< ՅՈՎՀԱՆՆՈԻ 1 >

1 Սկիզբէն էր Խօսքը, ու Խօսքը Աստուծոյ քով էր, եւ Խօսքը Աստուած էր.
Սկզբից էր Բանը, եւ Բանը Աստծու մօտ էր, եւ Բանը Աստուած էր:
2 ան սկիզբէն Աստուծոյ քով էր:
Նա սկզբից Աստծու մօտ էր:
3 Ամէն ինչ եղաւ անո՛վ. եղածներէն ո՛չ մէկը եղաւ առանց անոր:
Ամէն ինչ նրանով եղաւ. եւ առանց նրան չեղաւ ոչինչ, որ եղել է:
4 Կեանքը անով էր, ու կեանքը մարդոց լոյսն էր.
Կեանքը նրանով էր: Եւ այդ կեանքը մարդկանց համար լոյս էր:
5 լոյսը կը փայլէր խաւարի մէջ, բայց խաւարը չճանչցաւ զայն:
Եւ լոյսը խաւարի մէջ լուսաւորում է, եւ խաւարը նրան չնուաճեց:
6 Աստուծմէ ղրկուած մարդ մը կար՝ որուն անունը Յովհաննէս էր:
Կար մի մարդ՝ Աստծուց ուղարկուած. նրա անունը՝ Յովհաննէս:
7 Ասիկա եկաւ վկայութեան համար՝ որ վկայէ Լոյսին մասին, որպէսզի բոլորը հաւատան անոր միջոցով:
Սա եկաւ որպէս վկայ, որպէսզի վկայի լոյսի մասին, որ բոլորը նրա միջոցով հաւատան:
8 Ինք չէր այդ Լոյսը, հապա եկաւ՝ որպէսզի վկայէ Լոյսին մասին:
Ինքը լոյսը չէր, այլ եկել էր, որ վկայի լոյսի մասին:
9 Ճշմարիտ Լոյսը ա՛ն էր՝ որ կը լուսաւորէ աշխարհ եկող՝՝ ամէն մարդ:
Այդ լոյսն էր ճշմարիտ լոյսը, որ լուսաւորում է ամէն մարդու, որ գալու է աշխարհ:
10 Ինք աշխարհի մէջ էր, եւ աշխարհը եղաւ իրմով, բայց աշխարհը չճանչցաւ զինք:
Նա աշխարհի մէջ էր, եւ աշխարհը նրանով եղաւ, սակայն աշխարհը նրան չճանաչեց:
11 Իրեններուն եկաւ, սակայն իրենները չընդունեցին զինք:
Իւրայինների մօտ եկաւ, բայց իւրայինները նրան չընդունեցին:
12 Բայց անոնց՝ որ ընդունեցին զինք - անոնց՝ որ կը հաւատան իր անունին - իրաւասութիւն տուաւ Աստուծոյ զաւակներ ըլլալու:
Իսկ ովքեր նրան ընդունեցին, նրանց իշխանութիւն տուեց լինելու Աստծու որդիներ, նրանց, որոնք իր անուանը կը հաւատան:
13 Անոնք ո՛չ արիւնէն եւ ո՛չ մարմինի կամքէն ծնան, ո՛չ ալ մարդու կամքէն, հապա՝ Աստուծմէ:
Նրանք ո՛չ արիւնից, ո՛չ մարմնի կամքից եւ ոչ էլ մարդու կամքից, այլ Աստծուց ծնուեցին:
14 Եւ Խօսքը մարմին եղաւ ու մեր մէջ բնակեցաւ, (եւ դիտեցինք անոր փառքը՝ Հօրը միածինի փառքին պէս, ) շնորհքով ու ճշմարտութեամբ լեցուն:
Եւ Բանը մարմին եղաւ ու բնակուեց մեր մէջ, եւ տեսանք նրա փառքը, նման այն փառքի, որ Հայրն է տալիս Միածնին՝ լի շնորհով ու ճշմարտութեամբ:
15 Յովհաննէս վկայեց անոր մասին, եւ աղաղակեց. «Ասիկա՛ է ան՝ որուն մասին կ՚ըսէի. “Ան որ իմ ետեւէս կու գայ՝ իմ առջեւս եղաւ, որովհետեւ ինձմէ առաջ էր”:
Յովհաննէսը վկայում էր նրա մասին, աղաղակում եւ ասում. «Սա՛ է, որի մասին ասացի: Նա, որ իմ յետեւից էր գալու, ինձնից մեծ եղաւ, որովհետեւ ինձնից առաջ կար»:
16 Եւ անոր լիութենէն մենք բոլորս ստացանք շնորհք շնորհքի վրայ:
Մենք բոլորս նրա լրիւութիւնից ստացանք շնորհ՝ շնորհի փոխարէն.
17 Որովհետեւ Օրէնքը տրուեցաւ Մովսէսի միջոցով, բայց շնորհքն ու ճշմարտութիւնը եղան Յիսուս Քրիստոսի միջոցով:
որովհետեւ օրէնքը Մովսէսի միջոցով տրուեց, իսկ շնորհը եւ ճշմարտութիւնը Յիսուս Քրիստոսի միջոցով եղան:
18 Ո՛չ մէկը երբե՛ք տեսած է Աստուած. բայց միածին Որդին՝ որ Հօրը ծոցն է, ի՛նք պատմեց անոր մասին»:
Աստծուն ոչ ոք երբեք չի տեսել, բացի միայն միածին Որդուց, որ Հօր ծոցում է. նա՛ յայտնեց Նրան:
19 Սա՛ է Յովհաննէսի վկայութիւնը, երբ Հրեաները Երուսաղէմէն ղրկեցին քահանաներ ու Ղեւտացիներ, որպէսզի հարցնեն անոր. «Դուն ո՞վ ես»:
Եւ Յովհաննէսի վկայութիւնը այս է. երբ հրեաները Երուսաղէմից քահանաներ ու ղեւտացիներ ուղարկեցին նրա մօտ, որպէսզի հարցնեն նրան՝ դու ո՞վ ես,
20 Ան խոստովանեցաւ ու չուրացաւ, հապա յայտարարեց. «Ես Քրիստոսը չեմ»:
նա խոստովանեց առանց վարանելու. խոստովանեց, թէ՝ ես Քրիստոսը չեմ:
21 Հարցուցին անոր. «Հապա ո՞վ. Եղիա՞ն ես»: Ըսաւ. «Չեմ»: Հարցուցին. «Այն մարգարէ՞ն ես»: Պատասխանեց. «Ո՛չ»:
Ու նրան հարցրին՝ իսկ դու ո՞վ ես, Եղիա՞ն ես: Եւ նա ասաց՝ ո՛չ, չեմ: Իսկ դու մարգարէ՞ն ես: Նա պատասխանեց՝ ո՛չ:
22 Ուրեմն ըսին անոր. «Դուն ո՞վ ես. ըսէ՛ մեզի, որպէսզի պատասխան մը տանինք մեզ ղրկողներուն. ի՞նչ կ՚ըսես քու մասիդ»:
Իսկ ասա՛ մեզ՝ դու ո՞վ ես, որպէսզի պատասխան տանենք նրանց, որոնք մեզ ուղարկեցին. ի՞նչ ես ասում քո մասին:
23 Ըսաւ. «Ես անոր ձայնն եմ՝ որ կը գոչէ անապատին մէջ. “Շտկեցէ՛ք Տէրոջ ճամբան”, ինչպէս Եսայի մարգարէն ըսաւ»:
Նա ասաց. «Ես անապատում կանչողի ձայնն եմ, հարթեցէ՛ք Տիրոջ ճանապարհը, ինչպէս ասաց Եսայի մարգարէն»:
24 Այդ ղրկուածները Փարիսեցիներէն էին,
Եւ եկողները փարիսեցիների կողմից էին:
25 ու հարցուցին իրեն. «Հապա ինչո՞ւ կը մկրտես, եթէ դուն ո՛չ Քրիստոսն ես, ո՛չ Եղիան, ո՛չ ալ մարգարէն»:
Նրանք հարցրին նրան ու ասացին. «Իսկ դու ինչո՞ւ ես մկրտում, եթէ դու չես Քրիստոսը, ոչ էլ Եղիան եւ ոչ էլ մարգարէն»:
26 Յովհաննէս պատասխանեց անոնց. «Ես ջուրո՛վ կը մկրտեմ, բայց մէկը կայ ձեր մէջ՝ որ դուք չէք ճանչնար.
Յովհաննէսը պատասխան տուեց նրանց ու ասաց. «Ես ձեզ մկրտում եմ ջրով. ձեր մէջ կայ մէկը, որին դուք չէք ճանաչում,
27 ի՛նք է իմ ետեւէս եկողը՝ որ իմ առջեւս եղաւ, որուն կօշիկին կապը քակելու արժանի չեմ»:
որ գալու է իմ յետեւից, եւ որի կօշիկների կապերը արձակելու արժանի չեմ ես»:
28 Այս բաները պատահեցան Բեթաբարայի մէջ՝ Յորդանանի միւս կողմը, ուր Յովհաննէս կը կենար ու կը մկրտէր:
Այս բանը պատահեց Բեթաբրիայում, Յորդանանի միւս կողմում, ուր գտնւում էր Յովհաննէսը եւ մկրտում:
29 Հետեւեալ օրը Յովհաննէս տեսաւ Յիսուսը՝ որ իրեն կու գար, եւ ըսաւ. «Ահա՛ Աստուծոյ Գառը՝ որ կը քաւէ աշխարհի մեղքը:
Հետեւեալ օրը նա տեսաւ Յիսուսին, որ գալիս էր դէպի իրեն, ու ասաց. «Ահա՛ Գառն Աստուծոյ, որ վերացնում է աշխարհի մեղքը:
30 Ասիկա՛ է ան՝ որուն մասին կ՚ըսէի. “Իմ ետեւէս մարդ մը կու գայ՝ որ իմ առջեւս եղաւ, որովհետեւ ինձմէ առաջ էր”:
Սա՛ է նա, որի մասին ես ասում էի՝ իմ յետեւից գալիս է մէկը, որ ինձնից մեծ եղաւ, որովհետեւ ինձնից առաջ կար:
31 Ես չէի ճանչնար զայն. բայց եկայ ջուրով մկրտելու, որպէսզի ան յայտնուի Իսրայէլի»:
Եւ ես չէի ճանաչում նրան, բայց որպէսզի յայտնի լինի Իսրայէլին, դրա համար ես եկայ ջրով մկրտելու»:
32 Ու Յովհաննէս վկայելով ըսաւ. «Տեսայ Հոգին, որ աղաւնիի պէս կ՚իջնէր երկինքէն եւ կը մնար անոր վրայ:
Յովհաննէսը վկայեց եւ ասաց. «Տեսայ Հոգին, որ իջնում էր երկնքից որպէս աղաւնի եւ հանգչում նրա վրայ:
33 Ես չէի ճանչնար զայն, բայց ա՛ն որ ղրկեց զիս ջուրով մկրտելու, ի՛նք ըսաւ ինծի. “Որո՛ւն վրայ որ տեսնես թէ Հոգին կ՚իջնէ ու կը մնայ, անիկա՛ է՝ որ Սուրբ Հոգիո՛վ կը մկրտէ”:
Եւ ես չէի ճանաչում նրան. սակայն նա, ով ինձ ուղարկեց ջրով մկրտելու, նա ինձ ասաց. «Ում վրայ տեսնես, որ Հոգին իջնում եւ մնում է, նա՛ է, որ մկրտում է Սուրբ Հոգով»:
34 Ես ալ տեսայ, եւ վկայեցի թէ ա՛յս է Աստուծոյ Որդին»:
Եւ ես տեսայ ու վկայեցի, թէ սա՛ է Աստծու Որդին»:
35 Հետեւեալ օրը Յովհաննէս դարձեալ կայնած էր, եւ իր աշակերտներէն երկուքը:
Հետեւեալ օրը դարձեալ այնտեղ կանգնած էր Յովհաննէսը. նաեւ՝ իր աշակերտներից երկուսը:
36 Նայելով Յիսուսի՝ որ կը քալէր, ըսաւ. «Ահա՛ Աստուծոյ Գառը»:
Եւ նայելով Յիսուսին, որ անցնում գնում էր, ասաց. «Ահաւասիկ Քրիստոսը՝ Գառն Աստուծոյ»:
37 Երկու աշակերտները լսեցին անկէ՝ երբ կը խօսէր, ու հետեւեցան Յիսուսի:
Երկու աշակերտները նրանից լսեցին, ինչ որ խօսեց, եւ գնացին Յիսուսի յետեւից:
38 Երբ Յիսուս դարձաւ եւ տեսաւ թէ անոնք կը հետեւէին իրեն, ըսաւ անոնց. «Ի՞նչ կը փնտռէք»: Անոնք ալ ըսին իրեն. «Ռաբբի՛, (որ թարգմանուելով՝ վարդապետ ըսել է, ) ո՞ւր կը բնակիս»:
Երբ Յիսուս յետ դարձաւ եւ տեսաւ նրանց, որ գալիս էին իր յետեւից, ասաց նրանց. «Ի՞նչ էք ուզում»: Նրանք ասացին նրան. «Ռաբբի՛ (որ թարգմանւում է՝ վարդապետ), ո՞ւր է քո օթեւանը»:
39 Ըսաւ անոնց. «Եկէ՛ք եւ տեսէ՛ք»: Գացին ու տեսան թէ ո՛ւր կը բնակէր. եւ այդ օրը մնացին անոր քով, որովհետեւ գրեթէ տասներորդ ժամն՝՝ էր:
Նա նրանց ասաց. «Եկէ՛ք եւ տեսէ՛ք»: Եկան եւ տեսան, թէ որտեղ էր նրա օթեւանը. եւ այն օրը նրա մօտ գիշերեցին, որովհետեւ մօտ ժամը չորսն էր:
40 Սիմոն Պետրոսի եղբայրը՝ Անդրէաս մէկն էր այն երկուքէն, որ լսեցին Յովհաննէսէ ու հետեւեցան անոր:
Սիմոն Պետրոսի եղբայր Անդրէասը մէկն էր այն երկուսից, որոնք լսեցին Յովհաննէսի ասածը եւ գնացին Յիսուսի յետեւից:
41 Ան նախ գտաւ իր եղբայրը՝ Սիմոնը, եւ ըսաւ անոր. «Գտա՛նք Մեսիան» (որ կը թարգմանուի՝ Քրիստոս).
Սա նախ գտնում է իր եղբայր Սիմոնին ու նրան ասում է. «Գտանք Մեսիային» (որ թարգմանւում է՝ Քրիստոս):
42 ապա տարաւ զայն Յիսուսի քով: Յիսուս նայելով անոր՝ ըսաւ. «Դուն Սիմոնն ես, Յովնանի որդին. դուն Կեփաս պիտի կոչուիս», որ կը թարգմանուի՝ Պետրոս:
Սա նրան տարաւ Յիսուսի մօտ: Նայելով նրան՝ Յիսուս ասաց. «Դու Յովնանի որդի Սիմոնն ես. դու պիտի կոչուես Կեփաս» (որ թարգմանւում է՝ Պետրոս):
43 Հետեւեալ օրը՝ Յիսուս ուզեց Գալիլեա երթալ, եւ գտնելով Փիլիպպոսը՝ ըսաւ անոր. «Հետեւէ՛ ինծի»:
Յաջորդ օրը Յիսուս որոշեց Գալիլիա մեկնել. գտաւ Փիլիպպոսին ու նրան ասաց. «Արի՛ իմ յետեւից»:
44 Փիլիպպոս Բեթսայիդայէն էր. Անդրէասի ու Պետրոսի քաղաքէն:
Եւ Փիլիպպոսը Բեթսայիդայից էր, Անդրէասի եւ Պետրոսի քաղաքից:
45 Փիլիպպոս գտաւ Նաթանայէլը եւ ըսաւ անոր. «Գտա՛նք ան՝ որուն մասին Մովսէս գրեց Օրէնքին մէջ, ու մարգարէներն ալ, այսինքն՝ Յիսուս Նազովրեցին, Յովսէփի որդին»:
Փիլիպպոսը գտնում է Նաթանայէլին ու նրան ասում. «Ում մասին որ Մովսէսը օրէնքի մէջ եւ մարգարէները գրել են, գտանք նրան՝ Յիսուսին՝ Յովսէփի որդուն, Նազարէթ քաղաքից»:
46 Նաթանայէլ ըսաւ անոր. «Կարելի՞ է որ Նազարէթէն բարի բան մը ելլէ»: Փիլիպպոս ըսաւ անոր. «Եկո՛ւր ու տե՛ս»:
Նաթանայէլը նրան ասաց. «Իսկ կարելի՞ է, որ Նազարէթից մի որեւիցէ լաւ բան դուրս գայ»: Փիլիպպոսը նրան ասաց. «Արի՛ եւ տե՛ս»:
47 Յիսուս, երբ տեսաւ Նաթանայէլը՝ որ իրեն կու գար, ըսաւ անոր մասին. «Ահա՛ ճշմա՛րտապէս Իսրայելացի մը՝ որուն ներսը նենգութիւն չկայ»:
Երբ Յիսուս տեսաւ Նաթանայէլին, որ իր մօտ էր գալիս, ասաց նրա մասին. «Ահա՛ իսկական մի իսրայէլացի, որի մէջ նենգութիւն չկայ»:
48 Նաթանայէլ ըսաւ անոր. «Ուրկէ՞ կը ճանչնաս զիս»: Յիսուս պատասխանեց անոր. «Դեռ Փիլիպպոս քեզ չկանչած, դուն՝ որ թզենիին տակն էիր, ես տեսայ քեզ»:
Նաթանայէլը նրան ասաց. «Որտեղի՞ց ես ինձ ճանաչում»: Յիսուս պատասխանեց եւ ասաց նրան. «Փիլիպպոսը դեռ քեզ չկանչած, երբ թզենու տակ էիր, տեսայ քեզ»:
49 Նաթանայէլ պատասխանեց անոր. «Ռաբբի՛, դո՛ւն ես Աստուծոյ Որդին, դո՛ւն ես Իսրայէլի թագաւորը»:
Նաթանայէլը պատասխան տուեց նրան ու ասաց. «Ռաբբի՛, դո՛ւ ես Աստծու Որդին, դո՛ւ ես Իսրայէլի թագաւորը»:
50 Յիսուս պատասխանեց անոր. «Կը հաւատա՞ս՝ քանի որ ըսի քեզի թէ տեսայ քեզ թզենիին ներքեւ: Ասկէ աւելի՛ մեծ բաներ պիտի տեսնես»:
Յիսուս պատասխան տուեց նրան ու ասաց. «Նրա համա՞ր ես հաւատում, որ քեզ ասացի, թէ՝ թզենու տակ տեսայ քեզ. դրանից շատ աւելի մեծ բաներ պիտի տեսնես»:
51 Նաեւ ըսաւ անոր. «Ճշմա՛րտապէս, ճշմա՛րտապէս կը յայտարարեմ ձեզի. “Ասկէ ետք պիտի տեսնէք երկինքը բացուած, եւ Աստուծոյ հրեշտակները՝ որ կ՚ելլեն ու կ՚իջնեն մարդու Որդիին վրայ”»:
Եւ ասաց նրան. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, պիտի տեսնէք երկինքը բացուած եւ Աստծու հրեշտակներին՝ բարձրանալիս եւ իջնելիս մարդու Որդու վրայ»:

< ՅՈՎՀԱՆՆՈԻ 1 >