ:
Ինչպէս իմ Հայրն ինձ սիրեց, ես էլ ձեզ սիրեցի. իմ սիրոյ մէջ հաստատո՛ւն մնացէք:
10 Եթէ պահէք իմ պատուիրաններս՝ պիտի մնաք իմ սիրոյս մէջ, ինչպէս ես պահեցի իմ Հօրս պատուիրանները եւ կը մնամ անոր սիրոյն մէջ:
Եթէ իմ պատուիրանները պահէք, կը մնաք իմ սիրոյ մէջ, ինչպէս ես իմ Հօր պատուիրանները պահեցի եւ մնում եմ նրա սիրոյ մէջ:
11 Այս բաները խօսեցայ ձեզի՝ որպէսզի իմ ուրախութիւնս մնայ ձեր մէջ, ու ձեր ուրախութիւնը լման ըլլայ:
Այս բաները ձեզ ասացի, որպէսզի իմ ուրախութիւնը ձեր մէջ լինի, եւ ձեր ուրախութիւնը լիակատար լինի:
12 Սա՛ է իմ պատուիրանս՝ որ սիրէք զիրար, ինչպէս ե՛ս սիրեցի ձեզ:
Այս է իմ պատուէրը. որ սիրէք միմեանց, ինչպէս որ ես սիրեցի ձեզ:
13 Ո՛չ մէկը ունի աւելի մեծ սէր, քան այն՝ երբ մէկը կ՚ընծայէ իր անձը իր բարեկամներուն համար:
Աւելի մեծ սէր ոչ ոք չունի, քան այն, որ մէկն իր կեանքը տայ իր բարեկամների համար:
14 Դուք իմ բարեկամներս էք, եթէ ընէք ի՛նչ որ ես կը պատուիրեմ ձեզի:
Դուք իմ բարեկամներն էք, եթէ անէք այն, ինչ ես ձեզ պատուիրում եմ:
15 Այլեւս ծառայ չեմ կոչեր ձեզ, որովհետեւ ծառան չի գիտեր թէ իր տէրը ի՛նչ կ՚ընէ. հապա ես բարեկա՛մ կոչեցի ձեզ, որովհետեւ ամէն ինչ որ լսեցի իմ Հօրմէս՝ գիտցուցի ձեզի:
Այլեւս ձեզ ծառաներ չեմ կոչում, որովհետեւ ծառան չգիտէ, թէ տէրն ինչ է անում. այլ ձեզ բարեկամներ կոչեցի, որովհետեւ այն բոլորը, ինչ իմ Հօրից լսեցի, յայտնեցի ձեզ:
16 Ո՛չ թէ դո՛ւք ընտրեցիք զիս, հապա ե՛ս ընտրեցի ձեզ, ու նշանակեցի ձեզ՝ որպէսզի երթաք եւ պտուղ բերէք, ու ձեր պտուղը մնայ. որպէսզի ի՛նչ որ խնդրէք Հօրմէն՝ իմ անունովս, տայ ձեզի:
Ոչ թէ դուք ինձ ընտրեցիք, այլ ես ձեզ ընտրեցի եւ ձեզ կարգեցի, որ դուք գնաք եւ պտղաբեր լինէք, եւ ձեր պտուղը մնայ, եւ ինչ էլ որ իմ անունով Հօրիցս խնդրէք, ձեզ տայ:
17 Ասիկա՛ կը պատուիրեմ ձեզի, որ սիրէք զիրար»:
Այս եմ ձեզ պատուիրում. որ սիրէք միմեանց»:
18 «Եթէ աշխարհը կ՚ատէ ձեզ, գիտցէք թէ ատեց զիս ձեզմէ առաջ:
«Եթէ աշխարհը ձեզ ատում է, իմացէ՛ք, որ նախ ինձ է ատել:
19 Եթէ աշխարհէն եղած ըլլայիք՝ աշխարհը կը սիրէր իրենները. բայց քանի որ աշխարհէն չէք, հապա ես ձեզ ընտրեցի աշխարհէն, աշխարհը կ՚ատէ ձեզ:
Եթէ այս աշխարհից լինէիք, աշխարհն արդէն, որպէս իրենը, ձեզ սիրած կը լինէր. բայց որովհետեւ այս աշխարհից չէք, այլ ես ձեզ ընտրեցի աշխարհից, դրա համար աշխարհը ձեզ ատում է:
20 Յիշեցէ՛ք այն խօսքը՝ որ ըսի ձեզի. “Ծառան իր տիրոջմէն մեծ չէ”. եթէ հալածեցին զիս, պիտի հալածեն նաեւ ձեզ. եթէ պահեցին իմ խօսքս, պիտի պահեն նաեւ ձերը:
Յիշեցէ՛ք այն խօսքը, որ ես ձեզ ասացի, թէ՝ ծառան մեծ չէ, քան իր տէրը. եթէ ինձ հալածեցին, ապա ձեզ էլ կը հալածեն. եթէ իմ խօսքը պահեցին, ապա ձերն էլ կը պահեն:
21 Բայց այս բոլոր բաները պիտի ընեն ձեզի՝ իմ անունիս համար, որովհետեւ չճանչցան ա՛ն՝ որ ղրկեց զիս:
Բայց նոյն բաները ձեզ պիտի անեն իմ անուան համար, որովհետեւ չեն ճանաչում նրան, ով ինձ ուղարկել է:
22 Եթէ ես եկած եւ խօսած չըլլայի անոնց՝ մեղք չէին ունենար. բայց հիմա պատրուակ մը չունին իրենց մեղքին:
Եթէ ես եկած եւ նրանց հետ խօսած չլինէի, նրանք որեւէ մեղք ունեցած չէին լինի. բայց հիմա իրենց մեղքի համար ոչ մի արդարացում չկայ:
23 Ա՛ն որ կ՚ատէ զիս՝ կ՚ատէ նաեւ իմ Հայրս:
Ով ինձ է ատում, ատում է եւ իմ Հօրը.
24 Եթէ իրենց մէջ ըրած չըլլայի այն գործերը, որ ուրիշ ո՛չ մէկը ըրած է, անոնք մեղք չէին ունենար. բայց հիմա տեսան եւ ատեցին զի՛ս ալ, իմ Հա՛յրս ալ:
եթէ ես նրանց մէջ արած չլինէի այն գործերը, որ ուրիշ ոչ ոք չարեց, նրանք որեւէ մեղք չէին ունենայ. բայց այժմ տեսան գործերը եւ ատեցին թէ՛ ինձ, թէ՛ իմ Հօրը:
25 Սակայն ատիկա եղաւ, որպէսզի իրագործուի այն խօսքը՝ որ գրուած է իրենց Օրէնքին մէջ. “Զուր տեղը ատեցին զիս”:
Եւ այդ նրա համար, որ կատարուի նրանց օրէնքում գրուած այն խօսքը, թէ՝ առանց պատճառի ինձ ատեցին:
26 Բայց երբ Մխիթարիչը գայ՝ որ ես Հօրմէն պիտի ղրկեմ ձեզի, Ճշմարտութեան Հոգին՝ որ կը բխի Հօրմէն, անիկա՛ պիտի վկայէ իմ մասիս:
Բայց երբ գայ Մխիթարիչը, որին ես ձեզ կ՚ուղարկեմ Հօրից, Ճշմարտութեան Հոգին, որ ելնում է Հօրից, նա՛ կը վկայի իմ մասին.
27 Եւ դո՛ւք ալ կը վկայէք, որովհետեւ սկիզբէն ի վեր ինծի հետ էք»:
կը վկայէք եւ դուք, որովհետեւ սկզբից ինձ հետ էք»:

< ՅՈՎՀԱՆՆՈԻ 15 >