< ՅՈՎՀԱՆՆՈԻ 10 >

1 «Ճշմա՛րտապէս, ճշմա՛րտապէս կը յայտարարեմ ձեզի. “Ա՛ն որ դռնէն չի մտներ ոչխարներուն բակը՝ հապա ուրիշ տեղէ կը բարձրանայ, անիկա գող եւ աւազակ է.
«Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, ով ոչխարների փարախը դռնով չի մտնում, այլ ուրիշ տեղով է բարձրանում, նա գող է եւ աւազակ.
2 բայց ա՛ն որ դռնէն կը մտնէ՝ ոչխարներուն հովիւն է”:
իսկ ով դռնով է մտնում, հովիւ է ոչխարների:
3 Դռնապանը կը բանայ անոր, եւ ոչխարները կը լսեն անոր ձայնը. իր ոչխարները կը կանչէ իրենց անունով ու դուրս կը հանէ զանոնք:
Դռնապանը նրա համար բացում է դուռը, եւ ոչխարները լսում են նրա ձայնը. նա իր ոչխարներին անուններով է կանչում եւ նրանց դուրս է հանում:
4 Երբ հանէ իր ոչխարները՝ կ՚երթայ անոնց առջեւէն, ու ոչխարները կը հետեւին իրեն՝ որովհետեւ կը ճանչնան իր ձայնը:
Եւ երբ իր բոլոր ոչխարներին հանի, նրանց առջեւից է գնում, եւ ոչխարները հետեւում են նրան, որովհետեւ ճանաչում են նրա ձայնը:
5 Սակայն չեն հետեւիր օտարի մը՝ հապա կը փախչին անկէ, որովհետեւ չեն ճանչնար օտարներու ձայնը»:
Օտարի յետեւից չեն գնայ, այլ կը փախչեն նրանից, որովհետեւ չեն ճանաչում օտարների ձայնը»:
6 Յիսուս ըսաւ անոնց այս առակը, բայց անոնք չէին հասկնար թէ ի՛նչ էր՝ որ կը խօսէր իրենց:
Յիսուս նրանց այս առակն ասաց, իսկ նրանք չէին իմանում, թէ ինչ էր այն, որ նա իրենց ասում էր:
7 Ուրեմն Յիսուս դարձեալ ըսաւ անոնց. «Ճշմա՛րտապէս, ճշմա՛րտապէս կը յայտարարեմ ձեզի. “Ե՛ս եմ ոչխարներուն դուռը”:
Դարձեալ Յիսուս նրանց ասաց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ես եմ ոչխարների դուռը:
8 Բոլոր անոնք՝ որ եկան ինձմէ առաջ, գող եւ աւազակ էին, բայց ոչխարները մտիկ չըրին անոնց:
Բոլոր նրանք, որ ինձնից առաջ եկան, գողեր էին ու աւազակներ, ուստի ոչխարները նրանց չլսեցին:
9 “Ե՛ս եմ դուռը”. եթէ մէկը ներս մտնէ ինձմէ՝ պիտի փրկուի. պիտի մտնէ ու ելլէ, եւ արօտ գտնէ:
Ես եմ դուռը. եթէ մէկը իմ միջով մտնի, կը փրկուի. կը մտնի ու կ՚ելնի եւ ճարակելու բան կը գտնի:
10 Գողը ուրիշ բանի համար չի գար, բայց միայն՝ գողնալու, սպաննելու եւ կորսնցնելու համար: Ես եկայ որ կեա՛նք ունենան, եւ ճոխութեա՛մբ ունենան:
Գողը գալիս է միայն, որպէսզի գողանայ, սպանի եւ կորստեան մատնի. ես եկայ, որպէսզի կեանք ունենան եւ՝ առաւել եւս ունենան:
11 “Ե՛ս եմ բարի հովիւը”. բարի հովիւը կ՚ընծայէ իր անձը ոչխարներուն համար:
Ես եմ լաւ հովիւը. լաւ հովիւը իր կեանքն է տալիս ոչխարների համար:
12 Բայց վարձկանը՝ որ հովիւ չէ եւ ոչխարները իր սեփականը չեն, երբ տեսնէ թէ գայլը կու գայ՝ կը թողու ոչխարները ու կը փախչի. եւ գայլը կը յափշտակէ ոչխարները ու կը ցրուէ զանոնք:
Իսկ վարձկանը, որ հովիւ չէ, եւ ոչխարներն էլ իրենը չեն, երբ տեսնում է, որ գայլը գալիս է, թողնում է ոչխարներին եւ փախչում է: Եւ գայլը յափշտակում է նրանց ու ցրում է.
13 Եւ վարձկանը կը փախչի՝ որովհետեւ ինք վարձկան է, ու չի հոգար ոչխարները:
քանի որ վարձկան է, եւ ոչխարների համար հոգ չի անում:
14 “Ե՛ս եմ բարի հովիւը”. կը ճանչնամ իմիններս ու կը ճանչցուիմ իմիններէս:
Ես եմ լաւ հովիւը. եւ ճանաչում եմ իմ ոչխարներին ու ճանաչւում նրանցից:
15 Ինչպէս Հայրը կը ճանչնայ զիս՝ ես ալ կը ճանչնամ Հայրը, եւ իմ անձս կ՚ընծայեմ ոչխարներուն համար:
Ինչպէս Հայրը ինձ ճանաչում է, ես էլ ճանաչում եմ Հօրը. եւ իմ կեանքը կը տամ իմ ոչխարների համար:
16 Ուրիշ ոչխարներ ալ ունիմ՝ որոնք այս բակէն չեն. զանո՛նք ալ պէտք է բերեմ. ու իմ ձայնս պիտի լսեն, եւ ըլլան մէ՛կ հօտ ու մէ՛կ հովիւ:
Ես ունեմ նաեւ այլ ոչխարներ, որոնք այս փարախից չեն. նրանց եւս պէտք է այստեղ բերեմ. եւ իմ ձայնը պիտի լսեն. եւ պիտի լինի մի հօտ եւ մի հովիւ:
17 Իմ Հայրս կը սիրէ զիս՝ քանի որ ես իմ անձս կ՚ընծայեմ, որպէսզի դարձեալ առնեմ զայն:
Նրա համար է իմ Հայրն ինձ սիրում, որ ես իմ կեանքն եմ տալիս, որպէսզի վերստին այն առնեմ:
18 Ո՛չ մէկը կ՚առնէ զայն ինձմէ, հապա ե՛ս ինձմէ կ՚ընծայեմ զայն: Իշխանութիւն ունիմ ընծայելու զայն, եւ իշխանութիւն ունիմ դարձեալ առնելու զայն. այս պատուէրը ստացայ իմ Հօրմէս»:
Այն ինձնից ոչ ոք չի վերցնի, այլ ես ինքս եմ այն տալիս. իշխանութիւն ունեմ այն տալու եւ իշխանութիւն ունեմ վերստին այն առնելու. այս պատուէրը իմ Հօրից ստացայ»:
19 Այս խօսքերուն համար՝ դարձեալ պառակտում եղաւ Հրեաներուն մէջ:
Այս խօսքերի պատճառով հրեաների մէջ դարձեալ պառակտում եղաւ:
20 Անոնցմէ շատեր կ՚ըսէին. «Դե՛ւ կայ ատոր մէջ, ու խելագարած է. ինչո՞ւ մտիկ կ՚ընէք ատոր»:
Եւ նրանցից շատերն ասում էին. «Նրա մէջ դեւ կայ եւ մոլեգնում է. ինչո՞ւ էք նրան լսում»:
21 Ուրիշներ կ՚ըսէին. «Այս խօսքերը դիւահարի խօսքեր չեն. միթէ դեւը կրնա՞յ բանալ կոյրերուն աչքերը»:
Ոմանք էլ ասում էին. «Սրանք դիւահարի խօսքեր չեն, միթէ դեւը կարո՞ղ է կոյրի աչքերը բանալ»:
22 Այդ ատեն Երուսաղէմի մէջ Նաւակատիքի տօնը կը կատարուէր՝՝, ու ձմեռ էր.
Այն ժամանակ Երուսաղէմում տաճարի Նաւակատիքի տօն էր, եւ ձմեռ էր:
23 Յիսուս կը քալէր տաճարին մէջ՝ Սողոմոնի սրահը:
Եւ Յիսուս շրջում էր տաճարի մէջ, Սողոմոնի սրահում:
24 Ուստի Հրեաները շրջապատեցին զինք եւ ըսին իրեն. «Մինչեւ ե՞րբ պիտի մտատանջես մեզ. եթէ Քրիստոսը դո՛ւն ես՝ բացորոշապէս ըսէ՛ մեզի»:
Հրեաները նրա շուրջը հաւաքուեցին ու ասացին. «Մինչեւ ե՞րբ մեր հոգին պիտի հանես. եթէ դու ես Քրիստոսը, համարձակ ասա՛ մեզ»:
25 Յիսուս պատասխանեց անոնց. «Ըսի՛ ձեզի, ու չէք հաւատար: Այն գործերը՝ որ ես կ՚ընեմ իմ Հօրս անունով, անո՛նք կը վկայեն իմ մասիս:
Յիսուս պատասխանեց նրանց եւ ասաց. «Ձեզ ասացի, եւ ինձ չէք հաւատում. այն գործերը, որ ես անում եմ իմ Հօր անունով, դրանք վկայում են իմ մասին:
26 Բայց դուք չէք հաւատար՝ որովհետեւ իմ ոչխարներէս չէք, ինչպէս ըսի ձեզի՝՝:
Բայց դուք չէք հաւատում, որովհետեւ իմ ոչխարներից չէք.
27 Իմ ոչխարներս կը լսեն իմ ձայնս, ես ալ կը ճանչնամ զանոնք, եւ կը հետեւին ինծի:
իմ ոչխարներն իմ ձայնը լսում են, եւ ես ճանաչում եմ նրանց. եւ նրանք գալու են իմ յետեւից.
28 Ես կու տամ անոնց յաւիտենական կեանքը, ու յաւիտեա՛ն պիտի չկորսուին, եւ ո՛չ մէկը պիտի յափշտակէ զանոնք իմ ձեռքէս: (aiōn g165, aiōnios g166)
եւ ես նրանց կը տամ յաւիտենական կեանք. եւ նրանք չեն կորչի յաւիտեան. եւ ոչ ոք նրանց իմ ձեռքից չի յափշտակի: (aiōn g165, aiōnios g166)
29 Իմ Հայրս՝ որ ինծի տուաւ զանոնք՝ բոլորէն մեծ է, ու ո՛չ մէկը կրնայ յափշտակել իմ Հօրս ձեռքէն:
Իմ Հայրը, որ նրանց ինձ տուեց, ամենքից մեծ է. եւ իմ Հօր ձեռքից ոչ ոք չի կարող ոչինչ յափշտակել:
30 Ես եւ Հայրը մէկ ենք»:
Ես եւ իմ Հայրը մի ենք»:
31 Ուստի Հրեաները դարձեալ քարեր վերցուցին՝ որպէսզի քարկոծեն զինք:
Հրեաները քարեր վերցրին, որ նրան քարկոծեն:
32 Յիսուս պատասխանեց անոնց. «Շատ բարի գործեր ցոյց տուի ձեզի՝ իմ Հօրմէս. անոնցմէ ո՞ր գործին համար կը քարկոծէք զիս»:
Յիսուս պատասխանեց նրանց. «Բազում բարի գործեր ցոյց տուի ձեզ իմ Հօրից. դրանցից ո՞ր գործի համար էք ինձ քարկոծում»:
33 Հրեաները պատասխանեցին անոր. «Քեզ չենք քարկոծեր բարի գործի համար, հապա՝ հայհոյութեան համար. որովհետեւ դո՛ւն՝ որ մարդ ես, դուն քեզ Աստուա՛ծ կ՚ընես»:
Հրեաները նրան պատասխանեցին. «Քեզ բարի գործի համար չենք քարկոծում, այլ հայհոյութեան համար եւ նրա համար, որ դու մարդ ես, բայց ինքդ քեզ Աստծու տեղ ես դնում»:
34 Յիսուս պատասխանեց անոնց. «Միթէ ձեր Օրէնքին մէջ գրուած չէ՞. “Ես ըսի. "Դուք աստուածներ էք"”:
Յիսուս նրանց պատասխանեց. «Ձեր օրէնքում չէ՞, որ գրուած է. «Ես ասացի, թէ աստուածներ էք»:
35 Եթէ աստուածներ կը կոչէ անոնք՝ որոնց տրուեցաւ Աստուծոյ խօսքը, (ու կարելի չէ որ այդ գրուածը աւրուի, )
Իսկ եթէ աստուածներ է կոչում նրանց, որոնց ուղղուած էր Աստծու խօսքը (եւ հնարաւոր չէ, որ Գիրքը ջնջուի),
36 հապա զայն՝ որ Հայրը սրբացուց եւ աշխարհ ղրկեց, դուք ի՞նչպէս կ՚ըսէք անոր. “Կը հայհոյե՛ս”, որովհետեւ ըսի. “Աստուծոյ Որդի եմ”:
ուրեմն՝ ո՛ւմ Հայրը սրբացրեց եւ աշխարհ ուղարկեց, դուք ասում էք, թէ՝ հայհոյում ես, նրա համար, որ ասացի, թէ՝ Աստծու Որդի եմ:
37 Եթէ չեմ ըներ իմ Հօրս գործերը՝ մի՛ հաւատաք ինծի:
Եթէ իմ Հօր գործերը չեմ անում, ինձ մի՛ հաւատացէք:
38 Իսկ եթէ կ՚ընեմ, թէպէտ չէք հաւատար ինծի՝ գոնէ գործերո՛ւն հաւատացէք, որպէսզի գիտնաք եւ հաւատաք թէ Հայրը իմ մէջս է, ու ես՝ անոր մէջ»:
Իսկ եթէ անում եմ, թէ ինձ էլ չէք հաւատում, գործերի՛ն հաւատացէք, որպէսզի իմանաք եւ ճանաչէք, որ Հայրը իմ մէջ է, եւ ես՝ Հօր մէջ»:
39 Դարձեալ կը ջանային ձերբակալել զայն. բայց գնաց անոնց ձեռքէն,
Դարձեալ ուզում էին նրան բռնել, բայց նա նրանց ձեռքից դուրս պրծաւ:
40 եւ դարձեալ մեկնեցաւ Յորդանանի միւս կողմը, այն տեղը՝ ուր Յովհաննէս նախապէս կը մկրտէր, ու մնաց հոն:
Եւ վերստին գնաց Յորդանանի միւս կողմը, այնտեղ, ուր Յովհաննէսն էր նախապէս գտնւում եւ մկրտում. եւ այնտեղ էր մնում:
41 Շատեր գացին անոր եւ ըսին. «Իրա՛ւ Յովհաննէս նշա՛ն մը չըրաւ.
Շատեր նրա մօտ եկան եւ ասում էին. «Յովհաննէսը որեւէ նշան չարեց, բայց այն ամէնը, որ Յովհաննէսն ասել էր նրա մասին, ճշմարիտ էր»:
42 բայց ի՛նչ որ Յովհաննէս ըսաւ ասոր մասին՝ ամէնը ճշմարիտ էր»: Ու հոն շատեր հաւատացին անոր:
Եւ այնտեղ շատերը հաւատացին նրան:

< ՅՈՎՀԱՆՆՈԻ 10 >