< ՅՈՎՀԱՆՆՈԻ 14 >

1 «Ձեր սիրտը թող չվրդովի. հաւատացէ՛ք Աստուծոյ, հաւատացէ՛ք նաեւ ինծի:
Ապա Յիսուս ասաց իր աշակերտներին. «Թող ձեր սրտերը չխռովուեն. հաւատացէ՛ք Աստծուն, հաւատացէ՛ք եւ ինձ:
2 Շատ բնակարաններ կան իմ Հօրս տան մէջ. եթէ այդպէս չըլլար, միթէ պիտի ըսէի՞ ձեզի թէ կ՚երթամ՝ որ տեղ պատրաստեմ ձեզի:
Իմ Հօր տան մէջ բազում օթեւաններ կան. թէ չէ ես ձեզ կ՚ասէի, թէ գնում եմ ձեզ համար էլ տեղ պատրաստելու.
3 Երբ երթամ եւ տեղ պատրաստեմ ձեզի, դարձեալ պիտի գամ ու քովս ընդունիմ ձեզ, որպէսզի ո՛ւր ես եմ՝ դո՛ւք ալ հոն ըլլաք:
եւ եթէ գնամ եւ ձեզ համար էլ տեղ պատրաստեմ, դարձեալ կը գամ եւ ձեզ կը վերցնեմ ինձ մօտ, որպէսզի, ուր ես լինեմ, դուք եւս այնտեղ լինէք:
4 Գիտէք ո՛ւր կ՚երթամ, գիտէք նաեւ ճամբան»:
Եւ թէ ուր եմ գնում, այդ գիտէք, գիտէք եւ ճանապարհը»:
5 Թովմաս ըսաւ անոր. «Տէ՛ր, չենք գիտեր ո՛ւր կ՚երթաս, եւ ի՞նչպէս կրնանք գիտնալ ճամբան»:
Թովմասը նրան ասաց. «Տէ՛ր, չգիտենք՝ ուր ես գնում, ուրեմն ինչպէ՞ս կարող ենք գիտենալ ճանապարհը»:
6 Յիսուս ըսաւ անոր. «Ե՛ս եմ ճամբան, ճշմարտութիւնն ու կեանքը. ո՛չ մէկը կու գայ Հօրը քով՝ բայց միայն ինձմով:
Յիսուս նրանց ասաց. «Ես եմ Ճանապարհը եւ Ճշմարտութիւնը եւ Կեանքը: Ոչ ոք չի գայ Հօր մօտ, եթէ ոչ՝ ինձանով:
7 Եթէ ճանչնայիք զիս՝ պիտի ճանչնայիք նաեւ իմ Հայրս. եւ այժմէն իսկ կը ճանչնաք զայն, ու տեսած էք զայն»:
Եթէ ինձ ճանաչէիք, ապա կը ճանաչէիք եւ իմ Հօրը. այսուհետեւ կը ճանաչէք նրան. եւ տեսել էք նրան»:
8 Փիլիպպոս ըսաւ անոր. «Տէ՛ր, ցո՛յց տուր մեզի Հայրը, ու կը բաւէ մեզի»:
Փիլիպպոսն ասաց նրան. «Տէ՛ր, Հօրը մեզ ցո՛յց տուր, եւ այդ բաւական է մեզ»:
9 Յիսուս ըսաւ անոր. «Ա՛յսքան ժամանակ ես ձեզի հետ եմ, եւ չճանչցա՞ր զիս, Փիլիպպո՛ս: Ա՛ն որ տեսաւ զիս՝ տեսաւ Հա՛յրը. դուն ի՞նչպէս կ՚ըսես. “Ցո՛յց տուր մեզի Հայրը”:
Յիսուս նրան ասաց. «Այսքան ժամանակ ձեզ հետ եմ, Փիլիպպո՛ս, եւ ինձ չճանաչեցի՞ր. ով ինձ տեսաւ, տեսաւ Հօրը. իսկ դու ինչպէ՞ս ես ասում, թէ՝ Հօրը մեզ ցո՛յց տուր:
10 Չե՞ս հաւատար թէ ես Հօրը մէջն եմ, ու Հայրը իմ մէջս է: Այն խօսքերը՝ որ կ՚ըսեմ ձեզի, ես ինձմէ չեմ ըսեր. հապա Հայրը՝ որ բնակած է իմ մէջս, անիկա՛ կ՚ընէ այդ գործերը:
Չե՞ս հաւատում, որ ես Հօր մէջ եմ, եւ Հայրը՝ իմ մէջ: Այն խօսքերը, որ ես ասում եմ ձեզ, ինքս ինձնից չեմ խօսում, այլ Հայրը, որ բնակւում է իմ մէջ, նա՛ է անում գործերը:
11 Հաւատացէ՛ք ինծի, թէ ես Հօրը մէջն եմ, ու Հայրը իմ մէջս է:
Հաւատացէ՛ք ինձ, որ ես Հօր մէջ եմ, եւ Հայրը՝ իմ մէջ. եթէ ոչ՝ գոնէ գործերի՛ համար հաւատացէք ինձ:
12 Այլապէս՝ գոնէ գործերո՛ւն համար հաւատացէք ինծի: Ճշմա՛րտապէս, ճշմա՛րտապէս կը յայտարարեմ ձեզի. “Ա՛ն որ կը հաւատայ ինծի, ի՛նք ալ պիտի ընէ այն գործերը՝ որ ես կ՚ընեմ, եւ անոնցմէ աւելի՛ մեծ գործեր պիտի ընէ, որովհետեւ ես կ՚երթամ Հօրս քով”:
Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, թէ ով հաւատում է ինձ, ինքն էլ կ՚անի այն գործերը, որ ես եմ անում. եւ դրանցից աւելի մեծերը կ՚անի, որովհետեւ ես գնում եմ Հօր մօտ:
13 Ի՛նչ որ խնդրէք իմ անունովս՝ պիտի ընեմ զայն, որպէսզի Հայրը փառաւորուի Որդիով:
Եւ ինչ որ ուզէք իմ անունով, այն կ՚անեմ, որպէսզի Հայրը փառաւորուի Որդու միջոցով»:
14 Եթէ որեւէ բան խնդրէք իմ անունովս, պիտի ընեմ»:
15 «Եթէ կը սիրէք զիս՝ պահեցէ՛ք իմ պատուիրաններս:
«Եթէ ինձ սիրում էք, կը պահէք իմ պատուիրանները.
16 Ես ալ պիտի թախանձեմ Հօրը, եւ ուրիշ Մխիթարիչ մը պիտի տայ ձեզի, որպէսզի յաւիտեան բնակի ձեզի հետ.- (aiōn g165)
եւ ես պիտի աղաչեմ Հօրը, եւ նա մի այլ Մխիթարիչ պիտի տայ ձեզ, որպէսզի յաւիտեան ձեզ հետ բնակուի. (aiōn g165)
17 Ճշմարտութեան Հոգին, որ այս աշխարհը չի կրնար ընդունիլ, որովհետեւ չի տեսներ զայն ու չի ճանչնար զայն. բայց դուք կը ճանչնաք զայն, որովհետեւ կը բնակի ձեր քով եւ պիտի ըլլայ ձեր մէջ:
Ճշմարտութեան Հոգին, որին այս աշխարհը չի կարող ընդունել, որովհետեւ նրան չի տեսնում եւ նրան չի ճանաչում, բայց դուք ճանաչում էք նրան, որովհետեւ ձեզ մօտ պիտի բնակուի եւ ձեր մէջ պիտի լինի:
18 Ձեզ որբ պիտի չթողում. պիտի գամ ձեզի:
Ձեզ որբ չեմ թողնի, կը գամ ձեզ մօտ:
19 Քիչ մը ատենէն ետք աշխարհը ա՛լ պիտի չտեսնէ զիս. բայց դուք պիտի տեսնէք զիս, որովհետեւ ես կ՚ապրի՛մ, եւ դո՛ւք ալ պիտի ապրիք:
Մի փոքր ժամանակ եւս, եւ այս աշխարհը ինձ չի տեսնի, բայց դուք ինձ կը տեսնէք, որովհետեւ ես կենդանի եմ, եւ դուք կենդանի էք լինելու:
20 Այն օրը պիտի գիտնաք թէ ես իմ Հօրս մէջ եմ, ու դուք՝ իմ մէջս, ես ալ՝ ձեր մէջ:
Այն օրը դուք պիտի իմանաք, որ ես իմ Հօր մէջ եմ, եւ դուք՝ իմ մէջ. ու ես՝ ձեր մէջ:
21 Ա՛ն որ ունի իմ պատուիրաններս եւ կը պահէ զանոնք, անիկա՛ է զիս սիրողը: Ա՛ն որ կը սիրէ զիս՝ պիտի սիրուի իմ Հօրմէ՛ս. ու ես պիտի սիրեմ զայն, եւ զիս պիտի յայտնեմ անոր»:
Ով իմ պատուիրաններն ընդունում եւ դրանք պահում է, նա՛ է, որ ինձ սիրում է. եւ ով ինձ սիրում է, պիտի սիրուի իմ Հօրից. ես էլ նրան պիտի սիրեմ եւ ինձ պիտի յայտնեմ նրան»:
22 Յուդա (ոչ Իսկարիովտացին) ըսաւ անոր. «Տէ՛ր, ի՞նչպէս կ՚ըլլայ՝ որ դուն քեզ պիտի յայտնես մեզի, բայց ոչ՝ աշխարհին»:
Յուդան (ոչ Իսկարիովտացին) ասաց նրան. «Տէ՛ր, ինչպէ՞ս եղաւ, որ քեզ պիտի յայտնես մեզ եւ ոչ թէ աշխարհին»:
23 Յիսուս պատասխանեց անոր. «Եթէ մէկը սիրէ զիս՝ պիտի պահէ իմ խօսքս, ու իմ Հայրս պիտի սիրէ զայն. եւ պիտի գանք անոր ու բնակինք անոր հետ:
Յիսուս պատասխանեց եւ ասաց նրան. «Եթէ մէկը սիրում է ինձ, իմ խօսքը կը պահի, եւ իմ Հայրը նրան կը սիրի. եւ մենք նրա մօտ կը գանք ու նրա մօտ կ՚օթեւանենք:
24 Ա՛ն որ չի սիրեր զիս՝ չի պահեր իմ խօսքերս: Այն խօսքը որ կը լսէք՝ իմս չէ, հապա Հօրս՝ որ ղրկեց զիս:
Եւ ով ինձ չի սիրում, իմ խօսքերը չի պահում. եւ իմ խօսքը, որ լսում էք, իմը չէ, այլ՝ Հօրը, որ ինձ ուղարկեց:
25 Այս բաները խօսեցայ ձեզի, քանի դեռ կը մնամ ձեր քով:
Այս բաները ասացի ձեզ, մինչ ձեզ հետ եմ:
26 Բայց Մխիթարիչը՝ Սուրբ Հոգին, որ Հայրը պիտի ղրկէ իմ անունովս, անիկա՛ պիտի սորվեցնէ ձեզի ամէնը, եւ ինչ որ ըսի ձեզի՝ պիտի յիշեցնէ ձեզի:
Իսկ Մխիթարիչը՝ Սուրբ Հոգին, որին Հայրը կ՚ուղարկի իմ անունով, նա ձեզ ամէն բան կ՚ուսուցանի եւ ձեզ կը յիշեցնի այն ամէնը, ինչ ես ասացի ձեզ»:
27 Խաղաղութիւն կը թողում ձեզի, ի՛մ խաղաղութիւնս կու տամ ձեզի. ես չեմ տար ձեզի ա՛յնպէս՝ ինչպէս աշխարհը կու տայ: Ձեր սիրտը թող չվրդովի ու չերկնչի:
«Խաղաղութիւն եմ թողնում ձեզ, իմ խաղաղութիւնն եմ տալիս ձեզ. ձեզ չեմ տալիս այնպէս, ինչպէս այս աշխարհն է տալիս. ձեր սրտերը թող չխռովուեն, եւ չվախենաք:
28 Լսեցիք թէ ըսի ձեզի. “Ես կ՚երթամ, բայց դարձեալ պիտի գամ ձեզի”: Եթէ սիրէիք զիս, պիտի ուրախանայիք՝ որ ես կ՚երթամ Հօրը քով, որովհետեւ իմ Հայրս ինձմէ մեծ է:
Լսեցիք, որ ձեզ ասացի, թէ՝ գնում եմ եւ կը գամ ձեզ մօտ. եթէ ինձ սիրէիք, ապա դուք ուրախ պիտի լինէիք, որ ես Հօր մօտ եմ գնում, որովհետեւ իմ Հայրը մեծ է, քան ես:
29 Եւ այժմէն՝ դեռ չեղած՝ ըսի ձեզի, որպէսզի երբ ըլլայ՝ հաւատաք:
Եւ հիմա ասացի ձեզ, երբ դեռ չի եղել, որպէսզի, երբ լինի, հաւատաք:
30 Ա՛լ շատ պիտի չխօսիմ ձեզի հետ, որովհետեւ այս աշխարհի իշխանը կու գայ. բայց ո՛չ մէկ հեղինակութիւն ունի իմ վրաս:
Այլեւս երկար չեմ խօսի ձեզ հետ. գալիս է աշխարհի իշխանը եւ իմ վրայ ոչ մի իշխանութիւն չունի:
31 Սակայն աշխարհը թող գիտնայ թէ ես կը սիրեմ Հայրը, եւ կ՚ընեմ ա՛յնպէս՝ ինչպէս Հայրը պատուիրեց ինծի: Ոտքի՛ ելէք, երթա՛նք ասկէ»:
Իսկ որպէսզի աշխարհը գիտենայ, որ ես սիրում եմ Հօրը, այնպէս եմ անում, ինչպէս որ Հայրը պատուիրեց ինձ. դե՛հ, վե՛ր կացէք գնանք այստեղից»:

< ՅՈՎՀԱՆՆՈԻ 14 >